MStepan

Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Բուխարեստում

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Սեպտեմբերի 20-ին Բուխարետսի «InterContinental» հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Ռումինիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձին և Ռումինահայոց միության հիմնադրման 100-ամյակին: Հանդիսությունը Հայաստանի և Ռումինիայի օրհներգերի կատարմամբ բացեց Բրաշովի օպերային մենակատար Սոնիա Հազարյանը։

Ընդունելությանը մասնակցող բարձրաստիճան հյուրերի թվում էին Ռումինիայի Սենատի նախագահ Թեոդոր Մելեշկանուն, Ռումինիայի երրորդ նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ռումինիայի պետական մարմինների ներկայացուցիչներ, երկրի քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, լրատվամիջոցների, ինչպես նաև ռումինահայ համայնքի ու հոգևոր դասի անդամներ:

Բացման խոսքով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ով անդրադարձավ այս տարի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների նշանակությանը և դրանց ազդեցությանը երկրի արտաքին քաղաքականության ու Սփյուռքի համայնքների հետ հարաբերությունների ամրապնդման գործընթացների վրա: Շնորհավորելով ռումինահայ համայնքին ՌՀՄ 100-ամյա հոբելյանի կապակցությամբ` դեսպանն ընգծեց, որ համայքն օգտվում է ռումինական կողմի լիակատար աջակցությունից, ինչի վառ ապացույցը եղավ երկու օր առաջ հայազգի պատգամավորներ Վարուժան Ոսկանյանի և Վարուժան Փամբուկչյանի կողմից նախաձեռնված և Սենատում միաձայն վավերացված օրինագիծը` հոկտեմբերի 12-ը Ռումինիայում որպես «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր» նշելու վերաբերյալ:

Խոսելով հայ-ռումինական հարաբերությունների մասին` դեսպանը, մասնավորապես, նշեց. «Ընթացիկ տարում գրանցվել է զգալի առաջխաղացում, ինչի արդյունքում մեր երկրներն ու ժողովուրդներն էլ ավելի են մոտեցել իրար, այս անգամ, համատեղ ջանքերով ս.թ. ապրիլի 03–ին բացված Բուխարեստ Երևան ավիաչվերթի մեկնարկով, ինչպես նաև նույն օրը Երևանում երկու ԱԳՆ-ների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների միջոցով»: Դեսպանը նաև կարևորեց խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը, ինչի վառ օրինակն է բարեկամության խմբերի նախագահների փոխադարձ այցելությունները Երևան և Բուխարեստ:

Միջոցառման հյուրերին շնորհավորական խոսքով դիմեց Ռումինիայի Սենատի նախագահ Թեոդոր Մելեշկանուն: Նա ջերմորեն շնորհավորեց Հայաստանին և հայ ժողովրդին անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ Ռումինիան բարձր է գնահատում երկու երկրների հարաբերությունները կամրջող և Ռումինիայում իր ուրույն տեղն ու դերակատարությունը ունեցող հայ համայնքի գործունեությունը: Պրն Մելեշկանուն գոհունակություն հայտնեց հայ-ռումինական երկկողմ հարաբերություններում գրանցված դրական առաջնըթացը` առանձնացնելով բազմակողմ ձևաչափով համագործալկցելու առկա նոր հնարավորությունները Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում:

Ներկաներին յուրօրինակ, հուզիչ և միևնույն ժամանակ բազմաբովանդակ ողջույնի խոսք հղեց նաև Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանն: Անդրադառնալով ՌՀՄ կայացման պատմությանը` Վ. Ոսկանյանը նշեց, որ ինքը ևս հանդիսանում է 100 տարի առաջ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և Ռումինիայում ապաստան գտած հայերի ժառանգ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *