Arsen Arzumanyan

Հարցազրույց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Ո՞ր տարիքում սկսեցիք հետաքրքրվել հայկական ազգային պարերով։

Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտում ուսանելու տարիներին զորակոչվեցի խորհրդային բանակ, և մոտ 22 տարեկան էի, երբ վերադարձա ուսումնառությունս շարունակելու։ Հաճելի մի դիպվածով տեղեկացա, որ մեր համալսարանի ներքո գործում է Հայրիկ Մուրադյանի հիմնադրած և իր կողմից ղեկավարվող «Վան» ազգագրական համույթը: Մանկությունից սեր և ակնածանք ունենալով դեպի ազգային մշակույթն ու մասնավորապես հայկական պարարվեստը և ավագ բարեկամներից տեղեկացված լինելով 2-րդ համաշխարհային պատերազմից չվերադարձած իմ պապի` Գևորգ Գինոսյանի պարային հրաշալի ընդունակությունների մասին` միանգամից ցանկություն առաջացավ անդամակցել վերոնշյալ համույթին։

Հատկապես ի՞նչը նպաստեց, որ Ձեր գործունեությունը հիմնականում կապվեց հայկական ազգային պարերի տարածմամբ ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։

Տարիներ շարունակ զբաղվելով ազգային պարարվեստով` աճող պարային վարպետությանը զուգահեռ իմ հետաքրքրասեր բնավորությունն ինձ դրդում էր սովորել նոր պարեր և ուսումնասիրել պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջանների ոչ միայն պարային շարժումները, պարաքայլերը, այլ նաև դրանց նշանակությունը, ծագումնաբանությունը, ծիսական պատկանելիությունը, պարերի ներաշխարհն ու հոգեբանությունը։ Երկարամյա փորձառությունս թույլ տվեց բացահայտել իրական, անաղարտ հայ պարարվեստի հզոր դաստիարակչական գործոնն ու ազգային ինքնության բացահայտմանը, ինքնաճանաչմանը նպաստող նրա հզոր հնարավորությունները, որոնք, ի վերջո, հանգեցրին նոր ավանդական երգի-պարի խումբ ստեղծելու գաղափարին։ «Կարինի» հիմնական առաքելությունը խորհրդային տարիներին հետին պլան մղված հայ ավանդական պարարվեստը նոր սերնդին փոխանցելն է։ Տարիների ընթացքում ավանդական պարերի շարքում «Կարինի» հանդեպ հետաքրքրությունն աճեց, պարերը դուրս եկան Հայաստանի Հանրապետության սահմաններից և իրենց տարածումը գտան Արցախում, Ջավախքում և կամաց-կամաց սփռվեցին աշխարհով մեկ։

Դուք մասնակցել եք Արցախյան հերոսամարտին։ Ինչպես հայտնի է, այդ տարիներին, ինչպես հին դարերում, մարտից առաջ նույնպես հայ զինվորները պարում էին ազգային ռազմական պարեր։ Ի՞նչ հիշողություններ ունեք։

Ինչպես Բեռլինի Ռայխստագի պատերի տակ, Շուշին ազատագրելուց հետո էլ հայերը բռնեցին ավանդական Քոչարին։ Ես նույնպես անմասն չէի այն գիտակցումից, որ հայոց ռազմապարը մեծ դեր ունի զինվորին հոգեբանորեն ճակատամարտին նախապատրաստելու և հոգեպես անպարտ դարձնելու կարևոր առաքելության մեջ։ Անգամ դեպքեր են եղել, երբ ճակատ մեկնելիս ինձ հետ վերցնում էի «Վանի» տարազը, որը հաճախ ոգեշնչում էր իմ մարտական ընկերներին և, ենթադրում եմ, նյարդայնացնում և հունից հանում էր թշնամուն։ Այն ժամանակ, բնականաբար, վարպետ պարուսույց չէի, բայց իմ մարտական ընկերներից շատերին հասցրել եմ փոխանցել ոչ միայն հայոց պարերի առնական ու վեհանձն շարժումները, այլ նաև հրեղեն ոգին։

Արդյո՞ք հայկական ազգային պարերի հանդեպ վերաբերմունքը աճում է կամ արդեն իսկ բարձր մակարդակի վրա է Հայաստանում և Սփյուռքի տարբեր հատվածներում։

Կարծում եմ, որ վերջին մեկ, մեկ եւ կես տասնամյակների ընթացքում հետաքրքրությունն ու սերը հայկական պարի նկատմամբ ակնհայտորեն աճել է, որի ականատեսն ենք նաև մեր կենցաղում, նաև հարսանիքներում և այլ հավաքույթներում։ Սակայն, պետք է նկատել նաև, որ հայ պարն ու ավանդական մշակույթը դեռ ողջ ժողովրդի հոգևոր առանցքը չեն, և պետք է ջանք չխնայել հայ մարդուն դեպի ինքնություն դարձնելու և հայ մշակույթի միջոցով ազգի հավաքական ոգին և ընդհանուր հոգևոր դաշտը վերաձուլելու համար։

Արդեն երկրորդ անգամ եք հյուրընկալվելու Բուխարեստի «Հայկական փողոց» փառատոնին։ Եթե շատ ռումինացիների համար հայկական ազգային պարերը հաճելի նորություն էին, ապա ռումինահայերի համար մայր հայրենիքի կարոտն առնելու և ազգային ինքնությունը ավելի ուժեղ զգալու մի ձև։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք փառատոնից այս անգամ։

Մենք վերադառնում ենք փառատոն որոշակի նոր պարերով, բեմադրություններով և նոր ասելիքներով։ Գիտակցում ենք նաև, որ եթե նախորդ անգամ հայ հանդիսատեսներից շատերը իրենց ինքնությունն էին բացահայտում, իսկ օտարները բացահայտում էին հայոց հոգևոր հրաշքը, ապա այս անգամ հանդիսատեսն ավելի խստապահանջ է լինելու, և մենք հաստատակամ ենք նոր ոգեղեն լիցք փոխանցելու օտար հանդիսատեսին, իսկ հայ հանրությանը հայ մշակույթը իրենց տունդարձի, հայրենիք վերադառնալու կամրջի վերածելու։

Արսեն Արզումանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *