Հեռավար հանդիպում Ֆրանսիայի հայ համայնքի հետ
Սփյուռքը շարունակում է կապի մեջ մնալ: Հաջորդ հեռավար հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի հետ էր: Փարիզից, Մարսելից, Վալանսից, Գրենոբլից, Նիցցայից, Լիլից, Ալֆորվիլից, Նիմից, Պուատիեից, Ռեյմսից, Ամյենից միացել էին տասնյակ համայնքային, մշակութային, կրթական, հոգևոր, երիտասարդական կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց գրասենյակի աշխատանքները, ուղղությունները և առաջնահերթությունները, մանրամասնեց կորոնավիրուսային համավարակի ընթացքում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձ կատարեց «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունմանն ու հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծմանը: Հանձնակատարը հատկապես կարևորեց ֆրանսիացի և ֆրանսահայ բժիշկների ներգավումը հայաստանյան առողջապահական պատերազմին, որն իրագործվեց մեր գրասենյակի, Առողջապահության նախարարության, USAID-ի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ սերտ համագործակցությամբ:
«Մենք ունենք տեսլական, մենք ունենք ծրագրեր և մենք հասկանում ենք դրանց ռազմավարական նշանակությունը»,- ամփոփելով մեկնարկի խոսքը՝ նշեց Զարեհ Սինանյանը:
Այնուհետ մասնակիցները Գլխավոր հանձնակատարին բազմաթիվ հարցեր ուղղեցին ներդրումների, Հայաստանի տնտեսական հնարավորությունների և բարեփոխումների, հայրենադարձության, հայոց լեզվի դասավանդման, ուսումնական գրականության առաքման ուշացումների, հայապահպանության, մշակութային նախաձեռնությունների, լիբանանահայ համայնքում տիրող իրավիճակի, սփյուռքի ներուժի քարտեզագրման վերաբերյալ:
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ