Ararat

Գեռլա | Արմենոպոլիսը կրկին հայերեն է շնչում

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Հավանաբար յուրաքանչյուր հայ առանձնահատուկ զգացումներ է ունենում, երբ այցելում է Գեռլա քաղաքը, որը կառուցվել է հայերի կողմից ավելի քան 300 տարի առաջ բաց դաշտի վրա և կոչվել Արմենոպոլիս կամ Հայաքաղաք։ Պատմական իրադարձությունները հանգեցրին նրան, որ մի ժամանակ քաղաքի մի քանի հազար հայ ընտանիքների մեծ մասը մեկնեց այլ քաղաքներ կամ արտերկիր, իսկ այսօր միայն մի քանի տասնյակ հայ ընտանիք է մնացել։ Քայլում ես քաղաքի կենտրոնով և հիանում հայերի մի քանի դարի ներկայության վկայություններով՝ քաղաքի սրտում գտնվող հսկա Սուրբ Երրորդություն տաճարով, Սուրբ Սողոմոնի եկեղեցով, ինչպես նաև նրանց կողմից կառուցված տասնյակ երկհարկանի շենքերով։ Այդ պահին վիրտուալ ճամփորդություն ես կատարում դեպի 18-19-րդ դարեր՝ պատկերացնելով հայերի առօրյան և թե ինչպես են նրանք մի փոքր Հայաստան ստեղծել աշխարհի այս գեղատեսիլ անկյունում։ Իսկ եթե հնարավորություն եք ունեցել կարդալ մեծ հայագետ Կրիստոֆ Սոնգոտի հատորները Արմենոպոլիսի հայերի մասին, երևակայական ճանապարհորդությունը լիարժեք կդառնա։

Ավելի քան երկու դար տևած ուշագրավ պատմությունից հետո հայ բնակչության թվի նվազումը հանգեցնում է հայերի ազդեցության թուլացմանը և միայն 1990 թվականից հետո, Ռումինիայի հայոց միության Գեռլայի մասնաճյուղի հիմնադրմամբ հայկական ոգին վերադառնում է քաղաք։ Երեք տասնամյակների ընթացքում շատերը վերագտան իրենց հայկական ինքնությունը և ինտեգրվեցին տեղի համայնքին: Պատահական չէ, որ քաղաքի գլխավոր տոնակատարություններից մեկը Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնն է, որն այս տարի համընկավ Երեխաների պաշտպանության օրվա հետ։

ՌՀՄ Գեռլայի մասնաճյուղը (նախագահ՝ Յոան Էստեգար), Գեռլայի քաղաքապետարանի, Հոլոշի Սիմոն նկարչական խմբակի (համակարգող՝ պրոֆ. Տիրիկա Միհայ) և ՌՀՄ Բայա Մարեի մասնաճյուղի հետ համատեղ նկարչական մրցույթ կազմակերպեցին հայ կաթոլիկ տաճարի դիմացի այգում, ուր ժամանեցին ոչ միայն տեղի հայ համայնքի երեխաները, այլև քաղաքի տարբեր դպրոցների և մանկապարտեզների բազմաթիվ սաներ։ «Նկարենք միասին» կարգախոսով անցկացված միջոցառմանը Արսեն Արզումանյանը հավաքված բոլոր երեխաների համար կարդաց Սուրեն Մուրադյանի «Ինչպես թռչունները թագավոր ընտրեցին» հեքիաթը։ Գեռլայի հայ կաթոլիկ ծխական քահանա Կյուսմյոդի Օթիլոյի և Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցու ծխական քահանա Գալ Հունորի կողմից մատուցված պատարագից հետո բազմաթիվ մարդիկ այցելեցին երեխաներին։ Հյուրերի թվում էին ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, Գեռլայի քաղաքապետ Օվիդիու Դրըգանը և Կլուժի մարզային խորհրդի փոխնախագահ Վակար Իշտվանը։

Ավելի ուշ պաշտոնական ճաշկերույթի ընթացքում հայկական ավանդական պարերով մասնակիցներին ուրախացրեց Գեռլայի «Հայաքաղաք» պարային համույթը (պարուսույց՝ Էրիկա Էստեգար)։

Շնորհավորում ենք Գեռլայի հայերին և մաղթում հնարավորինս շատ հայկական միջոցառումներ քաղաքում։

Նկարները՝ Սեկելի Չոբո, «Արարատ» խմբ․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *