Մենք երբեք չպետք է անտեսենք մեր պարտականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. Վարուժան Ոսկանյանի հարցազրույցը
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվել է, սակայն քայլեր չեղան իրական ճանաչման համար: Աշխարհը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից՝ ներառյալ Համիդյան ջարդերը, կամ Ադրբեջանում տեղի ունեցած հայկական կոտորածները, և միայն մինչ օրս աշխարհում տեղի ունեցող ցեղասպանություններն ու կոտորածներն իրապես դատապարտելու դեպքում է հնարավոր այնպես անել, որ այլևս այդպիսի ոճիրները չկրկնվեն։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց ռումինահայ պետական-քաղաքական գործիչ, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:
– Պարոն, Ոսկանյան,այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը:
-Մի կողմից, իհարկե, պետք է գնահատենք այն փաստը, որ բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ, ինչպես ԵՄ-ն, ընդունել են Ցեղասպանությունը։ Միևնույն ժամանակ, պետք է մտահոգություն հայտնենք, որ բացի Ֆրանսիայի և Շվեյցարիայի կառավարություններից՝ որևէ այլ երկիր չընդունեց որևէ օրենք Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, ինչպես հրեաների Հոլոքոստի դեպքում է։ Ուրեմն կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվել է, սակայն քայլեր չեղան իրական ճանաչման համար, ընդ որում՝ մեզ համար միայն ճանաչման հարցը չէ, այլ նաև փոխհատուցման հարցը։ Չմոռանանք, որ հայկական քաղաքակրթությունը Օսմանյան կայսրությունում թողեց բազմաթիվ տներ, եկեղեցիներ, մշակութային և այլ շինություններ ու փաստեր, որոնք մեր դարավոր ներկայության վկայությունն են։ Այնպես որ, մեզ համար Ցեղասպանության ճանաչումը նշանակում է նաև հայերի իրավունքն իրենց ժառանգության վրա։
Ի վերջո, ցեղասպանությունը նշանակում է, որ իշխանությունները ցանկանում են քաղաքակրթություն ոչնչացնել։ Մարդկությունը պետք է դատապարտող դիրքորոշում ունենա և հնարավորություն տա հայ քաղաքակրթությանը վերապրելու իր մայրենի հողերի վրա, որովհետև այնտեղ մեր հայրենիքն է։ Մի մեծ տարբերություն կա Հոլոքոստի և մեր Ցեղասպանության միջև. երբ հրեաները հասան Գերմանիա, այնտեղ գերմանացիներ էին ապրում, իսկ երբ թուրքերը Արևմտյան Հայաստան եկան, հայերն արդեն դարեր շարունակ այնտեղ էին ապրում։ Ուրեմն, այդ հողերը հայերի, այլ ոչ թե թուրքերի հայրենիքն է։ Իհարկե, չեմ կարող երևակայել, որ հայերը պիտի վերադառնան և ապրեն այնտեղ, բայց եթե Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ոչ միայն տարվա մեջ մի անգամ պատարագ մատուցվի, այլև, ասենք, վանականներ ապրեն, որոնք եկեղեցին միշտ բաց կպահեն, այդ վայրը կարող է ուխտագնացության վայր դառնալ մեզ համար։Կամ ես ինքս կկարողանամ գնալ Էրզրում և հանգիստ փնտրել գերդաստանիս հետքերը և այլն։ Եթե այս տեսանկյունից նայենք Ցեղասպանությանը, դժբախտաբար, դեռ հեռու ենք ինչ-որ լուծումից, որովհետև աշխարհի երկրների բարոյական դիրքորոշումները չվերածվեցին խիստ օրենսդրությունների։
-Թեպետ բազմաթիվ երկրներ ու միջազգային կառույցներ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, սակայն 107 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը: Ձեր կարծիքով, որը պետք է լինի միջազգային հանրության անելիքը: Կոչերից, հորդորներից բացի այլ գործողությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:
– Հնարավոր է՝ մի քանի տարի առաջ կարող էի ասել, որ մոտենում ենք այն եզրագծին, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց վերջին տարիների ընթացքում տեսնում ենք, որ միջազգային հանրությունը չունի ոչ մի իրական գործիք դրա համար։ Ճիշտ այնպես, ինչպես այսօր Ռուսաստանի դեպքում, երբ պատժամիջոցներն առանձնապես մեծ դեր չեն խաղում տվյալ երկրի քաղաքականության մեջ, ինչպես և Իրանի, Հյուսիսային Կորեայի դեպքում։ Նույնը, կարծում եմ, Թուրքիայի դեպքում է։ Վերջերս Թուրքիան փորձում է իր դիրքերը հզորացնել՝ փորձելով կարևոր դեր խաղալ զանազան տարածաշրջանային կոնֆլիկտներում։ Մենք հուսով էինք, որ Թուրքիային ԵՄ անդամ ընդունելու համար վերջինս պիտի այդ պայմանը դնի՝ չցանկանալով, որ Հայոց ցեղասպանության հարցը ԵՄ ներքին հարց դառնա։ Բայց վերջերս տեսնում եմ, որ Թուրքիան կարծես թե հրաժարվում է ԵՄ անդամ դառնալու մտքից և ինչ-որ կերպ նրան ստիպելն ավելի անհնար է դառնում։
-Ձեր կարծիքով, ի՞նչ պարագայում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան ի վերջո կառերեսվի պատմական ճշմարտությանը:
– Դժբախտաբար, հիմա չեմ կարող գտնել այդ քայլերը կամ նախաձեռնությունները, որոնք ստիպեն Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը։ Ինչու՞ եմ օգտագործում այդ բայը՝ ստիպել։ Որովհետև իրենց համար այդ ճանաչումն ազգային անվտանգության հարց է դարձել։ Այսինքն՝ Թուրքիան մտածում է, որ եթե Ցեղասպանությունը ճանաչի, այն կարող է ազդեցություն ունենալ իր սուվերենության վրա, և այս դեպքում ոչ միայն չճանաչեց այն, այլև շարունակեց իր ոճրագործ գործունեությունը, որը շատ լավ երևաց Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Մեր հույսը այն է, որ ժամանակի ընթացքում նոր սերունդը, մտավորականությունը, քաղաքացիական հասարակությունը կզարգանան։ Ես միշտ ասել եմ՝ Թուրքիան չի կարող ժողովրդավարական երկիր լինել՝ առանց Հայոց ցեղասպանության ճանաչման։ Ուրեմն, եթե հուսանք, որ Թուրքիան մի օր պիտի ժողովրդավարական երկիր լինի, այդ ժամանակ էլ Ցեղասպանության ճանաչումը տեղի կունենա։
-Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում արդյոք կա մտավախություն, որ կարող է բավարար ուշադրություն չդարձվի Հայոց ցեղասպանության հարցին: Ի՞նչ պետք է անել այս ուղղությամբ:
-Երբ աշխարհը, մարդկությունը հիշեց Ցեղասպանության հարյուրամյակը, այդ ժամանակ նպաստավոր իրավիճակ էր, և մի քանի կարևոր քայլեր կատարվեցին։ Չմոռանանք Ամերիկյան կոնգրեսի, Պապի, տարբեր երկրների կամ միջազգային կուսակցությունների (օրինակ՝ ԵԺԿ) հայտարարությունները և այլն։ Այդ պահը կորցնելուց հետո մեր աշխատանքը դժվարացավ, որովհետև հիմա մարդկության առջև այլ մարտահրավերներ կան, և մեր հարցը, դժբախտաբար, երկրորդական մնաց։ Դա շատ պարզ երևաց Արցախյան պատերազմի ժամանակ, երբ մեր Հայ դատը, որը նաև Արցախի հարցն է ներառում, օժանդակություն չունեցավ, և չազդեց աշխարհի լիդերների դիրքորոշումների վրա։ Այնպես որ, կարծում եմ, որ իրապես պահն է Սփյուռքի հայերի համաշխարհային համագումար ունենալ, որ բոլոր ջանքերն ի մի բերվեն և առանձին-առանձին քայլեր չարվեն։ Բայց դրա համար Հայ եկեղեցիները, կուսակցությունները, կազմակերպությունները և Հայաստանի ու Արցախի իշխանությունները, բոլորով պիտի սեղանի շուրջ նստենք, շեշտեմ՝ կլոր սեղանի շուրջ, այսինքն՝ ոչ մեկը չպետք է սեղանի գլխին կանգնի։ Այդպիսի մի փորձ եղավ 2015 թվականին, որին, դժբախտաբար, հետամուտ չեղանք և չզարգացրեցինք այդ նախաձեռնությունը։ Եվ ուրեմն, այսօր Հայոց ցեղասպանության հարցը մեր հարցն է՝ ինչպես պետք է հզորանանք և մեր հզորությունը տարածենք աշխարհով մեկ։
-Այս օրերին տեղի է ունենում երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի միջև: Ըստ Ձեզ, այդ գործընթացն ի՞նչ ձևով կարող է ազդեցության ունենալ Հայոց ցեղասպանության հարցի վրա:
– Եթե Հայաստանն ընդունի, որ դիվանագիտական կապերը պետք է հաստատվեն առանց Ցեղասպանության հարցը դնելու, դա կնշանակի, որ Ցեղասպանության հարցը փակված է։ Դա պետք է որպես նախապայման լիներ միջազգային օրակարգում միշտ մնալու համար։ Վերջերս նկատեցի, որ թե Արցախյան հիմնահարցի, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունները փորձում են համադրել մեր ավանդական հարցերը այժմյան իրականության հետ։ Եթե Հայաստանը, այլընտրանք չունենալով, այս իրականության մեջ պիտի ընտրի հայ ժողովրդի խաղաղ գոյակցությունը և զարգացումը, կարող է այնպես լինել, որ Հայաստանը շարունակի երկխոսությունը Թուրքիայի հետ։ Բայց դա նշանակում է, որ Ցեղասպանության հարցը գրեթե փակվում է մեզ համար։
-Հայոց ցեղասպանության թեման շոշափելիս հաճախ է տարբեր հայտնի գործիչների կողմից հնչել «Այլևս երբեք» եզրույթը, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ կարծես թե աշխարհը բավարար դասեր չի քաղել, քանի որ չպատժված հանցագործությունները կրկնվելու միտում ունեն: Որն է առաջադեմ մարդկության անելիքը, որ «Այլևս երբեք»-ը գործնականում լինի տեսանելի:
-Մենք երբեք չպետք է անտեսենք մեր պարտականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որովհետև այդպիսի մեծ ողբերգությունները մայրենի լեզու չունեն, և երբ այդպիսի ոճրագործություն ես գործում որևէ ժողովրդի հանդեպ, դա բոլոր ժողովուրդների դեմ է։ Աշխարհը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից՝ ներառյալ Համիդյան ջարդերը, կամ Ադրբեջանում տեղի ունեցած հայկական կոտորածները, և միայն մինչ օրս աշխարհում տեղի ունեցող ցեղասպանություններն ու կոտորածներն իրապես դատապարտելու դեպքում է հնարավոր այնպես անել, որ այլևս այդպիսի ոճիրները չկրկնվեն։ Չմոռանանք նաև մշակութային ցեղասպանության մասին, որը մեզ համար շատ զգայուն թեմա է։ Իհարկե, դրա ամենավառ վկայությունը Նախիջևանի խաչքարերի ոչնչացումն էր, որով փորձեր կատարեցին իսպառ վերացնել հայկական հետքերը մեր պատմական հայրենիքի ևս մեկ հատվածից։
Հարցազրույցը` Կարեն Խաչատրյանի