Բըսեսկու՝ ֆեսով թագավորը
Պատմությունը՝ շատ համառոտ. սույն թվի հունիսի 10-ին, Բրյուսելում տեղակայված Եվրոպայի խորհրդարանի երեք պատգամավորներ հրապարակում են համատեղ հայտարարություն: Նրանք են՝ էստոնացի Մարինա Կալյուրանդը (Co-Chair of EU-Armenia ParliamentaryPartnership Comittee, այսինքն՝ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ), Խորվաթիայի ներկայացուցիչ՝ ծնունդով բոսնիացի և երկքաղաքացիություն ունեցող, նախկինում նաև Բոսնիային ներկայացրած Ժելիանա Զովկոն (Standing Raporteur on Azerbaidjan, այսինքն՝ Ադրբեջանի մասով մշտական զեկուցող) և մեզ բոլորիս հայտնի՝ հետկոմունիստական Ռումինիայի երրորդ նախագահ Տրայան Բըսեսկուն (Standing Rapporteur on Armenia, այսինքն՝ Հայաստանի մասով մշտական զեկուցող): Համատեղ հայտարարությունը կոշտ լեզվով դատապարտում է Հայաստանի և Արցախի միչև երրորդ՝ Կապանը Հադրութին կապող 150 կիլոմետրանոց ճանապարհի կառուցման որոշումը: Արի ու տես, որ չգիտես ինչու, Եվրախորհրդարանի երեք պատգամավոր շատ է զայրացած նրանից, որ Հարավային Կովկասում ապրող հայերը իրենք են որոշում իրենց ճակատագիրը: Մենք մեզ հարց ենք տվել, թե արդյոք ի՞նչ է կատարվել: Համացանցում փնտրեցին կենսագրական տվյալներ: Երկու հարգարժամ կին պատգամավորների կենսագրությունները լեցուն են մասնագիտական «հաջողություններով»: Մարինա Կալյուրանդի դեպքում՝ ուսում Միացյալ Նահանգներում, Fulbright կրթաթոշակ, դեսպանի պաշտոններ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Մեքսիկայում, Կանադայում, Ղազախստանում և Իսրայելում, անգամ Էստոնիայի արտաքին գործերի նախարարի պաշտոն (ինչը այնքան էլ հասանելի չէ նախկին խորհրդային երկրների ցանկացաղ կնոջ համար): Նյունքան հաջողակ է եղել Բոսնիայից եկող՝ երկքաղաքացիություն ունեցող խորվաթուհի Ժելյանա Զովկոն, որը Բրյուսելում հայտնվելուց առաջ եղել Բոսնիայի դեսպանը Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում: Իսկ Տրայան Բըսեսկուի մասին ռումինահայերս լավ էլ հիշում ենք բազմաթիվ ուշագրավ պահեր ու տվյալներ:
Արդյոք ինչի՞ համար են երեք պատգամավորները այնքան մտահոգ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով, ինջի՞ համար են այնքան զայրացած իրենց համար խուլ մի շրջանում կառուցվելիք ինչ-որ ճանապարհի պատճառով: Դատելով արդեն հայտնի դարձած դեպքերից, հասկանում ենք, որ Բաքվի իշխանությունները ջանք ու միջոց չեն խնայում իրենց ծավալած քարոզչական և ապատեղեկատվական արշավում, որով ամեն կերպ ջանում են սիրաշահել միջազգային հանրությանը և առանձին քաղաքական գործիչներին գրավել իրենց կողմը: Եվ ահա՝ վերջին 30 տարվա ընթացքում Ադրբեջանը դառնում է Ռումինիայի մեծ բարեկամ և ռազմավարական գործընկեր: Իսկ ադրբեջանա-ռումինական կարծեցյալ ռազմավարական գործընկերության կնքահայրն է նախկին տրանսպորտի նախարար, Բուխարեստի նախկին քաղաքապետ, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բըսեսկուն, ում մի քանի տարի առաջ ռումին հայտնի էսսեագիր և լրագրող Ռադու Կըլին Քրիստեան պիտակավորել ու անմահացրել է որպես «գլխարկով թագավոր»: Վերհիշեցինք Բաքվի ղեկավարության հետ հարաբերություններից նաև այլ դրվագներ՝ փոխայցելությունները, փոխադարձ հաճոյախոսությունները, քիչ թե շատ գաղտնի տնտեսական համաձայնագրերը: Ինչպես նաև Բուխարեստի Տեյ զբոսայգում Ադրբեջանի ներկայիս նախագահի հոր կիսանդրիի տեղադրումը և այգու ծառուղիներից մեկի Հեյդար Ալիևի՝ Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի անդամի անոնուվ կոչելը՝ ի երախտագիտություն այգու նորոգման համար տրամադրված ադրբեջանական փողերի. և դա տեղի էր ունենում մի երկրում, որտեղ նույն գլխարկով թագավորի օրոք մեծ աղմուկ էր բարձրացրել Կումինիզմի դատավարությունը: Կասկածելի անցյալով մարդը անընդհատ մեզ էթիկայի և բարոյականության դասեր է տալիս՝ առ ռումին ազգի բարվոք ընթացքի:
Հայաստանի և Ղարաբաղի միջև ճանապա՞րհ: Ի՞նչ ճանապարհ: Որտեղից որտեղ եվրոպացի երկու հարգարժան կին դիվանագետները և գլխարկով մեր թագավորը էլ չեն կարող քնել զայրույթից: Պարզ է, որ այս ամենի մեջ Բաքվի իշխանությունների մատը կա:
«Շահն է պահում ֆեսը», ասում է մի ռումինական ասացվածք, թեև ֆեսը ռումինացիների ազգային հագուստի մաս երբեք չի եղել: Մուստաֆա Քեմալն արգելում է ֆես կրելը, ֆեսը գլորվում է պատմության ծոցը, սակայն շահերը մնում են:
Շա՞հն է պահում ֆեսը: Այո, անկասկած, և հատկապես այն ամենը, ինչ արել և անում է Տրայան Բըսեսկուն չի կարելի առանձնացնել ինչ-որ ֆեսից: Կա ֆես՝ կա շահ:
Պետրոս Խորասանջյան