2020-2021 ուսումնական տարին UWC Դիլիջանում
31 օգոստոս, Դիլիջան
Նոր ուսումնական տարին պաշտոնապես մեկնարկել է UWC Դիլիջանում: Այս տարի քոլեջ են ընդունվել 228 ուսանող ավելի քան 80 երկրից, ինչը երկուսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Քոլեջի դասախոսական կազմը բաղկացած է 11 երկիր ներկայացնող 26 ուսուցիչներից: Աշխատողների ընդհանուր թիվն այս տարի 73 է, որից 42-ը Հայաստանից են: Բազմաթիվ ուսանողներ սովորում են UWC Դիլիջանում անհատ բարեգործների, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների առատաձեռն աջակցության շնորհիվ: Ուսանողների 30% ստանում է ամբողջական կրթաթոշակ, իսկ ուսանողների 51% սովորում է մասնակի կրթաթոշակով:
Չնայած համավարակի առաջացրած դժվարություններին՝ արդեն ավելի քան 150 ուսանող է ժամանել Դիլիջան: Ներկայում դպրոցը մեկուսացման մեջ է: Կամպուսի տարածքը բաժանված է գոտիների, որպեսզի բացառվի ինքնամեկուսացածների շփումը մյուսների հետ: Ակնկալվում է, որ հոկտեմբերի վերջին բոլոր աշակերտներն ու ուսուցիչներն արդեն կլինեն Դիլիջանում: Մինչ այդ կկազմակերպվի հեռավար ուսուցում Գուգլ Դասարան, ՄենիջԲեք և այլ կրթական առցանց հարթակների միջոցով:
Ավելի վաղ UWC Դիլիջանն անցկացրել էր ՏՏ աուդիտ առցանց ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ինչի արդյունքում դպրոցը կարողացավ արագ արձագանքել հեռավար ուսուցման կազմակերպման կարիքներին՝ կիրառելով էլեկտրոնային ուսուցման գործիքներ և ինտերակտիվ առցանց դասագրքեր, ինչպես նաև ապահովել Գուգլ կրթության համար գործիքի հասանելիությունը բոլոր ուսանողների և ուսուցիչների համար: Այս բոլոր ջանքերի շնորհիվ ուսանողների ուսումնառությունը շարունակվում է անկախ նրանց գտնվելու վայրից, մինչև նրանք կկարողանան ֆիզիկապես ներկա գտնվել կամպուսում:
UWC Դիլիջանը տարեցտարի ընդլայնում է իր մշակութային և կրթական նախաձեռնությունները Դիլիջան համայնքում: 2014-2020 թվականներին Դիլիջանի և տարածաշրջանի ավելի քան տաս հազար բնակիչ է մասնակցել դպրոցում կազմակերպված միջոցառումներին: Նախորդ ուսումնական տարվա ընթացքում քոլեջը կազմակերպել է 3 միջոցառում, նախաձեռնել է 10 համայնքային նախագիծ, 360 տեղացի երեխաներ մասնակցել են շուրջ 500 ժամ տևողությամբ արտադասարանային զանազան նախագծերի:
«Այն փաստը, որ այս տարի ևս UWC Դիլիջանի ուսանողական կազմը ամբողջովին համալրվել է, մեր հանդեպ ծնողների, ուսանողների և մեր ամբողջ համայնքի վստահության իսկական վկայություն է: Չնայած ուսումնական տարվա մեկնարկը փոքր-ինչ տարբերվում է սովորականից, մեր դպրոցը շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի կրթությունը դառնա «միավորող ուժ» և աջակցի տարբեր մշակույթներ ներկայացնող 228 ուսանողի ուշագրավ ճանապարհորդությանը, ինչպես նաև շարունակի իր դրական ազդեցությունը Դիլիջանում և տարածաշրջանում»,- ասում է UWC Դիլիջանի տնօրեն Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը:
UWC Դիլիջանն արդեն ունի շրջանավարտների հինգ սերունդ՝ 502 շրջանավարտ 95 երկրից: Ավարտելուց հետո նրանք փորձում են իրենց ներդրումը բերել դպրոցի զարգացմանը՝ լինի դա դրամական աջակցություն, թե իրենց ժամանակը, գիտելիքն ու փորձը՝ կամավորական աշխատանքի միջոցով: Շրջանավարտների 20% վերադառնում է Դիլիջան՝ կամավոր աշխատանքի:
«Այժմ ապագայի պլաններ կազմելիս անսահման երախտապարտ եմ դպրոցին մեզ համար հրաշալի հնարավորություններ ստեղծելու համար. այստեղ ես ձեռք եմ բերել ամուր հիմք, որն ինձ թույլ է տվել ընդունվել իմ նախընտրած Բրաունի համալսարան»,- ասում է Պրյանկան՝ UWC Դիլիջանի 2020թ. շրջանավարտը Նեպալից:
«Ես ցանկանում եմ ուսումնասիրել քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, որպեսզի ձեռք բերեմ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ հմտություններ: Ապագայում ցանկանում եմ նպաստել իմ համայնքի զարգացմանը՝ ջանքերս ուղղելով սոցիալ-տնտեսական անհավասարության հետևանքով մարդու կյանքի հանդեպ խիստ խախտումների վերացմանը:»
Հետադարձ կապ
Սոնյա Շապիրո
Հանրային կապեր
UWC Դիլիջանի մասին
UWC Դիլիջանը հետխորհրդային տարածքում հիմնված առաջին միջազգային դպրոցն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այն ներկայումս ունի 228 ուսանող աշխարհի ավելի քան 80 երկրից, իսկ դասախոսական կազմը ներառում է 26 ուսուցիչ՝ 11 երկրից։
UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, որոնք այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա և թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական կացությունից։ Ուսանողների ավելի քան 80% ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։
UWC Դիլիջանում ուսումնառության և դասավանդման գործընթացն իրականացվում է «Միջազգային բակալավրիատ» (International Baccalaureate, IB) դիպլոմային ծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-19 տարեկան երիտասարդների համար:
UWC Դիլիջանն արդեն իսկ ունի շրջանավարտների հինգ սերունդ (2016-ից 2020 թվականներ), որոնցից շատերն իրենց ուսումը շարունակում են աշխարհի առաջատար կրթական համալսարաններում, այդ թվում՝ Հարվարդի համալսարանում, Փրինսթոնի համալսարանում, Յեյլի համալսարանում, Կոլումբիայի համալսարանում, Լոնդոնի համալսարանական քոլեջում, Դյուքի համալսարանում, Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի), Մակ-Գիլի համալսարանում, Էդինբուրգի համալսարանում, ՔՀԿԻ-ի (Քեկի հետբուհական կրթության ինստիտուտի) Միներվայի դպրոցում և այլն: