Ararat

Երևանից առաջին մարդասիրական օգնությունը հասավ Բեյրութ. 37 հոգի Լիբանանից վերադարձավ Հայաստան

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Կեսգիշերին Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը Բեյրութ հասավ 12 տոննա մարդասիրական բեռով: Հայաստանից Լիբանանի մայրաքաղաք է ուղարկվել դեղորայք, առողջապահական այլ պիտույքներ որպես աջակցություն կառավարությանը:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով առնվազն 160 մարդ է զոհվել, հինգ հազարից ավելի վիրավորներ կան, բազմաթիվ շենք-շինություններ են վնասվել։

Բեյրութի միջազգային օդանավակայանում ամենուր օդանավեր են: Հայաստանի պատվիրակությունը Բեյրութում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, պատվիրակության կազմում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարը, այլ պաշտոնյաներ: Այցի հիմնական նպատակն է հանդիպել հայկական համայնքի հետ, ազգային-եկեղեցական կառույցների հետ, ինչպես նաև վնասներ կրած հայկական համայնքներում ծանոթանալ վնասներին: Այցը փաստահավաք առաքելություն ունի, որպեսզի կարողանան ամբողջացնել գնահատականը և այն ներկայացնել Հայաստանի կառավարությանը` աջակցելու նպատակով:

«Այցի նպատակը երկակի է` մարդասիրական օգնություն բերել Լիբանանի պետությանը և ժողովրդին, ինչպես նաև համայնքին, և երկրորդ նպատակը` ծանոթանալ իրավիճակին, ծանոթանալ համայնքի կարիքներին, համայնքում տիրող տրամադրություններին և ըստ այդմ կազմել և մշակել Հայաստանի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը», – «Ազատության» հետ զրույցում ասաց Զարեհ Սինանյանը:

Նրա փոխանցմամբ` նախատեսված 3 ինքնաթիռից առաջինն է դեռ ժամանել, ամեն ինքնաթիռի մեջ 12 տոննայի մի փոքր ավելի բեռ է. – «Առաջին ինքնաթիռը պարունակում էր առողջապահական դեղորայք և գույք, երկրորդ ինքնաթիռը` առողջապահականի և սննդամթերքի խառնուրդ է, ընդ որում ասեմ, որ Արցախը հոգում է երկրորդ ինքնաթիռի սննդի բոլոր ծախսերը, և երրորդը խառնուրդ է: Առաջին և երրորդ ինքնաթիռները մեծամասամբ Լիբանանի կառավարության և ժողովրդի համար են: Եվ սա խորհրդանշական է, որ մենք չենք ուզում բաժանարար գիծ ստեղծել Լիբանանում ապրող տարբեր ժողովուրդների միջև, քանի որ Լիբանանին երախտապարտ ենք հայ ժողովրդին ցուցաբերած մարդկային վերաբերմունքի համար Ցեղասպանությունից հետո»:

Զարեհ Սինանյանը հայտնեց, որ Լիբանանից Հայաստան տեղափոխվելու ցանկություն հայտնած մարդկանց մի խումբ արդեն իսկ եղել է նախքան պայթյունը: «Մինչ պայթյունը 4 ինքնաթիռներով Հայաստան ժամանել էին մոտ 300 լիբանանահայեր մշտական բնակչության: Մեր եկած ինքնաթիռով 37 մարդ մեկնեց Հայաստան, նրանք մարդիկ են, որ ուզում են գնալ Հայաստան: Մենք բնական է` նման մարդկանց դեսպանատան միջոցով ցուցակագրում ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, և համակարգված ձևով աշխատենք, և այդ գործընթացը շարունակվելու է, սակայն մեր այստեղ այցելելու նպատակը մարդկանց դրդելը կամ մարդկանց քաջալերելը Հայաստան գալը չէ: Մենք հասկանում ենք` որքան կարևոր է այս համայնքը, հասկանում ենք, որ մարդիկ շատ կապված են Լիբանանին և պատրաստ ենք մեր հայրենակիցներին օգնել ցանկացած իրենց որոշման դեպքում: Եթե իրենք մնում են այստեղ, մենք պետք է օգնենք, որ համայնքը վերականգնվի, նրանք, ովքեր ուզում են Հայաստան գալ, Հայաստանը բաց դռներով սպասում է բոլոր հայերին` անկախ նրանից, թե նրանք որտեղից են գալիս:

Մենք հանձնարարական ունենք այստեղ պարզել, թե ինչ նախընտրություն կա մանավանդ լիբանանյան կառավարության կողմից Հայաստանի օգնությամբ շենքը վերականգնելու կամ երկու շինությունները վերականգնելու համար` մեկ-երկու շենք, կախված է նրանից, թե ինչ չափսի շենքեր են, ինչ ծախս է»:

Այսօր առավոտյան Լիբանանի բոլոր եկեղեցիներում և Անթիլիասի Մայր տաճարում Արամ Առաջինի նախաձեռնությամբ պատարագ և պաշտոնական կարգ մատուցվեց ի հիշատակ պայթյունի հետևանքով մահացածների` 13 հայերի և 160-ից լիբանանցիների: Վեհափառը մի քանի պատգամ հղեց լիբանանահայ համայնքին` չվհատվել, չհուսահատվել, իսկ Հայաստանին, սփյուռքի հայությանը համախմբվելու կոչ արեց, շեշտեց, որ կա նյութական աջակցության կարիք: Նա խոսեց նաև պետության պատասխանատուների պատասխանատվության անհրաժեշտության մասին` նկատելով, որ այսօր ժողովուրդը փողոց է դուրս. – «Մենք այդ ժողովրդի հետ ենք և արդարություն կպահանջենք, մենք ժողովրդի հետ ենք և հաշվետվություն կպահանջենք, սակայն զգո՛ւյշ, ժողովրդի ցույցը չշահագործվի այլ նպատակների` քաղաքական կամ համայնքային: Արդարությունը, հաշվետվությունը, պատասխանատվությունը ժողովրդի իրավունքն է պահանջել»:

Տեղի համայնքի ներկայացուցիչներից «Ազատության» հետ զրույցում ասում են` ամեն ընտանիք իր դժվարությունն ունի, սակայն եկեղեցին, միություններն իրենց կողքին են, և հիմա էլ բոլորը փորձում են միմյանց օգնել հաղթահարելու այս աղետը. – «Որքան էլ դրսից օգնություն գա, բայց Հայաստանի օգնությունը զորավիգ կլինի իր զավակներին, որոնք 1915-ից, դժբախտաբար, սփյուռք են դարձել»:

«Միասնություն է պետք, իրար օգնել պետք է, Լիբանանը մեր երկրորդ հայրենիքն է դարձել», – ասում են նրանք:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունին հետևել են հակակառավարական խոշոր ցույցեր: Երեկ այդ ցույցերը վերածվեցին բախումների, ցուցարարները գրավել էին մի քանի նախարարությունների շենքեր, որոնք ոստիկանների ու զինվորականների կողմից ետ են վերցվել: Տեղում, սակայն, իրավիճակը չի խաղաղվում նաև այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարեց, որ սպասվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Ցուցարարների կարգախոսն է «բոլորը», այսինքն` բոլորը պետք է հրաժարական տան` նախագահը, կառավարությունը, խորհրդարանը:

azatutyun.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *