ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ Ն․Գ․ ՊԱՐՈՆ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Սիրելի հայրենակիցներ, Ռումինիայում բնակվող սիրելի հայեր,
Ինչպես գիտեք, Ադրբեջանը, Թուրքիայի բոլորակերպ աջակցությամբ, սեպտեմբերի 27-ի առավոտյան հարձակվել է Արցախի վրա և այսօր էլ թեժ մարտեր են ընթանում ռազմաճակատում: Արցախի զինված ուժերը արժանի հակահարված են տալիս թշնամուն` դուրս շպրտելով նրանց հայրենի տարածքներից:
Դեսպանությունը բարձր է գնահատում Ռումինահայոց միության ղեկավարներ և Ռումինիայի Խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Ոսկանյանի ու Վարուժան Փամբուկչյանի ուղերձը, ինչպես նաև Ռումանահայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի արձագանքն, որտեղ հստակորեն արտահայտված է ռումինահայ համայնքի դիրքորոշումն ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմական գործողությունների վերաբերյալ:
Շնորհակալ ենք ռումինահայ համայնքին իրենց պատմական Հայրենիքին մշտապես ցուցաբերած անվերապահ աջակցության համար: Կոչ ենք անում այս օրերին այն անել առավել համակարգված՝ Ձեր կողմից ցուցաբերած աջակցությանը թիրախային ուղղվածություն տալու նպատակով:
Լիովին կիսում ենք Ձեր արդարացի վրդովմունքն ու մտահոգությունը, Թուրքիայի դրդմամբ, Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի առնչությամբ: Դեսպանությունը մշտական կապի մեջ է Ռումինահայոց միության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինահայոց Թեմի, ինչպես նաև դրանց տարածաշրջանային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ համակարգելու այս օրերին մեր առջև դրված խնդիրները:
Յուրաքանչյուրիս փոքր ներդրումն արդեն իսկ հնարավորություն է անխախտ ու անսասան պահելու մեր Հայրենիքի սահմանները և աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր զինվորներին, քույրերին ու եղբայրներին: