Ապրիլի 4․ COVID-19-ի շուրջ զարգացումները Ռումինիայում
Ըստ այսօր ժ․ 13։00-ին հրապարակված տվյալների՝ վերջին 24 ժամվա ընթացքում Ռումինիայում COVID-19-ով վարակվել է ևս 430 մարդ։ Այսպիսով, նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3613-ի, որոնցից 329-ը ապաքինվել են, 140-ը՝ մահացել։ Կարանտինի մեջ գտնվում է 15252 մարդ, մեկուսացման մեջ՝ ևս 113449-ը։
Երեկ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը ևս մեկ անգամ ուղերձով դիմեց ռումինացիներին՝ հորդորելով նրանց մնալ տանը, իսկ արտերկրում ապրողներին կոչ արեց այս տարվա Զատկի տոներին մնալ այն երկրներում, որտեղ գտնվում են, քանի որ մեծ է հավանականությունը, որ Ռումինիա վերադառնալով՝ կարող են նոր թափով վարակի տարածման պատճառ դառնալ։ Բացի այդ, ռումինացիները հիմնականում ապրում են այն երկրներում, որոնք կարմիր կամ դեղին գոտում են գտնվում, ինչը նշանակում է, որ այդ երկրներից ժամանողները հայտնվելու են համապատասխանաբար երկշաբաթյա կարանտինի կամ մեկուսացման մեջ, ինչը նշանակում է, որ Զատկի տոնին դժվար թե կարողանան լինեն իրենց հարազատների կողքին։
Վարակվածների շարքում մի քանի հարյուր բժիշկ կա, ինչի պատճառով կարանտինի մեջ են երկրում մի քանի հիվանդանոց։ Սուչավա քաղաքը, որտեղ գտնվում է վարակվածների ավելի քան քառորդ մասը, և հարակից 8 գյուղերը ամբողջական կարանտինի մեջ են, ստուգվում են քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը։
Այսօրվա թիվ 7 Ռազմական հրամանագրով Ցընդըրեյ քաղաքում նույնպես հաստատվեց ամբողջական կարանտին։