Ռոմանում տեղի ունեցավ «Կարապետ Իբրըիլեանու» փառատոնը
Հունիսի 7-8-ը Ռումինիայի Հայոց Միության Ռոմանի մասնաճյուղը (նախագահ՝ Էմանուել Նազարեթյան) կազմակերպել էր «Կարապետ Իբրըիլեանու» ազգային փառատոնի երկրորդ թողարկումը, որն անցկացվեց ՌՀՄ հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Բացման արարողությունը տեղի ունեցավ Ռոմանի քաղաքապետարանի «Նիկոլաե Մանոլեսկու – Ստրունգա» սրահում, որին ներկա էին Ռոմանի փոխքաղաքապետ Յոանա Ռոքսանա Յորգան, Ռումինիայի Գրողների Միության ներկայացուցիչ Սորին Լավրիկը, Ռումինիայի հայ համայնքի անդամներ, այլ հյուրեր։
Հաջորդ օրը փառատոնին ներկա էին Ռոմանի քաղաքապետ Լուչիան Օվիդիու Միկուն, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, իսկ մրցանակաբաշխության արարողությունը վարում էր ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը։
«Կարապետ Իբրըիլեանու» ազգային մրցանակին արժանացավ մի շարք գրքերի հեղինակ, Յաշի «Վասիլե Ալեքսանդրի» համալսարանի դասախոս Վասիլե Սպիրիդոնը։ Նոր սերնդի լավագույն գրաքննադատներից մրցանակի արժանացավ Գաբրիելա Գեորգիշորը։
Փառատոնի ընթացքում հանձնվեցին մրցանակներ նաև լավագույն աֆորիզմների համար, որում առաջին տեղը զբաղեցրեց Կլաուդիա Միտրըն (Բոտոշան)։ Փառատոնի տիտղոսին արժանացավ գրող, բանաստեղծ և գրաքննադատ Էմիլիան Մարկուն։
Փառատոնի փակման արարողությանը իր խմբով հանդես եկավ ռումինացի դուդուկահար Կոսմին Բըլեանը։