ԳԱԱ ԳԿՄԿ իրավաբանական 3-րդ դպրոցը՝ ոչ միայն իրավաբանների համար
2021 թվականի սեպտեմբերի 17-ից (մինչև հոկտեմբերի 16-ը) մեկնարկել է ԳԱԱ ԳԿՄԿ իրավաբանական 3-րդ դպրոցը: ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնի, հանրային կապերի և կարիերայի բաժինի, ՈւԽ-ի նախաձեռնությամբ՝ հասարակության իրավագիտակցության բարձրացման նպատակով կազմակերպվեցին իրավաբանական անվճար դասընթացներ՝ «Լինենք իրազեկ և պաշտպանված» խորագրով:
Նշենք, որ դեռևս 2018թ.-ից ԳԱԱ ԳԿՄԿ-ում կազմակերպվում են իրավաբանական դպրոցներ: Դասընթացներին դիմում են ոչ միայն իրավաբաններ, այլ նաև մեծ թվով այլ բնագավառի մասնագետներ: Այն իր տեսակով Հայաստանի Հանրապետությունում եզակի է նրանով, որ դասընթացներն ամբողջությամբ անվճար են բոլորի համար և մասնակիցները հնարավորություն են ստանում իրենց հուզող հարցերն ուղղել դասավանդող մասնագետներին՝ ստանալով կյանքի և անձնական աճին նպաստող գիտելիքներ, ճանաչում են ոլորտի լավագույն մասնագետներին, ձեռք են բերում տեսական և պրակտիկ գիտելիքներ, ինչու չէ նաև կազմակերպչական հմտություններ և լավ ընկերներ:
Դասընթացները կազմակերպվում են երեկոյան ժամերին, ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի դահլիճում, ինչը նպաստում է ուսանողներին և աշխատողներին ակտիվ մասնակցություն ունենալ իրավաբանական դասընթացներին:
2021թվականին կազմակերպվող ԳԱԱ ԳԿՄԿ իրավաբանական 3-րդ դպրոցի ուղղվածություններն են՝ մարդու իրավունքներ, Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկա, ժառանգական իրավունք, բանկային իրավունք, անձանց քրեաիրավական պաշտպանություն և քրեական գործեր, մտավոր սեփականություն, իրավաբանական հմտություններ (իրավաբանական տեխնիկա և իրավաբանական գրագրություն), ազգային շահի պաշտպանության միջազգային իրավական կառուցակարգեր, դատարան դիմելու ընթացակարգ, անչափահասների վերաբերյալ գործերի քննության առանձնահատկությունները, միջազգային իրավունք, պայմանագրային իրավունք և այլ թեմաներ:
Թեմաների ընտրությունը պայմանավորված է եղել հասարակությունում առավել քննարկում ստացած և հուզող հարցերի ընդգրկումը: Անուշավան Մուշեղյանի, Արման Սարոյանի և Միկիչ Փարսադանյանի ջանքերով կազմակերպվեց դատախաղ, որի թեման էր ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը: Նախքան դատախաղը, մասնակիցներին ներկայացվել էին դատավարության կողմերի պարտականությունները, գործառույթները, նախնական քաղաքացիական դատավարության հոդվածների պահանջները: Դատախաղին կիրառելով տեսական գիտելիքները՝ ակնդիրների մոտ ավելի ամրապնդվեց իրենց սովորած գիտելիքներն ու հմտությունները:
Նախատեսվում է նաև իրավաբանական 3-րդ դպրոցի ունկնդիրների այցելություն Փաստաբանների դպրոց՝ ծանոթանալու արբիտրաժային դպրոցի և դատարանի գործունեությանը: Հուսանք, որ փոխանցված օգտակար գիտելիքները կնպաստեն ոչ միայն իրազեկված ՀՀ քաղաքացի լինել, այլ նաև դրանք զարգացնել և կիրառել մասնագիտական ոլորտում՝ շոշափելի դրական արդյունք ունենալու համար:
Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ