redactia

ԲՈԳԴԱՆ ԿԸՈՒՇԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Արշակ Բոգդան Կըուշ (Արշակ Պողոսյան, 25 հունիս 1920 – 21 մարտ 2000, Բուխարեստ). հայազգի բանաստեղծ, լրագրող, հուշագիր, երգահան և բեմադրիչ: Սերում էր կոնստանցաբնակ բազմանդամ հայ ընտանիքից, որը ծագումով Շապին-Գարահիսարից էր:
Դեռ մանուկ հասակից դրսևորում է բանաստեղծական հակում, մուտք է գործում «գրական աշխարհ» իր առաջին ստեղծագործությամբ՝ Վարդան Մամիկոնյանին նվիրված պոեմով: Հաճախում է Կոնստանցայի հեղինակավոր «Ծեր Միրչա» վարժարանը, իսկ հետո Արվեստի բանվորական կոնսերվատորիայի թատրոնի և բեմադրության բաժինը: Ծանոթանում է հրապարակախոս Վարդան Մեսթուճյանի հետ, որը «Արարատ» („Ararat”) թերթի էջերում հրապարակում է նրա բանաստեղծությունները: Նրա բանաստեղծությունները լույս են տեսնում նաև այլ պարբերականներում՝ «Դոբրոջյան ժամանակագրություն» („Cronica dobrogeană”), «Ձգտում» („Năzuința”), «Հարթակ» („Rampa”): Արդեն տասներկու տարեկանում սեփական ուժերով խմբագրում է «Ծովային հետախույզը» („Cercetașul de la mare”) հանդեսը՝ օգտագործելով Բոգդան Կըուշ գրական ծածկանունը, որը հետագայում դարձնելու է իր օրինական անունը: Պերպեսիչիուսը և Ջորջե Կըլինեսկուն նկատում են երիտասարդ Բոգդան Կըուշի տաղանդը, որը դառնում է այն ժամանակվա մի քանի հեղինակավոր պարբերականների թղթակիցը՝ «Գրական թերթ» („Jurnalul literar”), «Ժամանակ» („Timpul”), «Հումոր» („Umorul”)։ Արդեն տասնհինգ տարեկանում մամուլի էջերում հրապարակել էր վեպ և բանաստեղծությունների հատոր՝ «Գարունը կյանքում» („Primăvara în viață”)։ Միջպատերազմյան շրջանում արդեն ճանաչված էր որպես երաժշտական երկերի խոսքերի հեղինակ և երաժշտական թատրոնի բեմադրիչ: Դեռ 1941 թվականին նրա անունն ընդգրկված էր «Խորհրդածության հանրագիտարանում» („Enciclopedia Cugetarea”) որպես գրող և հրապարակախոս: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ուղարկվում է ռազմաճակատ, որտեղ խմբագրում է 4-րդ բանակի թերթը՝ «Ռազմաճակատ»-ը („Frontul”)։ Սակայն քչերին է հայտնի, որ առաջնագծում կռվող զինվորների տրամադրությունը բարձրացնելու նպատակով Արշակ Բոգդան Կըուշը «հրատարակում է» ձեռքով գրված ու պատկերազարդված հումորային թերթ՝ «Ստեպղին» („Morcovul”) պատկերավոր վերնագրով: Պարգևատրվում է ռումինական զինված ուժերի կողմից:
Հաջորդում է նրա հրապարակախոսական գործունեության համար շատ հարուստ ժամանակաշրջան, երբ հաջորդաբար դառնում է «Բոցը» („Flacăra”), »Հարթակ» („Rampa”) և «Գրական Ռումինիա» („România literară”) թերթերի խմբագրության քարտուղար, հետո աշխատանքի է ընդունվում Ազգագրական և բարբառագիտական հետազոտությունների ինստիտուտում: Զուգահեռաբար, հեղինակում է մի քանի էստրադային ստեղծագործությունների և օպերետների խոսքերը: 1990 թվականից հետո լույս են տեսնում նրա մի քանի հատորները՝ «Հրացանակոթին հենված» („Pe patul armei”), «Հուշեր Սըրինդար փողոցից» („Amintirile unui sărindarist”) և հանրահայտ «Ռումինահայ դեմքեր» („Figuri de Armeni din România”) կենսագրական բառարանը: Միաժամանակ, խորապես ներգրավված լինելով ռումինահայ համայնքի կյանքի մեջ, Բոգդան Կըուշին հաջողվում է վերակենդանացնել «Արարատ» թերթը, որտեղ աշխատում է որպես խմբագրության գլխավոր քարտուղար և որի էջերում հրապարակում է զանազան նյութեր մինչև կյանքի ավարտը: Մեծարվել է Ռումինիայի Հայոց Միության կողմից, որը նրան շնորհել է իր հատուկ մրցանակը: Նա իր փորձառությամբ լուրջ ներդրում է ունեցել այսօրվա «Արարատ» և «Նոր կյանք» թերթերի խմբագրակազմի կայացման գործում: Ռումինահայ համայնքի և ընդհանրապես ռումին մշակութային կյանքի նշանավոր դեմք հանդիսացած Արշակ Բոգդան Կըուշը կյանքից հեռացավ 2000 թվին՝ Բուխարեստում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *