Ռումինիայում լույս տեսած հայերեն առաջին երեք գրքերը
1847թ. հունվար ամսին Մոլդովայի իշխանապետության մայրաքաղաք Յաշում ռումինահայ հայտնի գրող և մտավորական Գեորգե Ասակին իր «Ալբինա» («Մեղու») տպարանում հրապարակում է մի փաստաթուղթ, որում նշվում էր նաև հայերեն հրատարակություններ ունենալու անհրաժեշտության մասին հատկապես հայկական դպրոցների համար։ Բանն այն է, որ արտասահմանից հայերեն դասագրքեր բերելն այնքան էլ հեշտ գործ չէր և, բացի այդ, «դրանք ամբողջությամբ չեն կարող համապատասխան լինել նրան, ինչ անհրաժեշտ է այս տարածաշրջանի համար»։
Այստեղ տպագրված հայերեն գրքերից մեզ հայտնի են երեքը.
– «Բանալի ընթերցանութեան Մեսրովպեան տառից, որ է Այբբենարան եւ հեգերէն Հայկեան Լեզուի», 1847թ., 32 էջ։ Արևմտահայերեն աշխարհաբարով գրված այս դասագիրքը Մոլդովայի հայկական դպրոցների համար նախատեսված այբբենարան էր և ինչպես վերնագրում է նշվում՝ մեսրոպյան կամ հայկական տառերը կարդալու բանալի։ Գրքում նշվում էր, որ դրա նպատակներից մեկն այն էր, որ աշակերտները կարդալիս սովորեն և հասկանան, թե ինչպիսի ազգի և ինչ երկրի զավակ են, որպեսզի հանկարծ չհետևեն անխելք ազգատյաց մարդկանց օրինակին և ամաչեն օտարների առաջ խոստովանել իրենց ազգությունը։ Հ. Սիրունին կարծում է, որ այս դասագրքի հեղինակը Խ. Կարակաշն է, որը տարիներ անց բացելու էր իր անունով տարրական դպրոց։ Նա այդ տարիներին Մոլդովայի հայկական դպրոցների տեսչության ղեկավարն էր և մոլդովահայ ամենահայտնի մտավորականներից մեկը (hայտնի է, որ ավելի վաղ՝ 1845թ. դրությամբ, տեսչության ղեկավարը և Յաշի դպրոցի տնօրենը Սերդար Սերաֆիմ Բաբիկն էր, որի մասին տեղեկանում ենք Պոլսո Մատթեոս պատրիարքի (1844-1848) կոնդակից)։
Հ. Սիրունին գրում է, որ 1927թ. Բուխարեստում հայկական գրադարանի համար տարբեր քաղաքներում գրքեր փնտրելիս հաջողեց այս գրքի մեկ օրինակ գտնել։ Այսօր այն չի գտնվում «Դուդյան» գրադարանում, հավանաբար Հայաստանում կամ Ռումինիայում որևէ վայրում է կամ այլ գրքերի հետ ոչնչացվել է կոմունիստական ռեժիմի հաստատման տարիներին։ Ամեն դեպքում, Ռումինական ակադեմիայի գրադարանը միակ վայրն էր, որտեղ մեզ հաջողվեց գտնել գրքի հենց այդ օրինակի ֆոտոպատճենը, որի մի քանի էջում Բուխարեստի հայկական կենտրոնական գրադարանի կնիքն է։
Այս փոքր գրքով անգամ կարելի է պատկերացում կազմել հայկական ինքնության պահպանման հարցում այդ ժամանակի մոլդովահայ ղեկավարության սրտացավության մասին։ Յաշում տպագրված այս առաջին հայատառ գիրքն ավելի շուտ հայրենասիրական բնույթ ունի, քան մերօրյա այբբենարանի։ Եվս մի քանի մեջբերումներ գրքի վերջից.
«Դու հիմա գիտես, որ հայ ես. աղէկ նայէ, որ հայութիւնը վրայէդ չի կորսընցընես, ազգակիցներդ սիրես, և ազգդ չուրանաս. ամմէնուն առջեւ համարձակ խոստովանիս քու ինչ ազգէ ըլլալդ, գիտնաս թէ նախ սիրելի ազգիդ համար ծներ ես աշխարհը, և վերջը քեզի համար։ Քու ազգիդ օգուտը և անուանը փառաւորիլը ամմէն բանէն վեր սեպէ. ինչու որ եթէ դուն մինակ փառաւորիս և ազգդ վար մնայ, քու փառքդ ոչինչ կը սեպուի. քանզի օտար ազգերը նախ մարդը իր ազգին անունովը կը պատուեն, նոյնպէս ալ իր ազգին անունովը կը նախատեն։ Թէ որ ազգիդ մեջէն մէկու մը վնաս ըլլայ, քեզի ալ կը սեպուի այն վնասը։ Ջանաս ուրեմն ազգիդ մէջը գովելի մարդ ըլլալու, և ազգիդ պատիւը աւելցընելու. ազգիդ բարեացը համար գիշեր ցորեկ մտածելով աշխատելու, և քու ազգակից ընկերներուդ ձեռքէդ եկածին չափ օգնելու։ […] Ջանա՛ ուրեմն, սիրելի որդյակ, քու ազգութիւնդ և ազգիդ ազնուութիւնը պահելու համար՝ նախ քու հայերէն մայր լեզուդ աղէկ սորուիս, և ետքը ուրիշ ազգերուն օգտակար լեզուներուն ալ վարժիս, որոնցմով կրնաս ժամանակաւ երեւելի և անուանի մարդ ազգիդ և աշխարհին մէջը ըլլալու»։
– «Քրիստոնէական վարդապետութիւն ըստ դաւանութեան Հայաստանեայց Սրբոյ եկեղեցւոյն. յարմարեալ ի պէտս նորահասակ մանկանց», 1847թ., 24 էջ։ Այս գիրքը նույնպես նախատեսված էր դպրոցական ցածր դասարանների աշակերտների համար։ Ամբողջ գիրքը կազմված է կրոնական թեմայով հարցերից և պատասխաններից։ Այս գիրքը կարելի է գտնել նաև Հայաստանի ազգային գրադարանում։
– «Աղօթագիրք հոգեշահ խնդրուածոց առ Աստուած ի պէտս Քրիստոսասէր ժողովրդեան Արամեան ցեղիս», 1850թ., 176 էջ։
Այս պատկերազարդ գրքի առաջաբանում նշվում է, որ գիրքը լույս է տեսնում Ռոման քաղաքի կլուչեր (Միջնադարում բոյարական բարձրաստիճան տիտղոս՝ իշխանական պալատի մատակարարման պատասխանատու) Կարապետ Խաչիկյանցի մեկենասությամբ, և կոչ էր արվում հայ ունևորներին ֆինանսավորել այլ գրքերի տպագրությունը։
Հատկանշական է, որ այս գիրքը տպագրվել է «Արամյան» տպարանում, որն, ըստ ամենայնի, գործում էր «Ինստիտուտուլ Ալբինեյի» շրջանակներում։
Այսօր այն գտնվում է Բուխարեստի հայկական «Վիկտորյա և Հովսեփ Դուդյան» թանգարան-գրադարանում և Ռումինական ակադեմիայում։
Ի դեպ, հենց «Ինստիտուտուլ Ալբինեյ» տպարանում է 1853թ. կիրիլիկ ռումիներենով հրատարակվել «Մոլդովայի իշխանապետության հայ համայնքին վերաբերող 1841-1852թթ. փաստաթղթերի հավաքածու» վերնագրով գրքույկը, որը մեծ արժեք ունի 19-րդ դարի կեսերի հայ համայնքի պատմության ուսումնասիրության համար։
1868թ. մարտին Յաշի հայկական թաղականությունը, ֆինանսական դրդապատճառներից ելնելով, որոշում է փակել «Ալբինա» տպագրատան հայկական բաժինը։ Այս համատեքստում ընդգծենք արխիվային փաստաթղթերից մեզ հայտնի դարձած մի ուշագրավ փաստ. Ասակին համաձայնել էր տպագրել հայերեն գրքեր՝ առանց որևէ շահույթ հետապնդելու, իսկ Թաղականությունը կատարում էր միայն գրքերի համար անհրաժեշտ ծախսերը։
Հայ պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյան, 1860-1932) գրում է, որ մի քանի գրքեր կան, որոնց վրա տպագրության տեղը նշված է Յաշ քաղաքը, սակայն մանրամասներ չի հայտնում։ Իհարկե, շատ հավանական է, որ բացի վերոնշյալ երեք գրքից՝ այլ հայերեն հրատարակություններ ևս եղած լինեն։
Արսեն Արզումանյան