Ռումինիայի Հայոց Միությունը կմասնակցի Ռումինիայի ՏԻՄ ընտրություններին
Կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Ռումինիայում տեղի կունենան տեղական ընտրություններ, որոնց կմասնակցի նաև Ռումինիայի Հայոց Միությունը (ՌՀՄ)։ Ըստ ռումինական օրենսդրության՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող 19 կազմակերպությունները ռումինական կուսակցությունների և դաշինքների կողքին կարող են մասնակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ տեղական ընտրություններին։ Եթե խորհրդարանական ընտրությունների դեպքում ազգային փոքրամասնություններից մեկական պատգամավոր ընտրվելու համար ընտրական շեմը բավականին ցածր է, ապա ՏԻՄ ընտրություններին փոքրամասնությունների թեկնածուները չունեն որևէ առավելություն և ռումինացի թեկնածուների հետ մրցակցում են հավասար պայմաններով։ Այս ընտրություններին Ռումինիայի Հայոց Միության թեկնածուները կպայքարեն հետևյալ հինգ քաղաքների տեղական խորհուրդներում մանդատներ ստանալու համար.
Բոտոշան – 16 հոգանոց ցուցակը գլխավորում է ՌՀՄ Բոտոշանի մասնաճյուղի նախագահ Կրիստիան Լազարովիչը։
Բակըու – ՌՀՄ թեկնածուն այս քաղաքի հայ համայնքի անդամ Կորնելիու Հակոբն է։
Բայա Մարե – Երկու հոգանոց ցուցակը գլխավորում է ՌՀՄ Բայա Մարեի մասնաճյուղի նախագահ Սորին Գըդըլեանը։
Յաշ – Չորս հոգանոց ցուցակը գլխավորում է քաղաքի հայ համայնքի անդամ Էուջեն Գոլգոցիուն։
Ռոման – Չորս հոգանոց ցուցակը գլխավորում է ՌՀՄ Ռոմանի մասնաճյուղի նախագահ Էմանուել Նազարեթյանը։
ՌՀՄ ընտրական ցուցակներում ընդգրկված անձանց մի մասը դարեր առաջ Ռումինիայում հաստատված հայերի սերունդներն են, մյուս մասը՝ Համիդյան ջարդերից և Ցեղասպանությունից մազապուրծ եղած և Ռումինիայում ապաստանած հայերի թոռներն ու ծոռները։
ՌՀՄ թեկնածուներն արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, որոնք հիմնականում վերաբերում են իրենց քաղաքների զարգացմանը և ազգային փոքրամասնությունների հետ կապված ծրագրերին։
Բացի վերոնշյալ թեկնածուներից՝ այլ կուսակցությունների ցուցակներում նույնպես հայեր կան, որոնցից նշենք իրենց կուսակցությունների ցուցակներում բավականին բարձր տեղեր զբաղեցնող, ՌՀՄ Կոնստանցայի մասնաճյուղի նախագահ Լիվիու Մերդինյանին (սոցիալ-դեմոկրատ PSD կուսակցություն) և ՌՀՄ Բուխարեստի մասնաճյուղի ակտիվ անդամ Կոստին Ղազարյանին (ազգային-ազատական PNL կուսակցություն)։
Հիշեցնենք, որ Ռումինիայի խորհրդարանում ՌՀՄ պատգամավորը Վարուժան Փամբուկչյանն է, որը նաև ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբի ղեկավարն է։ Եվս երկու հայ պատգամավոր՝ ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը և ՌՀՄ Տուլչայի մասնաճյուղի նախագահ Լուչիան Էդուարդ Սիմիոնը, ընտրվել են համապատասխանաբար ALDE և PSD կուսակցությունների ցուցակներով:
Արսեն Արզումանյան