Հանդիպում Ռումինիայի Սենատի նախագահ Թեոդոր Մելեշկանուի հետ
Ս. թ. դեկտեմբերի 5-ի Ռումինիայի ՀՀ դեսպան Ս․ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Սենատի նախագահ Թեոդոր Մելեշկանուին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ` անդրադարձ կատարելով նաև խորհրդարանական ձևաչափին:
Դեսպան Մինասյանը շնորհակալությամբ անդրադարձավ նախագահ Մելեշկանուի անձնական դերակատարմանը վերջերս Ռումինիայի խորհրդարանի երկու պալատներում Հայաստանին և հայերին վերաբերող միաձայն ընդունված երկու օրինագծերի վավերացման գործում: Կողմերը երկուստեք ընդունեցին, որ ՀՀ-ԵՄ ՀԸԳՄ վավերացման, ինչպես նաև հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակման օրինագծերը կարևոր խթան են հանդիսանում երկու ժողովուրդների և պետությունների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման տեսանկյունից, ինչին իր նպաստն է բերում նաև ռումինահայ համայնքը:
Պրն Մելեշկանուն կարևորեց նաև Բուխարեստ-Երևան ուղիղ ավիաչվերթի գործարկումը, որը պետական մակարդակով երկկողմ համագործակցության իրականացման արդյունավետ քայլերից էր և հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները կկրեն շարունակական բնույթ:
Ռումինիայում ՀՀ դեսպանություն