«Հայկական բակ» փառատոնը դառնում է Կլուժի հայերի այցեքարտը
Հունիսի 12-ին և 13-ին Կլուժ-Նապոկայում տեղի ունեցավ «Հայկական բակ» փառատոնի երկրորդ թողարկումը, որը կազմակերպել էր Ռումինիայի Հայոց Միության տեղական մասնաճյուղը (նախագահ՝ Կարեն Շեբեշի) Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանի, Բաբեշ-Բոյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի, Կլուժի մարզային խորհրդի և Ռումինիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ: Փառատոնի երկրորդ թողարկումը, որը պետք է տեղի ունենար նախորդ տարի ու հետաձգվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կազմակերպվել էր «Ռոմուլուս Վույա» ազգագրական զբոսայգում: Փառատոնի շրջանակներում կազմակերպվել էր նաև տոնավաճառ՝ տասնյակ տաղավարներով, որոնք ունեցան հարյուրավոր այցելուներ:
ՌՀՄ Կլուժ-Նապոկայի մասնաճյուղի փոխնախագահ Աննա Շտայբը, որը զբաղվում էր կազմակերպչական հարցերով, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չէր սպասում, որ այդքան մարդ կայցելի փառատոնին՝ հաշվի առնելով, որ երկու օրն էլ անբարենպաստ եղանակ էր. «Այս տարվա փառատոնի անցկացման վայրը՝ ազգագրական զբոսայգին, ունի իր հմայքը, և դրան ավելացավ նաև հայերի հմայքը: Ընդհանրապես, այս զբոսայգին հրաշալի վայր է այսպիսի միջոցառումներ կազմակերպելու համար: Մեր հրավիրած խմբերը՝ Գեռլայի «Հայաքաղաք» պարախումբը, ռումինական և գնչուական պարախմբերը, հրեական «Մազել Թով» վոկալ-գործիքային համույթը՝ կլեզմեր երաժշտությամբ, ինչպես նաև հայկական ավանդական երաժշտությունը ներկայացնող «Կոսմին Ռաֆայել Բըլեան Բենդը» յուրահատուկ մթնոլորտ ստեղծեցին, որին կարող ենք ավելացնել բացառիկ տեսականիներով տաղավարները բոլոր ճաշակների համար։ Տաղավարներում ներկայացված աշխատանքներից կցանկանայի նշել Գեորգի Կոլոմարի և Յուլիա Շիմոյի հայկական ավանդական տարազները, որոնք ստեղծել են 17-րդ դարում Մոլդովայից Տրանսիլվանիա տեղափոխված հայերի կրած տարազների նկարագրության հիման վրա, հայկական սուրճը և ըմպելիքները, ինչպես նաև հայկական ավանդական զգեստները Բակըուի տաղավարում, Ալեքսայի՝ Հայաստանից բերված կիսաթանկարժեք քարերից պատրաստած զարդերը, Տըրգու Մուրեշից եկած Լիլիթի ապարանջանները, պայուսակները և կաշվից պատրաստված այլ ապրանքները, Պետրոսի գորգերը, ձեռագործ աշխատանքները Բուխարեստի տաղավարում, «Արարատ» հրատարակչության գրքերը և վերջապես հայերեն տառերի ներկայացումը Տանիայի հետ: Հուսով ենք, որ հաջորդ տարվա թողարկմանը ավելի շատ տաղավարներ կունենանք հատկապես հայկական խոհանոցը ներկայացնելու նպատակով: Բացի այդ, նպատակ ունենք հրավիրել ավելի շատ համույթներ, որպեսզի օրական առնվազն երկու ժամ համերգ ունենանք»։
Փառատոնի բացմանը ելույթ ունեցան Ազգագրական թանգարանի և Հայագիտության ինստիտուտի տնօրեն Տուդոր Սըլըջեանը, Կլուժի մարզային խորհրդի փոխնախագահ Վակար Իշտվանը, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ՌՀՄ պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը: Հյուրերի թվում էին Բուխարեստի, Բոտոշանի, Բակըուի, Բայա Մարեի, Սուչավայի, Գեռլայի, Ռոմանի, Տուլչայի և այլ քաղաքների հայկական համայնքների բազմաթիվ անդամներ: Կարող ենք արձանագրել, որ «Հայկական բակ» փառատոնը դարձել է Ռումինիայի հայ համայնքի կարևոր միջոցառումներից մեկը և Կլուժի հայերի այցեքարտը:
Արսեն Արզումանյան