Elena Chobanyan

Գրիգորի Բադալյան․ «ԲԱՐԴՈՒՅԹԸ ՈՐՊԵՍ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏՐԱՎՄԱՅԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ»

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Անձը հոգեբանական և սոցիալական հատկանիշների բարդ համակարգ է: Փիլիսոփաներից շատերը սիրում են հավատալ, որ անհատականությունը չի կարող ռացիոնալացված և կառուցվածքային լինել։ Օրինակ՝ խառնվածքի տիպերի դասակարգման պատմության մեջ առաջինը հիշատակվում է հումորալ տեսությունը, որը հիմնված է հին հույն բժիշկ Հիպոկրատի մ.թ.ա. 5-րդ դարում առաջ քաշած հեղուկների մասին տեսության վրա։ Համաձայն այդ տեսության մարդու օրգանիզմում եղած չորս հեղուկների՝ արյան, լեղու, սև լեղու և ավշի օպտիմալ հարաբերության խախտումը հանգեցնում է տարբեր հիվանդությունների, իսկ պահպանումն ապահովում է առողջ վիճակ։ Բայց, քանի որ մեր հարզացրույցի առանցքային թեման խառնվածքները չեն, այլ տրավմաներն ու բարդույթները, միանգամից անցնենք հոգեբան–պրոֆայլեր Գրիգորի Բադալյանի հետ զրույցին։

  • Անձնային գծերից մի փոքր խոսենք։ Մանկության ժամանակ և/կամ կյանքի ընթացքում ձեռք բերած տրավմաներով անձը, որոնք հետագայում վերածվում են բարդույթների, վերջինները չեն թողնում նրան դրկիցների հետ շփվել որպես իրական անհատ, կամ դիմացինները նրան ընկալում են միայն այդ քաղծկեղանման տրավմաների միջոցով: Ինչպե՞ս կարելի է հասկանալ անհատը կյանքին խանգարող բարդույթ, տրավմաներ ունի՞, թե՞ ոչ, և որ դրանք մեծ խոչընդոտ կարող են լինել նրա կյանքում:
  • Բարդույթը կարծես անձից անկախ գործի։ Երբ այն ակտիվանում է, գիտակցությունը ապաակտիվանում է ու անձը դառնում է է՛լ ավելի իռացիոնալ։ Բացի այդ, բարդույթը, որը բխում է հոգետրավմայից, ունի որոշակի սցենար։ Այն կա՛մ սահմանափակում է անձին որևէ գործողության, վերաբերմունքի կամ վարքի մեջ, կա՛մ դրդում է որևէ կերպով գործել։ Այսինքն՝ այն ազդում է անձի վարքի վրա և վերջինը գործում է համապտասխան այդ բարդույթի, կախված բարդույթի տեսակից և սցենարից։ Բարդույթը բխում է տրավմայից, այն տրավմայի դրսևորում է, բայց տրավման բարդույթ չէ։ Սկզբնաղբյուրը տրավման է, որը դրսևորվում է նաև բարդույթի միջոցով։ Թե՛ բարդույթը, և թե՛ տրավման ունեն համապատասխան դրանց հիմքում գտնվող դեզադապտիվ համոզմունքների սցենար, որոնք հանգեցնում են իռացիոնալ վարքի կրկնման, ռացիոնալ մտածելու անկարողության, հուզական անհասկանալի և ուժգին դրսևորման։ Հենց այդ դրսևորումների միջոցով էլ կարելի է հասկանալ, թե անձն ինչ տրավմա և բարդույթ ունի։
  • Որո՞նք են ամենաշատ հանդիպող բարդույթները, նաև դրանց հետևում թաքնված հոգեկան և հոգեբանական տրամվամերը, հատկապես Հայաստանում, որոնք ավելի հասուն տարիքում դժվար կամ գրեթե անհնարին է վերացնել: Իսկ ո՞ր տրավմաները և վերքերը հնարավոր է վերացնել կամ մեղմացնել ինքնուրույն, առանց մասնագետի միջամտության:
  • Հատկապես մեր հասարակությունում հաճախ են հանդիպում հետյալ բարդույթները․
    մեղքի զգացման բարդույթը՝ սա վերաբերում է մարդու կայուն համոզմունքին, որ ինքը ինչ-որ սխալ բան է արել։ Ուրիշ դեպքերում նա կարող է գերագնահատել իր դերը տարբեր իրավիճակներում՝ հավատալով, որ իր սխալները շատ ավելի մեծ ազդեցություն են ունեցել, քան իրականում կարող է լինել: Բացի անհանգստության մշտական ​​զգացումից, մեղքի բարդույթ ունեցող մարդիկ կարող են նաև ամոթի զգացում ունենալ;
    թերարժեքության բարդույթը՝ մարդը, ում բնորոշ է այս տեսակի բարդույթը, ցուցադրում է ցածր ինքնագնահատական և իրեն համարում է մյուսներից ավելի վատը։ Այդպիսի մարդը կախվածություն է զգում այլ մարդկանցից՝ լինելով նրանց նկատմամբ ստորադաս դիրքում։ Հաճախ նա չի կարող պատասխանատվություն ստանձնել իր կյանքի համար։
    տառապյալի կամ զոհի բարդույթը՝ այս տեսակը վերաբերում է այն մարդուն, ով ինքն իրեն զոհաբերում է հանուն ուրիշների՝ անտեսելով սեփական կարիքները։ Նա հեռու է մղում իր երջանկությունը և երազում է ծառայել մեկ այլ մարդու (կամ մարդկանց): Բացի այդ, տառապյալն ունի անօգնականության ուժեղ զգացում, որ նա այլընտրանք չունի և դարձել է հարազատների և գործընկերների պահանջների զոհը։
    հալածյալի բարդույթը՝ չհիմնավորված վախ, որ ձեզ վիրավորել են:
    Սա մոլորություն է, երբ մարդը հավատում է, որ ինքը վտանգի մեջ է (եթե իհարկե չկա իրական հանգամանք), կամ հալածանքի արդյունքում վտանգի մեջ կընկնի։ Այդօրինակ մարդիկ մեկուսանում են, հավատում են, որ իրենց ոչ ոք չի հավատում, նրանց մոտ առաջանում են պարանոիդային հակումներ։ Նրանց կարող է թվալ, թե ինչ-որ մեկն իր դեմ է տրամադրված։ Նման բարդույթով անձանց շատ դժվար է վստահել մարդկանց։
    գերազանցիկության բարդույթը՝անլիարժեքության բարդույթի հակադիր դիրքում է գերազանցության բարդույթը։ Այս պարագայում մարդը ձգտում է ապացուցել, որ ինքն ավելի լավն է, քան իրականում կա: Սա հոգեկանի պաշտպանական մեխանիզմ է, որը կարող է կապված լինել նարցիսիզմի զարգացման հետ։

Չի կարելի ասել, որ բարդույթները կամ հոգետրավմաները անհնարին է ապաքինել, բայց դրանք կատարել ինքնուրույն շատ քիչ հավանական է։ Անհրաժեշտ է դիմել հոգեթերապևտի, ով անձի հետ միասին կաշխատի տվյալ հարցերի շուրջ։

  • Պատկերացնում եմ, որ երբ մեր երկրում սկսեն դիմել մասնագետներին, անհրաժեշտ  է լինելու բազմապատկել հոգեբանների և հոգեթերապևտների թիվը։ Իսկ ե՞րբ են այդ խանգարող բարդույթների դրսևորման ձևերը հետագայում դառնում պաթոլոգիկ և անհատը հոգեբուժական օգնության կարիք ունենում:
  • Եթե հոգետրավմաներն ու դրանցից բխող բարդույթներն այնքան խորն են, որ անձը ոչ միայն չի կարողանում իր վարքի վրա դրանց ազդեցությունն ինքնուրույն նվազեցնել, այլ նաև այդ ամենը ազդում է այնպես, որ վերջինի ադապտացման արտահայտիչ խնդիր է առաջանում, որը կարող է ուղեկցվել ուժգին տագնապներով կամ տրամադրության երկարատև անկումներով և այլ հոգեկան առողջության խնդիրներով, ապա տվյալ դեպքում շատ հաճախ ոչ միայն հոգեբանական, այլ նաև հոգեբուժական աջակցություն է անհրաժեշտ։
  • Օրինակ՝ դեպրեսիաների (ընկճախտի), նարցիզիսմի կամ, ասենք, շիզոֆրենիայի դեպքում հոգեբանը որևէ մասնագիտական օգնության ձեռք կարո՞ղ է մեկնել, թե՞դա միայն ու միայն հոգեբույժի մասնագիտական տիրույթում է:
  • Հոգեկան առողջության այդ աստիճան խնդիրների դեպքում հոգեբանը աշխատում է հոգեբույժի հետ միասին։ Հոգեբանն աշխատում է այցելուի անձի հետ ու շատ հաճախ խնդիրները հենց հոգեբանական են լինում, այսինքն՝ անձի աստիճանում։ Այդ իսկ պատճառով հոգեբույժ-հոգեբան համագործակցությունը աջակցության լավագույն միջոցն է։ Հոգեբանը շատ ժամանակ նման դեպքերում այցելուին առանց հոգեբույժի չի կարող աջակցել այն պարզ պատճառով, որ այցելուն այն վիճակում է լինում, որ չի էլ կարողանում զրուցել հոգեբանի հետ։
  • Շատ հոգեբաններ նշում են, որ մինչ ծնող դառնալը լավ կլինի կամ խիստ անհրաժեշտ է հոգեբանական դասընթացներ անցնել, որպեսզի տրավմայի չենթարկել ապագա երեխային: Ի՞նչ կասեք այդ մասով:
  • Գտնում եմ, որ անհրաժեշտ է հոգեկրթվել գրեթե բոլորին, անկախ այն հանգամանքից ծնող են, պատրաստվում են դառնալ, թե ոչ։ Հոգեկրթությունը, որը սովորեցնում է անձնային սահմաններ ունենալ, ինչպես սեփական անձի, այնպես էլ դիմացինի, ինքնախնամքով զբաղվել և այլն, շատ կարևոր է անձի կյանքի որակի համար։ Եթե անձն ունի հոգետրավմաներ ու դրանք ակտիվ կերպով դրսևորվում են վարքի, որոշման կայացման ու վերաբերմունքի մեջ, ապա իհարկե անհրաժեշտ է ծանոթանալ սեփական անձի հետ, ծանոթանալ հոգեբանական խնդիրների հետ ու դրանցից հրաժարվել, այլապես այդ ամենը մեծ հավանականությամբ դրսևորվելու է երեխայի հետ շփման ժամանակ ու փոխանցվելու է երեխային։ Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխան ունի անպաշտպան ու շատ զգայուն հոգեկան աշխարհ, որ դեռ չունի ձևավորված անձ, ապա ծնողի տրավմաները կարող են հեշտությամբ փոխանցվել նրան ու ուժգին ազդեցություն ունենան անձի ձևավորման վրա։ Հետևաբար, ծնողը որքան հոգեկան ու հոգեբանական առողջ լինի, այնքան մեծ է հավանականությունը, որ առողջ երեխա կձևավորի։ Իսկ սեփական հոգետրավմաներից ազատվելու ու առողջանալու համար իհարկե անհրաժեշտ է դիմել հոգեբանական խորհրդատվության ու հոգեթերապիայի։
  • Ավելի ավագ սերնդի մարդիկ, օրինակ՝ մեր տատիկ–պապիկները կամ ծնողները միշտ վստահ են, որ նրանք ճիշտ են և երեխաները սխալ՝ գրեթե ամեն օր քննադատելով նրանց, ընդհուպ մինչև հասուն տարիքում և չթողնելով վերջիններին հասունանալ, կայանալ և, հետևաբար, սոցիալական կյանքում հարգանք վայելել։ Ինպե՞ս կարելի է զերծ մնալ ցավ պատճառող և տրամվա ծնող բառերից կամ նախադասություններից, որոնք յուրաքնաչյուր մարդ կարող է օգտագործել կյանքում առանց գիտակցելու դրանց հետևանքների մասին: Չէ՞ որ շատերս հոգեբանական և սոցիալական կարծրատիպերով և մեր ունեցած փորձով ենք պատկերացում կազմում մարդկանց, աշխարհի մասին, դրանց պրիզմայով շփվում և մեզ համար արժեքներ ստեղծում:
  • Այդ ամենի համար անձը նախ պետք է ունենա այդպիսի արժեհամակարգ, համարի, որ իր համար կարևոր է, որ մարդիկ լինեն առողջ կամ գոնե իր հետ շփման արդյունքում անառողջ չդառնան։ Դրանից հետո նոր անհրաժեշտ է իմանան, թե, որ բառերի ու արտահայտությունների կիրառությունն է վնասում այլ մարդկանց, լինեն նրանք երեխաներ, թե մեծահասակներ։ Այդ ամենը իմանալուց հետո հասկանան, թե ինչու են դրանք կիրառում, որոշեն հրաժարվել այդ ամենից, սովորեն, թե դրանց փոխարեն ինչ բառեր ու արտահայտություններ է պետք կիրառել, որոնք վնասող չեն ու անցնել այդ պրակտիկան։
  • Կարծում եք՝ մարդու իրավունքների, անհատական տարածքի մասին լոզունգները, խոսակցություններն ու օրենքները կարևոր են առաջին հերթին հոգեբանության տեսանկյունից՝ կայուն և առողջ հոգեկան աշխարհ ունենալու համար, թե՞դրանք զուտ սոցիալքաղաքական նպատակներ ունեն:
  • Դրանք մեծ կարևորություն ունեն, քանի որ, եթե անձը չունի անձնային տարածք, ապա մեծ ռիսկեր ունի հոգեբանորեն վնասվելու ու անառողջ փոխհարաբերություններ ունենալու։ Այդ իսկ պատճառով անձնային սահմանի առկայությունը խիստ կարևոր է անձի որակյալ ու առողջ կյանքի համար։ Իհարկե, դա ինչ-որ չափով որոշվում է օրենքի տեսանկյունից, որի մասին ասում ենք մարդու իրավունքներ, որպես բարձրագույն արժեք։ Անձը տարածվում է նաև իր տարածքի վրա, հետևաբար մարդու անհատական տարածքները խախտելը նույնն է ինչ անձնային սահմանները խախտելը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է այդ մշակույթի որդեգրումը, որը կարևորում է մարդու անձը և անձնային սահմանները, որոնք տարածվում են մարդու իրավունքների ու անհատական տարածքի կարևորության միջոցով։ Միգուցե այդպիսի լոզունգներ կան, որտեղ կիրառողները շատ բան չեն հասկանում դրա կարևորության մասին, բայց դրանց բովանդակությունն ինքնին շատ կարևոր է անձի հոգեկանի համար։
  • Խոսենք մի փոքր նաև հոգեբանական խնդիրներ առաջացնող բառերի և արտահայտությունների ցուցակից, որի մասին դասընթացի ժամանակ նշվել էր:
  • Ավելի շուտ խոսենք այն հաղորդագրությունների ու վերաբերմունքի տեսակների մասին, որոնք վնասում են հատկապես երեխայի ու շատ դեպքերում տարիքով հասուն անձանց հոգեկանը։ Դրանցից մի քանիսն են․
ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
ԲԱՑԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ
ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ
ՊԻՏԱԿԱՎՈՐԵԼ
ՎԱԽԵՑՆԵԼ
ՊԱՐՏԱԴՐԵԼ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ
ՀՈՒԶԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՑՈՒՅՑ ՉՏԱԼ
ԾՆՈՂԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ
ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ
ԱՐԳԵԼՔ
ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍԱՆՔ
ԱՐԺԵԶՐԿՈՒՄ
ԿԱՍԿԱԾ
ՄԵՂԱԴՐԱՆՔ
ՊԱՅՄԱՆ
ՍԵՓԱԿԱՆ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Վերաբերմունքի այս ձևերն ու դրանցից բխող բառերն ու արտահայտությունները անխուսափելիորեն վնասում են անձին, հատկապես երեխայի անձին և հանգեցնում հոգեկան ու հոգեբանական մի շարք խնդիրների առաջացմանը։

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *