Elena Chobanyan

Երբ կարծրատիպային հասարակությունը դժվարության մեջ ընկած մարդկանց չափում է օծանելիքի արժողությամբ

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

«Ե՛վ հաշմանդամություն ունեցող անձինք, և՛ հաշմանդամություն չունեցողները կարող են ունենալ այս կամ այն հոգեբանական խնդիրները։  Հաշմանդամությունը կարող է հանգեցնել նրան, որ մարդն ձեռք բերի հետթրավմատիկ սթրեսային խնդիր՝ սոցիոֆոբիա, դեպրեսիա, թերարժեքության բարդույթայլ տագնապային խնդիրներ, կախվածություններ, որոնցից են խմիչքը, թմրանյութերը, սննդից  կախվածությունը, նաև միջանձնային խնդիրները։  Սակայն նրանք, ովքեր չունեն հաշմանդամություն, նույնպես կարող են ունենալ վերը թված հոգեբանական խնդիրները», – նշում է հոգեբան Խոնարհ Հակոբյանը: 

Ի՞նչ հոգեբանական, այդ թվում՝ նաև հոգեբուժական խնդիրներ են առավել հաճախ հանդիպում ՀՀ-ում, որոնց կարող են բախվել հաշմանդամություն ունեցող անձինք

Ցավոք չեմ տիրապետում այդ վիճակագրությանը, թե Հայաստանում որ հոգեբանական խնդիրներն են առավել շատ տարածված։ Սակայն կարող եմ փաստել, որ համաճարակի սկսվելուն պես, թե՛ Հայաստանում և թե՛ ամբողջ աշխարհում ավելացել են տագնապային խանգարումները։ Միաժամանակ, մենք ունեցանք 44-օրյա աղետալի պատերազմը, որն իր հերթին ավելի նպաստեց, որպեսզի մարդկանց մոտ սկսվեն տագնապային խնդիրներ և արմատանան դրանք։ Ամենահայտնի տագնապային խնդիրներից են, օրինակ՝ խուճապային խնդիրը, օբսեսիվ-կոմպուլսիվ հոգեբանական խնդիրները (ՕԿԽ), երբ մարդիկ զգացողություն են ունենում, որ պետք է ինչ-որ բան անընդհատ ստուգել), ընդհանրացված տագնապային խնդիր, հետթրավմատիկ սթրեսային խնդիր և այլն։ Չէ՞ որ բոլորիս համար անչափ կարևոր է զգալ ապահովություն, իսկ մեզ մոտ այն կրկնակի խախտվեց, մի կողմից քովիդը, մյուս կողմից պատերազմը։ Իսկ բազային ապահովության կորստի զգացումը հենց պարարտ հող է նախապատրաստում տագնապային խնդիրների առաջացման համար։

Արդյո՞ք հոգեկան առոջության խնդիրներն ի հայտ են գալիս հաշմանդամություն ձեռք բերելուց հետո, թե՞ արդեն գոյություն ունեցող խնդիրներն ավելի են սրվում այդ ժամանակ։

Այստեղ կարևոր դեր է խաղում այն, թե մարդն ինչպես է վերաբերվում իր հաշմանդամությանը, ինչ գնահատական է տալիս այդ վիճակին, հիվանդությանը։ Եթե նա կարծում է, որ հաշմանդամությունը դատավճիռ է և չի ադապտացվում դրան, ապա, իհարկե, դեպրեսիան և այլ հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ։ Բայց եթե մարդն ունենա համոզմունք, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ և կարելի է ապրել, հարմարվել, ադապտացվել այդ խնդրի հետ, ապա նա կկարողանա վայելել կյանքն ու իրեն լիարժեք զգալ։ 

Այսօր արտերկրում հաշմանդամություն ունեցող շատ անձինք կան, ովքեր ոգևորում են մի խումբ մարդկանց և իրենց այդ վիճակն դառնում է նույնիսկ ամենաուժեղ կողմը, հաջողությունների հասնելու ճանապարհին:

Այդ առիթով կցանկանամ նշել այն հայտնի մարդկանց, ովքեր ունեցել են հաշմանդամություն, սակայն դա նրանց չի խանգարել ապրել, արարել, ստեղծել ու զգալ կյանքի գեղեցկությունը։  Գուցե շատերը չգիտեն, որ հայտնի մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն ունեցել է հաշմանդամություն և դա նրան չի խանգարել ստեղծել իր գեղեցիկ կտավները, ունենալ ցուցահանդեսներ և ապրել լիարժեք կյանքով։ Ուզում եմ նաև մեծ հարգանքվ նշել Միլտոն Էրիկսոնին  հանրահայտ հոգեթերապևտ, հոգեբույժ, ով մեզ հայտնի է իր Էրիկսոնյան հիպնոսով։ Նա  ևս ունեցել է հաշմանդամություն,  երկար տարիներ անցկացրել է անկողնում և չի կարողացել շարժվել, միայն կարողացել է շարժել իր աչքերը։ Ավելին, նա չի կարողացել տարբերել  ձայնի բարձրությունը, ունեցել է դիսլեքսիա, որը նշանակում է որ մարդն ունի կարդալու դժվարություն։ Հետաքրքիրն այն է, որ բժիշկները հույսեր չէին տալիս, որ Էրիկսոնը երբևէ կկարողանա քայլել, սակայն նա չի հանձնվում և հասնում է իր նպատակին: Նա սկսում է քայլել շնորհիվ իր իսկ մշակած վերականգնողական ծրագրի։ Այդպիսով, Էրիկսոնը ապացուցում է, որ մարդն իր հզոր, անկոտրուն կամքով կարող է հաղթահարել հիվանդությունը և անգամ իր փորձով օգնել այլ մարդկանց նմանատիպ խնդիրներով։ Նա ապացուցեց, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ ու այն չի խանգարել, որպեսզի ստեղծի իր հանրահայտ Էրիկսոնյան հիպնոսը, լինի ամերիկյան հոգեբուժության միության անդամ, գրի բազմաթիվ գրքեր, որոնք այսօր էլ արդի են ու օգտակար։ Ներկայումս շատ հայտնի է Էրիկսոնյան քոուչինգը, Էրիկսոնյան հիպնոսը։ Նա մեծ ներդրում ունի նաև նեյրոլինգվիստիկ ծրագրավորման մեջ (ՆԼԾ)։

Այսինքն՝ նա կարողացավ իր թերությունները դարձնել առավելություն։

Ճիշտ այդպես: Եվ նման մարդիկ շատ են մեր կյանքում: Վառ օրինակներից է նաև Նիկ Վույլիչն, ով չունի ձեռքեր և ոտքեր, սակայն ապրում է լիարժեք կյանքով և իր փորձով, մոտիվացնում և օգնում է միլիոնավոր մարդկանց։ Այստեղ մի նուրբ գիծ կա, եկեք հասկանանք, որ բշկության մեջ ընդունված է հաշմանդամությունը կարգերի բաժանաե և եթե համեմատենք առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու կյանքի որակը, իհարկե դա սարեր ձորերի տարբերություն է։ Եվ եթե հոգեբանը պետք է օգնի հաշմանդամություն ունեցող անձին, ապա անպայման պետք է հասկանալ, թե դա թեթև թե ծանր հաշմանդամություն է, հետևաբար հոգեբանական օգնությունը կլինի համապատասխան տվյալ խնդրին։

Ձեր թվարկած խնդիրներից որո՞նք կարող են հագեբանները (հատկապես Հայաստանի հոգեբանները) դյուրացնել: Որո՞նք են ներկայումս անբուժելի՝ հոգեբանական և հոգեբուժական հաստատությունների, մասնագետների նաև գիտության համար:

Հոգեբանն աշխատում է առողջ հոգեկան ունեցող մարդկանց հետ, մինչդեռ հոգեբույժն աշխատում է հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց հետ և կարող է դեղեր նշանակել։ Հոգեբույժը կարող է փաստացի ախտորոշում կատարել և ախտորոշել մարդու մոտ, օրինակ՝ դեպրեսիան։ Հոգեբանը իրավունք չունի փաստացի կատարել ախտորոշում։ ՀՀ-ում հոգեբաններն աշխատում են տագնապային խնդիրներների հետ, ի դեպ դա մեզ հայտնի նևրոզներն են, ուղղակի ներկայումս չենք կիրառում նևրոզ բառը, այլ ասում ենք տագնապային խնդիրներներ։ Նույն ընդհանրացված տագնապային խնդիրն, օրինակ, նախկինում կոչվում էր տագնապային նևրոզ։ Հայաստանում հոգեբաններն աշխատում են տագնապային խնդիրների, թրավմաների, միջանձնային խնդիրների, դեպրեսիայի և որոշ կախվածությունների հետ, օրինակ՝ փոխկախյալ հարաբերություններն անձնային խնդիրներների հետ։ Օգնում են մարդկանց նաև գտնել իրենց թաքնված ռեսուրսները, դառնալ ավելի հասուն, ձեռք բերել անձնային աճ և այլն: Իհարկե անվերջ կարելի է թվարկել։ Հոգեբույժը ևս կարող է աշխատել դեպրեսիվ հիվանդի հետ, բայց նա արդեն կնշանակի դեղեր, որը հոգեբանը երբեք չի կարող անել, քանի որ չունի բժշկական կրթություն։ Հոգեբույժը ևս  աշխատում է  անձնային, փսիխոտիկ խնդիրներների հետ, որոնցից են երկբևեռ աֆեկտիվ խնդիրները, շիզոֆրենիան, փսիխոզը, դեպրեսիան։ Այն հիվանդությունների շարքում, որոնք հազվադեպ են բուժվում կամ գրեթե չեն բուժվում, դասվում են շիզոֆրենյան, փսիխոտիկ խնդիրներները, որոնց հետ հոգեբանը չի աշխատում։

Դեպրեսիան (ընկճախտը) հնարավոր է բուժել կամ նվազեցնել դեղորայքի օգնությամբ: Հոգեբաններն այս հարցում ինչպե՞ս կարող են օգնել հաշմանդամություն ունեցող անձանց:

Դեպրեսիան տրամադրության շեղման խնդիրներ են, որն արտահայտվում է ցածր տրամադրությամբ, մոտիվացիայի ցածր մակարդակով, անակտիվությամբ, և լինում է տարբեր մակարդակների, տեսակների: Թերևս դեպրեսիայի ամենահայտնի թեորեաներից մեկը Ահարոն  Բեկի դեպրեսիվ տրիադան է, որն արտահայտվում է հետևյալ կերպ: Որպեսզի հասկանանք, որ մարդն ունի դեպրեսիա, առաջինը պետք է ունենա բացասական մտքեր ինքն իր մասին, օրինակ՝ ես թերի եմ, ոչ լիարժեք եմ, տգեղ եմ։ Երկրորդ չափանիշը, ըստ Բեկի տրիադայի, բացասական մտքերն ու վերաբերմունքն է աշխարհի, շրջապատի նկատմամբ, օրինակ՝ այս կյանքը դժգույն է, մարդիկ չար են։ Եվ երրորդ չափանիշը՝ բացասական, անհուսալի մտքերն են ապագայի հանդեպ, օրինակ՝ ես երբեք երջանիկ չեմ լինելու, երբեք առողջ և հաջողակ չեմ լինի, իմ կյանքում ոչինչի չեմ հասնի… Դեպրեսիայի բուժման ժամանակ պետք է հասկանալ թե որ տեսակն է, մակարդակը և կախված դրանից նոր նշանակվեն դեղեր և բուժում։ Նայած դեպրեսիայի տեսակից, թե՛ հոգեբանը և թե՛ հոգեբույժը կարող են համատեղ աշխատել մարդու հետ, ստանալով և՛ դեղեր, և՛ անցնելով հոգեթերապիա։ Եթե հաշմանդամություն ունեցող անձի մոտ առկա է դեպրեսիա, կրկին պետք է հասկանալ, թե դա ինչ դեպրեսիա է: Գիտեք, խորը դեպրեսիվ վիճակում մարդը երբեք ինքնուրույն չի գնա ոչ հոգեբանի, ոչ հոգեբույժի, ոչ էլ բժշկի մոտ։ Քանի որ խորը դեպրեսիայի դեպքում մարդու մոտ կարող են լինել նաև սուիցիդալ մտքեր (ինքնասպանության)։ Ապացուցվել է, որ դեպրեսիայի հետ լավ աշխատում է կոգնիտիվ վարքաբանական հոգեթերապիան, ընդունման և պատասխանատվության թերապիան, աչքերի շարժումներով դեսենսիբիլիզացիա և վերամշակում (ԱՇՎԴ) հոգեթերապևտիկ մոտեցումը։ ՀՀ-ում ևս հոգեբաններն աշխատում են դեպրեսիայով հիվանդ մարդկանց հետ` կիրառելով այդ հոգեթերապևտիկ ուղղությունները։

Բայց մինչ դեղորայքին բուժմանը կամ հոգեթերապիային անցնելը, առաջին հերթին ՍԵՐՆ ու հոգացող մարդկանցով շրջապատվելը կօգնի ավելի արագ անցնել ապաքինման և բարդություններն հաղթահարելու ճանապարհը: Ու արժե հասկանալ, որ հաշմանդամություն ունեցող անձինք պատուհաս չեն իրենց հարազատների համար այս սոցիալ-տնտեսական դժվար համակարգում, այլ գուցե լույս հաղորդելու ուժ այն հասարակության որոշ շերտերին, որոնք բրենդային խանութներից տուն չեն գնում և այլոց չափում են օծանելիքի արժողությամբ…

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *