Դավիդ Նեագու․ հայկական պատմությամբ և մշակույթով հրապուրված ռումինացի երիտասարդը
Երեք տարի առաջ՝ 2016թ., Բուխարեստի համալսարանի Պատմության ֆակուլտետի ուսանող Դավիդ Լինուս Նեագուն դիմեց ինձ՝ ցանկություն հայտնելով հայերեն սովորել։ Հաճելիորեն զարմացել էի, որովհետև ցանկություն հայտնողը ոչ թե ռումինահայ էր, ինչպես սովորաբար պատահում է, այլ հենց ռումինացի, որը մինչ այդ հասցրել էր բավականաչափ ծանոթանալ հայոց պատմությանն ու մշակույթին։ Ինձ համար հրաշալի պահ էր․ աշխատում էի հայերեն սովորելու մի այլընտրանքային մեթոդի վրա՝ հիմնված տառադարձության վրա և ամբողջապես հարմարեցված ռումիներենին, որը հետագայում հրատարակվեց «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» վերնագրով, և կարիք ունեի մի երիտասարդի, որը բացարձակապես հայերեն չգիտեր, բայց այն սովորելու մեծ ցանկություն ուներ։ Այդ կերպ կարող էի գործնականում տեսնել, թե ինչ պետք է փոխվի, հանվի, ավելացվի կամ մատուցվի այլ կերպ։ Դավիդն այն առաջին ուսանողներից էր, որոնք գրքի հրատարակումից առաջ այս մեթոդով սովորեցին քերականական կանոնների մեծամասնությունը, ինչպես նաև գրել ու կարդալ հայերեն։ Լինելով շատ աշխատասեր՝ կարճ ժամանակահատվածում Դավիդը յուրացրեց հայոց լեզվի բազմաթիվ գաղտնիքներ, բայց ինձ ամենաշատն ուրախացնում էր այն փաստը, որ նա ինչ-որ պահի արդեն տարբեր տեքստերի թարգմանություններ էր կատարում, իսկ մենք իրար միայն հայերեն էինք գրում՝ հայերեն տառերով։ Բնականաբար, Դավիդը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ հայտնաբերելու այս հարուստ լեզվի գանձերը, հատկապես խոսակցական առումով, քանի որ իր շրջապատում հայախոսների քանակը մեծ չէ։ Դավիդի հետ զրուցեցինք հայոց պատմության վերաբերյալ իր ուսումնասիրությունների, ինչպես նաև ապագայի իր պլանների շուրջ (հարցազրույցի հայերեն տարբերակը ներկայացնում ենք որոշ կրճատումներով)։
– Դավիդ, մի քանի տարի է՝ կարդում և գրում ես հայոց պատմության մասին։ Ի՞նչն է քեզ կապում հայ ժողովրդի հետ։
– Իմ կապերը հայոց պատմության հետ սկիզբ առան 2014-2015թթ. ուսումնական տարում, երբ ես Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող էի: Այդ ժամանակ ես սկսել էի ավելի շատ կարդալ Խաչակրաց արշավանքների պատմության մասին, մի թեմա, որը ցանկանում էի ուսումնասիրել դիպլոմային աշխատանքիս համար։ Երբ խաչակիրների մասին ավելի շատ գրքեր և հոդվածներ կարդացի, նկատեցի, որ Սիրիայի հայերը կարևոր դեր են խաղացել Արևելքում լատինական պետությունների պատմության մեջ, ինչպես նաև Արևելյան քրիստոնյաների և Լատինական Եվրոպայի միջև հարաբերություններում: Այս համատեքստում ես որոշեցի, սկզբում զուտ հետաքրքրասիրությունից դրդված, ավելի շատ բան իմանալ հայերի մասին, իսկ հետագայում, երբ ավելի շատ կարդացի և ուսումնասիրեցի, հայտնաբերեցի մի պատմություն և մշակույթ, որն ինձ ավելի ու ավելի գրավեց:
Հայոց պատմությունն ուսումնասիրելու որոշման հարցում մեծ դեր ունեցավ Բուխարեստի համալսարանի Պատմության ֆակուլտետի դասախոս Մարիան Կոմանը, որը համակարգեց իմ դիպլոմային և մագիստրոսական աշխատանքները և ինձ ուղղորդեց դեպի մի ճանապարհ, որը ռումինական ակադեմիական աշխարհում հարաբերականորեն նոր է։ Այդպես, դիպլոմային աշխատանքի համար որոշեցի ուսումնասիրել Մատթեոս Ուռհայեցու ժամանակագրությունը, հատկապես այն հատվածները, որտեղ նա ներկայացնում է Բյուզանդական Կայսրության պատմությունը։ Մի կողմից՝ հայոց պատմությունն ունի որոշակի յուրահատկություններ, որոնցով առանձնանում է հարևան այլ ժողովուրդներից, սակայն մյուս կողմից՝ այն ինտեգրվում է Կովկասի կամ Միջին Արևելքի պատմությանը։ Ինձ հետաքրքրում են հատկապես Կիլիկիայի հայերի և նրանց հարևանների միջև փոխհարաբերությունները 12-14-րդ դարերում:
2018թ․ հոկտեմբերին պրոֆ․ Անդրեյ Պիպպիդիի ղեկավարությամբ սկսեցի դոկտորական աշխատանքիս ուսումնասիրությունները։ Այս աշխատանքը շարունակում է մագիստրոսական աշխատանքի թեման, սակայն ավելի ծավալուն է՝ ներառելով 13-14-րդ դարերում Կիլիկյան Հայաստանի թագավորության և Պապականության միջև հարաբերությունները:
– Մի քանի տարի առաջ որոշեցիր հայերեն սովորել, և ես հիշում եմ, որ կարճ ժամանակ անց արդեն վարժվեցիր հայերեն տառերին և մի շարք քերականական կանոններին: Խոստովանում եմ, որ մեր դասընթացներն ինձ նույնպես շատ օգնեցին մշակել «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գիրքը, այնպես որ դու առաջիններից էիր, որ սկսեցիր հայերեն սովորել այդ մեթոդով: Իհարկե, քեզ համար էական խնդիրը եղել և մնում է հայերեն ավելի շատ խոսելու բացակայությունը: Կապ պահպանու՞մ ես Հայաստանի քո ընկերների հետ:
– Մեր դասընթացներն ինձ շատ օգնեցին ոչ միայն սովորել հայերեն այբուբենը և քերականությունը, այլև քիչ-քիչ սկսել հասկանալ հայոց լեզուն: Իսկապես, ընդհանուր առմամբ, ես օգտագործում եմ հայերենը հայ պատմաբանների աշխատանքները և տարբեր սկզբնաղբյուրներ կարդալու համար։ Բացի այդ, երկու տարի առաջ Հայաստանում մասնակցեցի «Սփյուռք» ամառային դպրոցին և այնտեղ առիթ ունեցա հայերեն խոսելու և որոշակի կապեր հաստատելու ինչպես տեղացի, այնպես էլ սփյուռքի հայերի հետ: Այդ ամառային դպրոցն ավարտելուց հետո փորձում եմ կապ պահել նրանցից մի քանիսի հետ: Ինչ վերաբերում է հայերենի գործածմանը, ապա հնարավորություն ունեմ խոսելու քեզ հետ, ինչպես նաև Բուխարեստի Համալսարանում տիկին Ալիսա Ղուկասյանի դասընթացների շրջանակներում: Քո դասավանդման մեթոդն ինձ օգնեց ավելի լավ սովորել հայերեն քերականությունը և կարողանալ համեմատություններ կատարել հայերենի և ռումիներենի միջև:
– Ապագայի ի՞նչ ծրագրեր ունես և արդյո՞ք Հայաստանն այդ ծրագրերում կա։
– Ապագայում հիմնական նպատակս դոկտորական ուսումս վերջացնելն է, որի համար պետք է կրկին այցելեմ Հայաստան՝ ուսումնասիրելու Մատենադարանում գտնվող սկզբնաղբյուրները։ Դրանից հետո կցանկանայի շարունակել ուսումնասիրություններս Կիլիկյան Հայաստանի պատմության, ինչպես նաև Ռումինիայի և այլ հարավարևելյան եվրոպական հայ համայնքների վերաբերյալ։
– Սիրելի Դավիդ, հաջողություն եմ մաղթում քեզ ապագայում։
– Շնորհակալ եմ։
Արսեն Արզումանյան