Մամուլի հաղորդագրություն Բյուրականի աստղադիտարանից
Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով.
Դիտում Բյուրականի աստղադիտարանից
Ս.թ. նոյեմբերի 11-ին մենք ականատես կլինենք հազվագյուտ երկնային երևույթի՝ Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով։
Այս երևույթը դիտվում է այն ժամանակ, երբ Մերկուրին գտնվում է Երկիր – Արեգակ գծի վրա։ Այն տեղաշարժվում է Արեգակի սկավառակի վրայով, և մեզ տեսանելի է լինում Մերկուրիի մուգ պատկերը Արեգակի վառ ֆոնին: Նոյեմբերի 11-ին անցումը կլինի Գրինվիչի ժամանակով 12։35-ից մինչև 18։04 և կտևի, ընդհանուր առմամբ, 5 ժամ 29 րոպե։ Նախորդ անցման (2016թ.) տևողությունը եղել է մոտավորապես 7,5 ժամ: Այս անցմանը կարելի է հետևել սիրողական աստղադիտակներով և արեգակնային լուսազտիչներով (ֆիլտրերով)։
Ներքին մոլորակների՝ Մերկուրիի և Վեներայի անցումները սովորաբար տեսանելի են բոլոր տեղանքներից՝ բացառությամբ նրանց, որտեղ տվյալ պահին Արեգակը մայր է մտել, սակայն դիտման անկյունից ելնելով՝ անցման սկիզբն ու ավարտը կարող են մի քանի րոպեով տարբեր լինել: Նոյեմբերի 11-ին լավագույն տեսանելիության պայմաններ կլինեն Հարավային և Կենտրոնական Ամերիկաներում, մասամբ՝ Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։
Հայաստանում մասնակի անցումը կդիտվի օրվա վերջում՝ արևամուտի ժամանակ։
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը ՀՀ քաղաքացիների և բոլոր ցանկացողների համար նոյեմբերի 11-ին կկազմակերպի դիտում:
Նշենք, որ հաջորդ նման անցումները տեղի կունենան 2032 և 2039 թվականներին։
Մելինե Ասրյան
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան