ԱՐԽԻՎ-2011․ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղը առաջին անգամ եկավ Ռումանիա
Հունվար 28-29-ը, ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի պատվիրակությունը գտնվեցավ Ռումանիա և Պուքրեշի մեջ գումարեց իր աշխատանքները:
ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի 20 անդամներե կազմված պատվիրակությունը կղեկավարեր Միության նախագահ Ալեքսիս Կովճյան:
Այս մասնաճյուղը ստեղծված է 2008-ին, համակարգելու և զարգացնելու համար համահայկական գործունեությունը Եվրոպայի տարածքին վրա: Աշխատանքներուն մասնակցեցան Պուլկարիո, Ավստրիայի, Ֆրանսայի, Հունաստանի, Իտալիայի, Պելճիկայի և Չեխիայի պատվիրակներ, ինչպես նաև ՀԲԸՄ Եվրոպայի ղեկավարության անդամներ, կեդրոնատեղին՝ Ֆրանսա: Ղեկավարներեն նշենք Սոնա Ադամյան – մասնավոր խորհըրդական (Ֆրանսա), Միշել Սապահ – մասնավոր խորհրդական (Ֆրանսա), Արիս Ադամյան – անդամ (Ֆրանսա), Նիկոլա Դավիթյան – անդամ (Պելճիկա), Աստղիկ Ալեքսանյան – անդամ (Ավստրիա), Ֆլորա Հակոբյան – անդամ (Ֆրանսա), Զարուհի Օտապաշյան – նախագիծերու պատասխանատու (Ֆրանսա) և Իոաննա Տեշամփ – ՀԲԸՄ-ի նախագիծերու պատասխանատու:
Հունվար 28-ին, ուրբաթ ՀԲԸՄ Եվրոպայի ղեկավարությունը Ռումանիո կառավարության կեդրոնատեղին, կառավարական շրջանակին մեջ ընդունվեցավ, Միջէթնիկական Հարաբերություններու Վարչության Համակարգող, Պետական Քարտուղար Աթթիլա Մարկոյի, իսկ կեսօրեն ետք Վարչապետ Էմիլ Պոկի կողմե: Այս հանդիպմանը մասնակցեցավ նաև Ռումանիո մոտ Հայաստանի դեսպան, Նորին Գերազանցություն Համլետ Գասպարյան, իսկ Ռումանիո Հայոց Միության կողմե ծերակուտական, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյան, Ռումանիո Խորհըրդարանի մեջ հայերու ներկայացուցիչ Վարուժան Փամպուքչյան, ՌՀՄ փոխնախագահ պրն. Սիրուն Թերզյան, „Ararat” ամսագրի գլխավոր խմբագիր, ՌՀՄ տնօրինության հանձնախումբի անդամ Միհայ Ստեփան Գազազյան:
Նույն օրը, ՀԲԸՄ պատվիրակությունը այցելեց Ռումանիո Խորհրդարան և Ազգային Փոքրամասնություններու Խումբի գրասենյակին մեջ հանդիպեցավ երեսփոխան Վարուժան Փամպուքչյանին հետ: Պարոն Փամպուքչյանը ներկայացուց Ռումանիո Հայոց Միության գործունեությունը և անմիջապես հաջորդող շրջանի համար շարադրեց համայնքի քանի մը մեծ ծրագիրներ: Խոսքը կվերաբերի ամբողջ գրքերու, ձեռագիրներու, մէր համայնքի ունեցվածքի թվայնացման, մասնավորաբար, որ ունինք Պուքրեշի, Կեռլայի, Տումպրըվենի, Պոթոշանի, Յաշի մեջ և այլուր, ինչպես նաև եկեղեցիներու և բոլոր այն շենքերու պատկերահանում, որ պատկանած են հայերուն: Այս գործողությունները կտևեն քանի մը տարի, որ կարելի պիտի ըլլա իրագործել ձեռք բերելով եվրոպական ֆինանսական աջակցությունը: Պրն. Փամպուքչյանը առաջարկեց, որ ՀԲԸՄ-Եվրոպա-ն օժանդակե այս նախագիծին իր անմիջական միջամտությամբ: Պրն. Ալեքսիս Կովճյան խոսեցավ այն նախագիծերու կազմակերպման մասին, որու մեջ կվերագտնեն և նմանօրինակ գործողություններ, որ առաջարկեց երեսփոխան Վարուժան Փամպուքչյան: Խոսքը կվերաբերի ԱՐՄԵՆԻԱՔԱ ծրագրին, նախագիծ մը, որ ընտրած է Եվրոպական Միությունը և որը սկսած է 2009-ին: Եվրոպական Միության մշակութային ծրագիրը սկսած է 2007-ին, որ պիտի իրագործվի մինչև 2013-ը, որու համար հատկացված է շուրջ 400 միլիոն եվրո:
ԱՐՄԵՆԻԱՔԱ նախագիծին նպատակը կընդգրկե Թուրքիայի, Իրանի և Հայաստանի բոլոր հայկական հուշարձաններու գույքագրումը և այս նախաձեռնության ՀԲԸՄ-ի կողքին կմասնակցին և Centro Studi e Documentazione della Cultura Armena (Իտալիա), Inside Europe (Պելճիկա), իսկ Հայաստանեն՝ Research on Armenian Architecture (RAA):
Ուրբաթ օրվա ծրագիրը կընդգրկեր Ռումանիո մոտ Հայաստանի դեսպան, Նորին Գերազանցություն Պրն. Համլետ Գասպարյանին հետ հանդիպումը:
Շաբաթ առավոտյան, ՀԲԸՄ-Եվրոպա պատվիրակությունը Պուքրեշի Տուտյան Գրադարանին մեջ շարունակեց կազմակերպության աշխատանքները: Այնուհետև, Հայոց Թեմի առաջնորդ, հոգեշնորհ Տաթև վարդապետ Հակոբյանի, Նորին Գերազանցություն Համլետ Գասպարյանի , ՌՀՄ-ի Տնօրինության Հանձնախումբի անդամներու, հայ համայնքի անձնավորություններու ներկայության, ՀԲԸՄ-Եվրոպա-ի նախագահ պրն. Ալեքսիս Կովճյան ներկայացուց կազմակերպության գործունեությունը և ընթացիկ նախագիծերը:
Այնուհետև հյուրերը այցելեցին Պուքրեշի Հայոց մայր տաճարը, առաջնորդական գրադարանը՝ ուղեկցությամբ հայ համայնքի անդամներու: Երեկոյան, Ռումանիո Հայոց Միությունը Capşa ռեստորանին մեջ հյուրերու պատվին հյուրասիրություն կազմակերպեց:
Պուքրեշի ՀԲԸՄ-Եվրոպա-ի համաժողովի կազմակերպումը, ինչպես նաև անոր ներկայացուցիչներուն հանդիպումները հայ համայնքին հետ մեծ իրադարձություն մըն էր, որ յուրահատուկ ձևով գնահատեցին հյուրերը շատ տպավորված ըլլալով այն մշակութային հարստությունով, որ համայնքը կտնօրինե և խոստացան աջակցելու այն բոլոր նախագիծերուն, որ անհրաժեշտ են այս արժեքները պահպանելու համար: Առաջին քայլով պետք է ղրկվին մասնագետներ, որ համագործակցին Ռումանիո հայ մասնագետներու հետ: