Հարցազրույց «Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սևան Գապագեանի հետ
– Հարգելի Սևան, հոկտեմբեր ամսին այցելեցիք Ռումինիա և Բուլղարիա։ Ո՞րն էր Ձեր այցի նպատակը։
– Բոլոր այցելությունների նպատակը, անկախ երկրից կամ համայնքից, մեկն է՝ իրազեկել տեղի հայ (և ոչ միայն) երիտասարդներին և մեծերին Հայաստանում կամավորության սկզբունքով աշխատելու, փորձ հավաքելու, երկիրը հասկանալու, ոչ զբոսաշրջային փորձառություն ունենալու հնարավորությունները։ «Դեպի Հայքի» ծրագիրը կենտրոնացած է 21-32 տարեկան հայերի վրա, իսկ հիմնական նպատակն է՝ ստեղծել մի զրույցի սկիզբ և ոչ թե գալ մեկ անգամ ու հետո թողնել-գնալ, մշտական կապ պահպանել, հնարավորինս շատ տեղեկություններ մատուցել, որպեսզի իրենց համար Հայաստանի հետ կապը միշտ առաջնահերթ լինի։ Առաջին անգամ եղա Բուլղարիայում և Ռումինիայում և մեծ խանդավառությամբ շփվեցի այստեղի համայնքների բազմաթիվ անդամների հետ, որոնցից մի մասի պապերը դարերով ապրել են այս հողում։
– Ի՞նչ է առաջարկում «Դեպի Հայք» ծրագիրը։
– Նկարագրեմ կամավորի շաբաթը. երկուշաբթիից ուրբաթ, ինչպես բոլորս գնում ենք աշխատանքի, իրենք էլ գնում են իրենց «աշխատանքին»։ Ի՞նչ ենք հասկանում «իրենց աշխատանք» ասելով։ Մեկն, օրինակ, ճարտարապետ է, արդեն իսկ ուսանել է, ներկայում ուսանող է կամ, ինչու ոչ, ցանկանում է ուսանել, մյուսը բժշկական ոլորտից է կամ ուսուցիչ է և այսպես շարունակ. մենք Հայաստանում ունենք 850-900 գործընկեր կազմակերպություններ, որոնք հյուրընկալում են մեր մասնակիցներին աշխատանքային օրերին, շաբաթական 30 ժամ աշխատանքի։ Մեր մասնակիցներն այդ ընթացքում փորձ են փոխանակում, սովորում են, աշխատում, բայց դրա դիմաց չեն ստանում աշխատավարձ. ստանում են փորձ, որն իրենց կենսագրության մեջ հաճախ դարձնում է իրենց ավելի մրցունակ, փորձ, որը Բեռլինում, Լոնդոնում կամ Փարիզում ստանալը շատ ավելի բարդ է, որովհետև այնտեղ հարյուրավոր-հազարավոր մարդիկ են դիմում այդ նույն ստաժի կամ պաշտոնի համար, իսկ մեզ մոտ անմիջապես մենք ենք զբաղվում մեր մասնակիցների՝ իրենց իսկ ցանկացած աշխատավայրերում տեղավորելով։ Ծրագիրը, ինչպես տեսնում եք, զբոսաշրջային կամ 5-10 օրվա չէ։ Երեկոյան ժամերի համար մենք ունենք հայերենի դասընթաց շաբաթական երկու անգամ, որովհետև մեր կամավորների 1/3-ը հայերեն շատ քիչ գիտի կամ ընդհանրապես չի խոսում։ Մի օր ունենք մասնագիտական դասընթաց, ծանոթացնում ենք իրենց ոլորտների ներկայացուցիչների հետ, որոնց հետ խոսում են հաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, բնապահպանության, բիզնես և այլ ոլորտների, ինչպես նաև աշխարհաքաղաքական տարբեր իրողությունների մասին։ Շաբաթավերջին մեր կամավորներին տանում ենք քաղաքից դուրս զբոսաշրջային և ոչ զբոսաշրջային նպատակով, կազմակերպում ենք արշավներ գյուղերում և այլն։ Եվ ուրեմն, սա մի լիապարփակ ծրագիր է, մարդը ձանձրանալու տեղ բացարձակապես չունի, անընդհատ շփումների մեջ է տարբեր մարդկանց հետ։ Հիմնականում կիրակին իրենց հանգստի օրն է։
Կամավորներն ապրում են կրկին ոչ զբոսաշրջային պայմաններում՝ մեր հյուրընկալ ընտանիքներից մեկում, որոնք բացում են իրենց դռները, իրենց սրտերն ու հոգիները մեր կամավորների դիմաց, նրանց տրամադրում են առանձին ննջասենյակ։ Ինչու՞ ենք առաջարկում այս ձևը և ոչ թե ինչ-որ հյուրանոց կամ բնակարան։ Մեր կարևորագույն նպատակներից է շփման եզրեր ստեղծել կամավորների և տեղացիների միջև, քանի որ երկիրը ճանաչում ես նաև տեղացիների միջոցով, և որքան հանդիպումներն ավելի շատ լինեն, այնքան ավելի ճիշտ պատկերացում կկազմեն երկրի մասին։ Իհարկե, կեցության հարցը կամավորի հայեցողության տակ է, եթե ուզում է, կարող է բնակարան վարձել։ Այս համատեքստում պետք է նշել, որ ծրագրի միջոցով աշխարհի չորս կողմի հայերը ծանոթանում են իրար հետ, ընկերանում, ինչը ևս մեկ կարևոր նվաճում է բոլորիս համար։
– Ի՞նչ ֆինանսական պարտավորություններ ունի կամավորը։
– Մենք չենք պահանջում գումար մասնակցության կամ կազմակերպչական տարբեր ծախսերի համար, դրանք անում ենք անվճար։ Ծրագրին բավականաչափ մասնակցության դեպքում մենք անգամ վերադարձնում ենք օդանավի տոմսի գումարը։ Կամավորը հոգում է այն ծախսերը, որոնք կաներ իր երկրում՝ հեռախոսի վարձ, տրանսպորտ, ճաշ, ընթրիք և այլն, իսկ էքսկուրսիայի համար վճարում են 4000 դրամ (35 լեյ)։ Եթե կամավորն ապրի հյուրընկալ ընտանիքում և մի փոքր խնայողաբար ապրի, ապա 250-300 եվրոն լրիվ բավարար է մեկ ամսվա համար։ Ծրագիրը լրիվ անվճար չէ, բայց քիչ գումարով մեծ արդյունք են ունենում։
Մեր ծրագիրը նվազագույնը 9 շաբաթ է, առավելագույնը՝ մեկ տարի։ 9-14 շաբաթ կամավորություն անողը ստանում է օդանավի տոմսի արժեքի 50 տոկոսը, 14 շաբաթից ավելի մնացողները ստանում են տոմսի արժեքի 100 տոկոսը։ 18 շաբաթից ավելի մնացոներին մենք նույնիսկ օրապահիկ ենք տալիս, և որքան ավելի երկար է նա մնում, այնքան ավելի մեծ գումար ենք տալիս։
Ավելացնեմ նաև, որ մենք ունենք նաև 4 շաբաթյա ծրագիր 25-31 տարեկանների համար, որոնք արտերկրում աշխատում են և չեն կարող բացակայել մեկ ամսից ավելի։
– Ի՞նչ դժվարությունների կարող են բախվել այն երիտասարդները, որոնք հայերեն չգիտեն։
– Առաջին հերթին, մենք ասում ենք, որ դուք Հայաստան պետք է բերեք ոչ թե հայերենի իմացություն, այլ սիրտ, էներգիա, բաց միտք, սովորելու կամք։ Հայերենի իմացությունն, իհարկե, շատ է օգնում, բայց այն պայման չէ։ Մինչ օրս մեր ծրագրով ժամանած 1900 մասնակիցներից մի քանի հարյուրը հայերեն չգիտեին և ժամանակի ընթացքում առաջընթաց ունեցան։ Անգլերենի իրենց իմացությունը մեզ օգնում է աշխատանքի տեղավորել իրենց ցանկացած վայրում, քանի որ Հայաստանում այսօր շատերն են անգլերեն խոսում։ Այնպես որ, եթե կամավորն անգլերեն խոսում է, այդ հարցը փակված է։ Մենք նույնիսկ ունեցել ենք կամավորներ, որոնք չգիտեին ոչ հայերեն, ոչ անգլերեն։ Օրինակ, 2-3 տարի առաջ մի կամավոր ունեինք Արգենտինայից, որը միայն իսպաներեն էր խոսում, բայց այնպիսի վառ և աշխատասեր անձնավորություն էր, որ հայերեն սովորեց ու բավականին շատ սիրվեց բոլորի կողմից։
– Հիմնականում ի՞նչքան ժամանակով են գալիս կամավորները։
– Միջին եկողը նախընտրում է մնալ 3,5 ամիս, իսկ հիմա ավելի քան 90 մասնակից ունենք։
– Նայենք ծրագրի արդյունքներին։ Ի՞նչ է հետևում ծրագրին մասնակցելուն, ո՞րքան մասնակից է մնում Հայաստանում կամ հետագայում վերադառնում Հայաստան, կամ արդյո՞ք որոշները մասնակցում-գնում են և վերջ, Հայաստանի հետ կապը կորում է։
– Շատ լավ հարց է, որովհետև դա խոսում է մեր հիմնական սկզբունքի մասին։ Մեր նպատակն իրենց հնարավորություն տալն է՝ կապվելու, առնչվելու Հայաստանի հետ այն ձևաչափով, որն իրենք են ուզում։ Մեր հիմնական սկզբունքն է՝ շարունակել աշխատել իրենց հետ նաև կամավորության ժամկետի ավարտից հետո, մենք չենք ասում՝ հաջողություն ձեր կյանքում, մենք ասում ենք՝ «Դեպի Հայքի» հետ առաջին հանգրվանն ավարտեցիք, բացվում է երկրորդ հանգրվանը։ Մենք ուզում ենք աշխատել ձեզ հետ ձեր հաջորդ նպատակների իրականացման գործում, լինի դա կապված Հայաստանի, թե արտասահմանյան հայկական կազմակերպությունների հետ։ Հիմա Հայաստանում ապրում է 180 նախկին մասնակից, բայց մենք ոչ թե երիտասարդներին տեղափոխում ենք Հայաստան, այլ բացում ենք նրանց համար դռներ, իսկ հետագան իրենք են որոշում։ Շատ ուրախալի է, երբ տեսնում ենք, որ իրենց համայնքներ վերադառնալուց հետո մեր շատ մասնակիցներ ավելի ակտիվորեն են ներգրավվում համայնքային կյանքին։
– Սիրելի Սևան, վերջում կցանկանայի կամավորների հետ կապված 1-2 հետաքրքիր պատմություն պատմեք։
– Ամենահետաքրքիր պատմություններից են աշխարհի տարբեր ծայրերից եկած մասնակիցների միջև ամուսնությունները. միայն վերջին շրջանում երկու հարսանիք ունեցանք, բոլոր 4 հոգին էլ մեր նախկին մասնակիցներն էին։ Մի զույգը ԱՄՆ Ֆլորիդա և Նյու Յորք նահանգներից էր, մյուսը՝ Ավստրալիայից և Գերմանիայից։ Շատ խորհրդանշական էր, որ երկու զույգերն էլ ամուսնացան նույն օրը՝ հոկտեմբերի հինգին, և նույն եկեղեցում՝ Սաղմոսավանքում, մի ժամվա տարբերությամբ՝ մինչ այդ իրարից տեղյակ չլինելով։ Տասնյակներով ամուսնության դեպքեր ունենք։ Մարդիկ արդեն հարցնում էին մեզ՝ կարո՞ղ է դուք ամուսնության գործակալություն եք (ծիծաղում է – Ա.Ա.)։ Եվս մեկ հետաքրքիր դեպք ունենք, երբ հյուրընկալ ընտանիքի հայրը դիմել էր Տորոնտոյից ժամանած մեր մասնակցին, որ դառնա իրենց կնքահայրը, քանի որ սովետական շրջանում եկեղեցով չէին ամուսնացել և ցանկանում էին այդ բացը լրացնել։ Եկեղեցում նրանց նկարը մինչ օրս պահում եմ ինձ մոտ։ Ընդհանրապես, հյուրընկալ ընտանիքների հետ կապը բավականին ամուր է։ Հայաստան վերադառնալիս մինչ մեր գրասենյակ գալը մեր նախկին մասնակիցներից շատերն առաջին հերթին հանդիպում են հյուրընկալ ընտանիքների անդամների հետ, մասնակցում նրանց ընտանեկան միջոցառումներին։
Հ. գ. «Դեպի Հայք» հիմնադրամի գործունեությանը կարող եք ծանոթանալ https://www.birthrightarmenia.org/en կայքէջում։
Արսեն Արզումանյան