Elena Chobanyan

Հ. Մարգարյան. «Պետք է կրթական համակարգը բարելավել և ոչ թե դատարկախոսել»

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

2020 թվականն իր հուսադրող գիրկն առավ մարդկանց՝ փայլատակելով Ամանորի շքեղ տոնածառի պես: Իսկ համավարակն ավելի ճկուն գտնվեց. այն արդեն կանխորոշել էր սպասվող հինգ տարվա տնտեսա-քաղաքական և միջանձնային ճգնաժամը, որին զուգահեռ զարգացան ՀՀ կրթական ոլորտի վերաբերյալ տարասություններ և երկփեղկված քննարկումներ: Մեր համաքաղաքացի, Հայ-Ռուսական համալսարանի մամուլի քարտուղար, «Արժանապատիվ ապագա» կուսակցության միացյալ խորհրդի անդամ Հենրիխ Մարգարյանն իր մեկնաբանությունն ունի կրթության մակարդակի և այս ոչ պակաս կարևոր ոլորտում թեժացումների մասին։

Որպես կրթության ոլորտում աշխատող մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում ներկա կրթության մակարդակն ու զարգացման միտումները:

– Շուտով երեք տարի կլինի՝ աշխատում եմ որպես Հայ-Ռուսական համալսարանի մամուլի քարտուղար և այս ընթացքում շփվելով ոչ միայն ՀՌՀ-ի դասախոսների, այլև մի շարք այլ բուհերի մասնագետների հետ՝ եկել եմ բավականին տխուր եզրահանգման, որ, ցավոք, տարեցտարի ընկնում է դիմորդների որակը։ Դիմորդի կրթական որակը կախված է հանրակրթական դպրոցի որակից, և գաղտնիք չէ, որ մեր շրջանավարտները, մեղմ ասած, լավ գիտելիքների պաշարով չեն գալիս բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Դիմորդների մեծամասնությունը ընդունելության քննություններին նախապատրաստվում է կրկնուսույցների օգնությամբ, որոնք իրենց հասցնում են «համապատասխան մարզավիճակի»։ Բայց, երբ այդ «մարզավիճակն» անցնում է, իրենք բավականին արագ վերադառնում են իրենց նախնական գիտելիքների մակարդակին։ Եվ առաջին կուրսում դասախոսները հաճախ ստիպված են լինում զբաղվել այդ ուսանողների հանրակրթական գիտելիքների բազայում տեղ գտած բացերի լրացմամբ, քանի որ եթե դա չարվի, ավելի բարձր կուրսերում այդ ուսանողները ուղղակի չեն կարողանա շարունակել ուսումը և դուրս կմնան համալսարանից։

Եթե իհարկե դասախոսների մեծ մասն ուշադրություն դարձնի հանրակրթական գիտելիքների լրացմանը՝ թելադրություն գրելու կամ անգիր անելու պարտադրանքի փոխարեն: Իրականում, ո՞րն է այդ ամենի պատճառը:

– Այդ խնդիրը կապված է առաջին հերթին ավագ դպրոցի համակարգի ձախողմամբ, երբ աշակերտներն այդ երեք տարին փաստացի զբաղված են միայն նախորդ տարիների գիտելիքների կրկնությամբ։ Մինչդեռ ավագ դպրոցը պետք է կոչված լինի լավագույնս նախապատրաստելու աշակերտին որպես բուհի ապագա ուսանող և 10-12-րդ դասարաններում տված գիտելիքներով հնարավորինս քչացնի կրկնուսույցների դերը ընդունելության գործընթացում։

Կրթությունը պետք է դիտարկել որպես մեկ ընդհանուր համալիր՝ մանկապարտեզ-դպրոց-ավագ դպրոց-բուհ։ Պետությունը պետք է հերթով բարեփոխի այդ համալիրի ամեն մի ճյուղը, իսկ մենք փոխանակ առաջին կետից սկսենք, սկսել ենք վերջից։ Արդեն երկու տարի է քննարկում ենք բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումները (անձամբ ներկա եմ գտնվել 2018թ. և 2019թ. փետրվարին վերոնշյալ օրենսդրական բարեփոխումների հարցով կայացած Ազգային ժողովի լսումներին)՝ չհասկանալով, որ մինչև ուսանող դառնալը, երեխան սկզբում գնում է մանկապարտեզ, հետո դպրոց։

Չհաշված նաև համալսարանների «հիթ-շքերթը»:

Այսօր ՀՀ համարյա բոլոր դիմորդներն ու իրենց ծնողներն առաջնային մտածում են Հայ-Ռուսական համալսարան, Ֆրանսիական կամ Ամերիկյան համալսարաններ ընդունվելու մասին, ինչը պարզորոշ ցուցիչ է, որ մեր մնացած բուհերը խիստ պարտվում են մրցակցության մեջ վերոնշյալ երեքին։ Մեր բոլոր բուհերը պետք է այնպիսի որակյալ կրթական ծառայություններ մատուցեն, որ դիմորդն այդքան որակյալ հաստատություններից չիմանա, թե որը ընտրել։ Մենք նաև խնդիր պետք է դնենք ունենալ միասնական բուհական համակարգ, երբ ուսանողը կարող է ցանկացած դասընթաց անցնել և իր կրեդիտները հավաքել ցանկացած համալսարանի համապատասխան բաժնում։

– Որո՞նք են շտկման ենթակա առաջնային թերություններն այս կարևորագույն ոլորտում: Կա՞ն արդյոք դրական, լուսավոր կետեր:

– Կրթությունից կախված է պետության ապագան, մասնագետների որակը, իսկ առանց լավ մասնագետների ուժեղ տնտեսություն չես ունենա։ Եվ այս հարցում չկան առաջնային կամ երկրորդական թերություններ։ Ինչպես քիչ առաջ նշեցի, շտկման կարիք ունի կրթության ամբողջական համալիրը՝ սկսած մանկապարտեզից: Իսկ դրական և լուսավոր կետերից ես կնշեի բնագիտական ուղղվածություն ունեցող աշակերտների հաղթանակները միջազգային օլիմպիադաներում, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրումը դպրոցներում: Նշենք երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի նախագիծը, որը ես հուսով եմ ոչ միայն կպահպանվի, այլև մեծ առաջընթաց կապրի: Այդ նախագիծը մեր ՏՏ ոլորտի լավ և խոստումնալից ապագայի լրջագույն նախադրյալն է։

– Կարծում եք դպրոցնելում և ԲՈւՀ-երում դասավանդվող պարտադիր առարկաները պետք է փոփոխությա՞ն ենթարկվեն: Ի՞նչ հետևանքների կարող են բերել քննարկվող դասագրքերի (Հայոց պատմություն, սեռական դաստիարակություն, Հայ եկեղեցու պատմություն  և այլն) ներմուծումը կամ վերացումը հայ աշակերտների և ուսանողների արժեհամակարգում:

– Նայելով այսօրվա աշակերտի ամենօրյա պայուսակի ծանրությանը՝ հասկանում եմ մեկ բան, որ պետք է կրճատել ամենօրյա դասերի քանակը։ Մենք խնդիրը չպետք է դնենք քանակի վրա, այլ կարող ենք օրական չորս դասաժամ անցկացնել աշակերտների հետ, բայց դրանք լինեն շատ ինտերակտիվ, ինտենսիվ, կրեատիվ էլեմենտների կիրառությամբ դասաժամեր։ Այսօրվա աշակերտները նման չեն իմ կամ ձեր ժամանակների աշակերտներին, և համացանցի ու տեխնոլոգիաների մեծ զարգացումը հանգեցրել է նրան, որ դպրոցը մասնավորապես մնացել է անցյալում և չի ցանկանում փոխվել՝ ուսուցիչների հետ միասին։

Այսինքն՝ կրթությունը դառնա յուրաքանչյուր աշակերտի և ուսանողի ընդունակությունների շարասյուն ստեղծող և երկիրը զարգացնող գործարան, ինչպես Ֆինլանդիայում կամ Սինգապուրում է:

Այո:Նույնը բուհական համակարգում։ Ես անընդհատ ուսանողներից լսում եմ, որ պետք է տվյալ ուղղության հետ կապ չունեցող առարկաները հանել ուսումնական պլաններից և միայն մասնագիտականները թողնել, ինչպես արտասահմանյան բուհերում։ Ինչ վերաբերում է դասագրքերի հետ կապված աղմուկին, ապա համոզված եմ, որ սեռական դաստիարակության հետ կապված առարկան, եթե դա ներմուծվի, պետք է ուսուցանվի միայն 7-8-րդ դասարաններից սկսած։ Դեռևս դպրոցական տարիներից, երբ սկսեցինք առանձին անցնել Հայ եկեղեցու պատմությունը, մնում եմ այն կարծիքին, որ դա պետք է անցնել Հայոց պատմություն առարկայի շրջանակներում։ Այդ առարկայի առանձնացումն իբր պետք է աշակերտների մեջ էլ ավելի սերմաներ հոգևոր արժեքները կամ ավելի ամրապնդեր հավատքը, բայց դա պոպուլիստական քայլ էր, քանի որ այդ ամենի հանդեպ հարգանքը և սերմանումը կախված է Հայ առաքելական եկեղեցու և մասնավորապես՝ կաթողիկոսի ամենօրյա գործունեությունից, նրա հանդեպ ժողովրդի հարգանքից: Իսկ ՀԺՊ-ի դասագրքերի չափորոշիչների մշակման մեջ պետք է ներգրավեն միայն այդ ոլորտի մասնագետները, այլ ոչ թե նախկինում կասկածելի գործունեության մեջ աչքի ընկած սուբյեկտները։ Արժեհամակարգի ձևավորումը սկսվում է ընտանիքից, և եթե տվյալ ընտանիքում իրար նկատմամբ հարգանքը, հոգևոր արժեքները կյանքի անբաժանելի մասն են, ապա աշակերտն արդեն այդ արժեհամակարգով կմտնի դպրոց, իսկ եթե նա դա չի տեսնում իր հարազատների պահվածքում և գործունեության մեջ, ապա ինչ առարկա էլ ուզում ես ավելացրու ուսումնական պլանում, չի օգնի։

– Ամեն դեպքում, դա մի փոքր վիճելի է: Այդ դեպքում ի՞նչ առարկաներ պետք է դասավանդվեն և, ընդհակառակը, չդասավանդվեն:

– Մեդիագրագիտության առարկայի ներմուծումն արդեն վաղուց օրվա հրամայական է դարձել, և այդ դասընթացը վարելու համար համապատասխան մասնագետներ պետք է պատրաստվեն։ Համացանցի ուժեղ զարգացումը և սոցցանցերի ի հայտ գալը, կեղծ լուրերի մեծ քանակությունը շատերին ապակողմնորոշում են։ Աշակերտներին պետք է վաղ տարիքից սովորեցնել համացանցում զատել թացը չորից, դա նաև ազգային անվտանգության խնդիր է։ Դասագրքերի և առարկաների ընտրության հարցում առաջնային սկզբունքը պետք է լինի աշակերտին չծանրաբեռնելը։ Դրա հիման վրա էլ պետք է կազմվեն ուսումնական պլանները։ Ծանրաբեռնվածությունը պետք է սկսի ավագ դպրոցից՝ ըստ իրենց ընտրած ուղղությունների։ Ավագ դպրոցի արդյունավետությունը կտրուկ կբարձրանա միայն այն բանից հետո, երբ այն փաստացի միացվի բուհական համակարգին։ Դա բարդ գործընթաց է, բայց անհրաժեշտ, որպեսզի աշակերտը պատրաստված մտնի բուհական համակարգ։

– Ինչպե՞ս կարելի է կարգավորել հակասող, հաճախ երկու ճամբարի բաժանված ուժերից բխող պնդումներն ու կարծիքները, հատկապես կրթության ոլորտում:

– Դրա համար պաշտոնյաները չպետք է մտածեն, որ իրենք ամենագետն են և հաճախ հիմնվեն մասնագիտական կարծիքների վրա, լսեն փորձառու մարդկանց դիտարկումները։ Ոչ թե բոլորի կարծիքները հավաքեն և վերջում անեն այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում։

– Լրագրությունը ևս դասավանդվում է ԲՈւՀ-երում և շատերի, այդ թվում նաև որոշ պատգամավորների խորին համոզմամբ՝ այսօր լրագրության ֆակուլտետները որակյալ և ժամանակի շունչը զգացող լրագրողներ չեն պատրաստում: Փոխարենը, դիկտոֆոն պահողների են ձևավորում: Համամի՞տ եք: Ինչպե՞ս կարելի է լրագրության մակարդակը բարձրացնել՝ միաժամանակ հարմարեցնելով այն հայ իրականությանն ու մտածելակերպին: Դա հնարավո՞ր է:

– Ոչ միայն լրագրության, այլև մնացած բուհական ուղղությունները պետք է պատրաստեն որակյալ և ժամանակի շունչը զգացող մասնագետներ։ Իսկ դրա միակ նախապայմանը չհնացած և ժամանակակից մասնագետների ներգրավումն է բուհեր, որ ուսանողն իր առջև տեսնի գործող և այդ ուղղությամբ աշխատող պրակտիկ մասնագետի։ Ընդհանրապես, այդ դասախոսները նաև շատ լավ օրինակ են ծառայում։ Բուհերում պետք է պրակտիկ մասնագետները դասավանդեն, իսկ այսօր շատ դեպքերում գերակշռում են տեսաբանները։ Ապագա լրագրողներին պետք է առաջին կուրսից սովորեցնել մտածել, զարգացնել վերլուծական միտքը, և դա է, ըստ իս, ձեր հարցի և խնդրի լուծումը։ Մեդիագրագիտության սերմանման գործում, ինչպես ավելի վաղ նշեցի, կարող է մեծապես օգնել դպրոցում այդ առարկայի ներմուծումը, իսկ բուհում կարելի է ավելի խորապես ուսումնասիրել այդ առարկան:

– Այսօրվա պառակտված քաղաքական մթնոլորտը կարծես կեղեքում և դանդաղեցնում է ՀՀ տնտեսության զարգացման տեմպերը: Ինչպե՞ս կարելի է կարգավորել այն՝ եռանդը ստահոդ (ֆեյք) տեղեկատվություններ տարածելու փոխարեն ուղղել ստեղծագործելուն և արարելուն:

– Մենք արդեն 30 տարի է՝ իրական ազգային ուժերի կարիք ունենք։ Անընդհատ խոսվում է համակարգային բարեփոխումների մասին, բայց 2018թ. իշխանափոխությունից հետո ակնհայտ դարձավ, որ ներկայիս իշխանություններն էլ չունեն քաղաքական կամք՝ իրականացնելու հիմնարար բարեփոխումներ տնտեսական, կրթական, առողջապահական ոլորտներում։ Երկու տարի է՝ իշխանությունները չեն հասկանում, թե ինչ անել Ամուլսարի հանքավայրի և, ընդհանրապես, հանքարդյունաբերության հետ։ Սևանա լճի կանաչելու փաստը նույնպես շատ մտահոգիչ է, և մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի փրկենք Սևանը ճահճացումից։ Հասարակությանը սև-սպիտակների բաժանելը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Պետք է միավորել մեր երկրի բոլոր ունակ ուժերին և լծվել երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, ստեղծել նորմալ բիզնես միջավայր, հասկանալի խաղի կանոններ գործարարների համար, մեկ անգամ հիմնովին փոխել հարկային օրենսգիրքը, այլ ոչ թե ամեն տարի կարկատել այն և այսպես մնացած ոլորտներում։

– Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանը հինգ տարում:

– Շատ ավելի զարգացած բոլոր ուղղություններով։ Իհարկե, անկախ ամեն ինչից՝ մեր երկիրն առաջ է գնում, բայց շատերիս էլ այս տեմպերը բացարձակ չեն գոհացնում: Շատ դանդաղ ենք առաջանում և զգալի հետ ենք զարգացած երկրներից։ Պետք է տասնապատկենք տեմպերը, այլ ելք պարզապես չունենք։

– Եվ ի՞նչ կարող է անել Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին արժանավայել կյանք ունենալու համար:

– Առաջին հերթին մենք պետք է կրթական համակարգը բարելավենք, որը կբերի հասարակության ընդհանուր մակարդակի և որակի բարձրացմանը։ Իսկ եթե քաղաքացին ունի բարձր գիտակցության աստիճան, վերլուծելու ունակություն, մեդիագրագետ է, նա, օրինակ, չի կարող գնալ ընտրությունների և ընտրել դատարկախոս պոպուլիստներին։ Այդ տիպի քաղաքացին կգնա և կընտրի իրական ու պրագմատիկ քաղաքական ուժի։ Այդ ամենին հասնելու համար երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց ես համոզված եմ, որ մի օր դրան կգանք։ Միակ հարցը, թե ե՞րբ:

– Տեսնենք՝ որքան արագ կարող ենք մեր և երկրի ողնաշարը շտկել՝ միաժամանակ հիշելով, որ «քաղաքները միանգամից չեն կառուցվում»:

Ելենա Չոբանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *