Ararat

ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ Ն. Գ. ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԱՆԴԵՍԻՆ

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Է. Ա. – Ինչպե՞ս եք բացատրում այն փաստը, որ COVID-19 համավարակի շրջանում Ադրբեջանը վերսկսել է ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ։

Ս. Մ. – Հիրավի, հուլիսի 12-ին Ադրբեջանը վերսկսեց աննախադեպ ռազմական էսկալացիա՝ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը, որին աջակցություն էին հայտնել ինչպես գերտերությունները, այնպես էլ միջազգային կազմակերպություններն ու հաստատությունները։ Ավելին, շատ հավանական է, որ համավարակը Ադրբեջանի ագրեսիայի հիմնական պատճառներից էր։ Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանում համավարակն աճում է, և իշխանությունները ստիպված են եղել սահմանել մասնակի կարանտինային ռեժիմ, գրեթե այնպիսին, ինչպիսին գարնան սկզբին էր։

Ակնհայտ է, որ COVID-19-ով պայմանավորված, ճգնաժամը նաև ունեցել է սոցիալ-տնտեսական և ֆինանսական հետևանքներ Ադրբեջանի համար, քանի որ, ինչպես գիտենք, համավարակի արդյունքում անկում են ապրել նավթի գները, իսկ նավթի և գազի վաճառքը Ադրբեջանի հիմնական եկամտի աղբյուրն է. սա է բնակչության շրջանում աճող լարվածության պատճառը։

Այնուամենայնիվ, կցանկանայի ընդգծել, որ ադրբեջանական ագրեսիայի հիմնական պատճառն ատելությունն է, որն Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը սերմանել է ընդդեմ հայերի, անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում՝ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում թե Սփյուռքում։

Չպետք է անտեսել, որ այս տարվա հուլիսի 12-ին սկսված ռազմական ագրեսիային նախորդել են ոչ միայն կոշտ հայտարարություններ, որոնք պարունակել են սպառնալիքներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ, այլև այն փաստը, որ այս տարվա մայիսին, առանց ԵԱՀԿ համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելու և անտեսելով Վիեննայի փաստաթղթերով ստեղծված մեխանիզմները, համավարակի պայմաններում, ադրբեջանական բանակն իրականացրել է լայնածավալ զորավարժություններ, ամենայն հավանականությամբ, նախապատրաստելով հնարավոր հարձակում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների, ինչպես տեղի էր ունեցել 2016թ. ապրիլին, այլև Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա՝ թիրախավորելով հայկական բանակի դիրքերը և խաղաղ բնակավայրերը։ 

Է. Ա. – Ի՞նչ կարող եք պատմել հուլիսյան ագրեսիայի ռազմաքաղաքական առանձնահատկությունների մասին։

Ս. Մ. – Առաջին հերթին պետք է նշել, որ դեպքերը տեղի են ունեցել հենց Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին։ Ադրբեջանական կողմը, օգտագործելով նաև հատուկ նշանակության ստորաբաժանումներ, մի քանի անգամ հարձակման փորձ է կատարել հայկական մարտական այն դիրքերի վրա, որոնք գտնվում են ոչ թե սահմանին, այլ Հայաստանի տարածքում. բացի այդ, հայկական խաղաղ բնակավայրերը հայտնվել են ադրբեջանական հրետանու և հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համատարած կրակի տակ։

Դրա հետ մեկտեղ, հայկական կողմը խուսափել է պատասխան կրակոցներից, որոնք կարող էին թիրախավորել ադրբեջանական բնակավայրերը, թեև ադրբեջանական բանակն իր ուժերը հատուկ տեղակայել էր այդ վայրերում, իսկ հայկական կողմն իրականացրել է թիրախավորված հարվածներ՝ խուսափելով համատարած կրակ բացելուց։ Դրա ապացույցն է այն, որ դեռևս հուլիսյան էսկալացիայի սկզբում հայկական հարվածային ԱԹՍ-ն ոչնչացրել է Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի շտաբը, որի արդյունքում սպանվել են ադրբեջանական բանակի մեկ գեներալ և բարձր հրամանատարական և զինվորական անձնակազմի որոշ ներկայացուցիչներ։ Ի դեպ, այս միջոցառումների ընթացքում առաջին անգամ ռազմական փորձարկման է ենթարկվել ԱԹՍ, որն արտադրվել էր հայկական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունում։ Բացի այդ, հայկական ԱԹՍ-ի հարվածների արդյունքում, Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունների համաձայն, ոչնչացվել է նաև ադրբեջանական բանակի երեք տանկ։

Հուլիսյան մարտերի մեկ այլ կարևոր առանձնահատկությունն այն է, որ ադրբեջանական բանակի համար մեծ անակնկալ եղան հայկական հակաօդային պաշտպանության ուժերի հաջողությունները՝ մեծամասամբ իսրայելական արտադրության ԱԹՍ-ների դեմ պայքարում։ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ այդ օրերին ադրբեջանական բանակը կորցրել է 13 ԱԹՍ, ևս մեկը՝ Orbiter 3-ը, խփվել է այդ օրերին Լեռնային Ղարաբաղում։ Հատկանշական է, որ շնորհիվ հայկական հակաօդային պաշտպանության գործողությունների՝ փաստացիորեն առաջին անգամ ոչնչացվել է իսրայելական արտադրության բարձր տեխնոլոգիական կազմակերպության արտադրանք հանդիսացող՝ Hermes 900 ԱԹՍ, իսկ մյուս կամիկաձե-ԱԹՍ-ն՝ Sky-Striker, նույնպես առաջին անգամ իջեցվել և գրավվել է հայ զինվորների կողմից։ Այս իրադարձությունները որոշիչ ազդեցություն են ունեցել ադրբեջանական ռազմական ղեկավարության վրա, քանի որ վերջինս պատրանք է ունեցել, թե օգտագործելով վերջին սերնդի միլիարդավոր եվրոներ արժեցող ռազմական տեխնիկա, կունենա ռազմական գերակայություն Հայաստանի և Արցախի հանդեպ։ Այդ է պատճառը, որ ադրբեջանական կողմը ոչ հաճելի անակնկալի է եկել՝ հանդիպելով մի կողմից ադրբեջանական բանակի անկարողությանը՝ լայնամասշտաբ կերպով օգտագործել իրենց ԱԹՍ-ները, իսկ մյուս կողմից՝ նույն ռազմատեխնիկան օգտագործելու մեջ հայկական կողմի արդյունավետությանը։

Ամենայն հավանականությամբ, այս փաստը, ինչպես և մյուսները, ազդել է ադրբեջանական բանակի` ՀՀ տարածքում գտնվող բնակավայրերի վրա հարձակումներն ինտենսիվացնելու որոշման վրա։ Ավելի, վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ՝ սպառնալով, որ ադրբեջանական բանակը կարող է հրթիռային հարվածներ հասցնել Մեծամորի ատոմակայանին։ Ակնհայտ է, որ նմանօրինակ պաշտոնական սպառնալիքներն այլ բան չեն, քան միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիաների 1-ին լրացուցիչ արձանագրության դիտավորյալ խախտում։

Է. Ա. – Որո՞նք կարող են լինել հուլիսյան դեպքերի քաղաքական և դիվանագիտական հետևանքները։

Ս. Մ. – Չնայած նրան, որ հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում արդեն քանի օր է՝ հարաբերական զինադադար է, թեպետ և մի քանի օր առաջ հայկական ուժերն իսրայելական արտադրության ԱԹՍ են խոցել Արցախում, իսկ հուլիսի 21-ի լույս 21-ի գիշերը ադբեջանական կողմը կրկին հայկական դիրքերի վրա հարձակման փորձ է կատարել, այնուամենայնիվ, միջազգային հանրության, ինչպես նաև հակամարտող կողմերի հիմնական նպատակը պետք է լինի մի կողմից՝ զինադադարի ռեժիմի ամրապնդումը, մյուս կողմից՝ հետագայում նման միջադեպերի կրկնություն թույլ չտալու համար պայմաններ ստեղծելը։ Փաստացի հուլիսյան ագրեսիայով Ադրբեջանը և΄ ռազմաքաղաքական, և΄ դիվանագիտական իմաստներով բոլորիս վերադարձրել է մինչև 2016թ. ապրիլ եղած վիճակին։ Ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ 2016թ․ ապրիլյան ագրեսիայի դեպքում, այնպես էլ հիմա, հիմնական խնդիրը պետք է լինի հստակ քայլերի ձեռնարկումը ռազմաճակատում վստահության ամրապնդման միջոցառումների,  միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ, ինչպես նաև, բնականաբար, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ  դեսպան Անջեյ Կասպրչիկի (ում առաքելությունն է դիտարկել կողմերի շփման գծում տիրող իրավիճակը) հովանու ներքո դաշտային առաքելություն իրականացնող դիտորդների և հրամանատարների վերադարձը, որոնք դուրս են բերվել գոտուց համավարակի սկզբում։ Մյուս կողմից, բացարձակ անթույլատրելի են Ադրբեջանի հերթական անարդյունք փորձերը՝ խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայիս ձևաչափը՝ հակամարտության խաղաղ կարգավորման միակ գործող ձևաչափը, որը, չնայած բոլոր դժվարություններին, արդեն 3-րդ տասնամյակն է՝ թույլ է տալիս բացառել տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողությունները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության շարունակման անհրաժեշտությունը ներկայումս ավելի է մեծանում՝ հաշվի առնելով այն, որ հուլիսյան էսկալացիան ցույց տվեց ղարաբաղյան հակամարտության հարցում Անկարայի աջակցությունը Բաքվին։ Անկարայի ռազմական և քաղաքական ղեկավարության միանշանակ հակահայկական և ադրբեջանամետ հայտարարություններով, նոստալգիկ նեո-օսմանական զգացմունքներով և հայտարարություններով, ինչպես նաև Հայաստանի հասցեին ռազմական սպառնալիքներով Թուրքիան նորից հիշեցնում է իր մասին որպես երկրի, որի քաղաքական ղեկավարությունը հանդես է գալիս որպես 1915թ. Հայոց ցեղասպանությունը իրականացրածների ժառանգներ և այժմ էլ շարունակում է ագրեսիվ գործողությունները և ամբիցիաները իր սահմանների գրեթե ամբողջ տարածքով, այդ թվում նաև Հարավային Կովկասում։ Ավելին, եվրոպական քաղաքակրթության խորհրդանշաններից մեկի, ուղղափառ եկեղեցական ճարտարապետության իրական մարգարտի՝ Սուրբ Սոֆիայի տաճարի մասին թուրքական իշխանությունների վերջին որոշումը հերթական անգամ ցույց է տալիս, որ թուրքական ներկայիս ղեկավարության և΄ արտաքին, և΄ ներքին քաղաքականության մեջ մոտեցումները մտնում են ուղիղ հակասության մեջ եվրոպական հիմնական արժեքների և ազատությունների հետ։ Մեր կարծիքով եվրոպական արժեքներին և ազատություններին հակասում է նաև ներկայիս ադրբեջանական ղեկավարության արտաքին և ներքին քաղաքականությունը, որի բռնապետական ոճն ուղիղ սպառնալիք է Հարավային Կովկասի այն երկրների համար, որոնք ընտրել են ժողովրդավարական հեղափոխությունների միջոցով փոփոխման ուղին։

Այս համատեքստում հուլիսյան ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ նույնպես ուղղակի սպառնալիք է ընդդեմ Հայաստանի նոր ղեկավարության կողմից ընտրված ժողովրդարավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության։ Մենք հավատում ենք, որ մեր եվրոպացի գործընկերները հաշվի կառնեն սա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարցում իրենց համակարգված դիրքորոշման մեջ, որտեղ մենք Բրյուսելի կողմից, միանշանակ, աջակցություն ենք տեսնում Մինսկի խմբի երեք համանախագահների ջանքերին, այլ նաև Ադրբեջանի հետ ԵՄ փոխհարաբերությունների հարցում։ Հույս ունենք, որ Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի արդյունքում կբացառվեն այնպիսի ձևակերպումները, որոնք կհակասեն նախկինում ԵՄ կողմից ստանձնած պարտավորություններին։

Մենք լիահույս ենք, որ ԵՄ և նրա բոլոր անդամ-երկրները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ կանեն Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում կայուն խաղաղության հաստատման համար։

Հարցազրույցը վարեց Էդուարդ Անտոնյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *