Arsen Arzumanyan

Արշալույս Պարոնյան. «Մատենադարանում իմ անցկացրած ժամանակը միայն աշխատանք կոչել հնարավոր չէ»

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page
Լուսանկարը՝ Անդրեա Տընասե

Արշալույս Պարոնյանը ծնվել է 1949թ. սեպտեմբերի 25-ին, Երևանում, Ռումինիայից հայրենադարձված ընտանիքում։ Երկար տարիներ աշխատել է Մատենադարանի և Հայաստանի նախագահական գրադարաններում, ինչպես նաև Բուխարեստի հայկական «Դուդյան» մշակույթի տան թանգարանում և գրադարանում։ Զրուցել ենք Ա. Պարոնյանի հետ իր գործունեության մի շարք հետաքրքիր դրվագների շուրջ։

-Սիրելի Արշալույս, Ռումինիայի հետ Ձեզ կապող օղակը Ձեր ծնողների ընտանիքներն են։ Ինչպե՞ս հաստատվեցին նրանք Ռումինիայում։

– Ծնողներիս ընտանիքները Արևմտյան Հայաստանից են։ Մորս կողմը Էրզրումից է. նրանք 1890-ականների Համիդյան ջարդերից հետո են տեղափոխվել Բուխարեստ, իսկ հորս կողմը Երզնկայից է, որտեղ տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ընտանիքի անդամները տեղափոխվել են Պոլիս, իսկ որոշ ժամանակ անց՝ բուլղարական Ռուսե քաղաք։ Մի հետաքրքիր դրվագ կա, ըստ որի՝ մի անգամ զորավար Անդրանիկը գիշերել է պապիս հոր՝ Հակոբ Պարոնյանի տանը, երբ եկել էր Բուլղարիա զորք հավաքելու։ Պապիկիս հայրն իր բոլոր երեք որդիներին առաջարկել է Անդրանիկին՝ զինվորագրվելու նրա բանակում, սակայն վերջինս միայն երկուսին է վերցրել՝ պապիկիս թողնելով հոր հետ։ Նշեմ, որ Ռուսեի հայկական եկեղեցու խորանում գտնվում է պապիկիս հոր փայտե աշխատանքը՝ իր թողած արձանագրությամբ՝ «Սուրբ Խաչս շինեց ատաղձագործ և ճարտարապետ Հակոբ Պարոնյան Երզնկացին»։
Ծնողներս ծնվել են Բուխարեստում, ամուսնացել և 1948թ. հայրենադարձվել։
1990-ականների սկզբին հայրս Երևանի սեղանի թենիսի, թենիսի և բադմինթոնի սպորտդպրոցի փոխտնօրենն էր, երբ ռումինահայ գործարար Հակոբ Քրմզյանի միջնորդությամբ երեք երիտասարդ սեղանի թենիսիստների բերեց Ռումինիա ու, փաստորեն, ինքն էլ տեղափոխվեց որպես նրանց մարզիչ։ Հորս հետ կապված ընդգծեմ, որ փոքր տարիքից առաջնորդվել եմ իր տված խորհրդով՝ «ամբողջ կյանքում պիտի հարգես տվածդ խոսքը, պատասխանատու լինես ամեն արածիդ ու ամեն խոսքիդ համար և հարգես ժամանակդ. եթե դրանց չհետևես, կյանքում ոչ մի բանի չես հասնի…»։

Հակոբ Պարոնյանի ընտանիքը

-Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի անցաք Մատենադարանում։ Պատմեք, խնդրեմ, Ձեր կյանքի այդ հատվածից։

-Ավարտեցի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, սակայն միտք չունեի այնտեղ ընդունվել, քանի որ շատ տարված էի արվեստով և ցանկանում էի արվեստի տեսաբան դառնալ։ Ցավոք, այն ժամանակ Հայաստանում այդ հնարավորությունը չկար։ Արդյունքում ստացա ֆրանսերենի ուսուցչի դիպլոմ՝ թեպետ միշտ ասում էի, որ երբեք չեմ աշխատի որպես մանկավարժ, և միայն տարիներ անց Բուխարեստում պարզվեց, որ «երբեք մի ասա երբեք» խոսքը նաև իմ մասին էր։ 1973թ. փետրվարին ճակատագիրն ինձ տարավ Մատենադարան, որի հետ 30 տարի կապվեց իմ կյանքը մինչև Ռումինիա գալը։ Այնտեղ աշխատանքի անցա գրադարանի բաժնում, որտեղ հիմնականում զբաղվում էի մի շարք օտար լեզուներով հրատարակված հայագիտական գրականության մշակմամբ (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ռումիներեն և այլն)։ Ընդհանուր առմամբ, օտար լեզուներով հազարավոր չմշակված գրքեր կային՝ գետնից մինչև առաստաղ շարված. այդ գործով զբաղվող մասնագետներ Մատենադարանում չէին եղել վերջին 4-5 տարում։ Իմիջիայլոց, արաբատառ գրականության մշակման ընթացքում ամենամեծ օգնությունը ստանում էի 1978 թվականից Մատենադարանի գիտնական քարտուղար Լևոն Տեր-Պետրոսյանից, որը հետագայում դարձավ ՀՀ առաջին նախագահ։
Իսկ հայերեն հնատիպ գրքերի հետ առաջին ծանոթությունս տեղի ունեցավ, երբ Ռաֆայել Իշխանյանն ընդգրկեց ինձ այն խմբում, որը զբաղվում էր իր իսկ կազմած հատուկ համակարգով հնատիպ գրքերի դասակարգմամբ։ Գրքի բովանդակությունը մշակվում էր ըստ թեմաների, այնպես, որ տվյալ գրքում եղած թեմաներն արծարծվեին բոլոր այն հնարավոր տեղերում, որոնք ընթերցողը կարող էր փնտրել։ Այսինքն, կարևորագույն խնդիրը գիրքը հնարավորինս հեշտ ընթերցողին հասցնելն էր։
Մատենադարանում ես սովորեցի գնահատել ձեռագրերի, հնատիպ գրքերի, նույնիսկ յուրաքանչյուր պատառիկի արժեքը, դրա փրկության կարևորությունը։ Այս գաղափարով առաջնորդվել եմ նաև հետագայում այլ գրադարաններում աշխատելիս։ Եթե ինչ-որ մեկը բերում էր նույնիսկ մի փոքր հայատառ էջ, այն չպետք է կորչեր, պետք է իր ուրույն տեղն ունենար։ Ահա այսպես ենք դաստիարակվել Մատենադարանում, որն ինձ համար մի ընտանիք էր, և որտեղ անցկացրած ժամանակը միայն աշխատանք կոչել հնարավոր չէ։

Մատենադարանի գործընկերների և նրանց երեխաների հետ։ Հետևի հատվածում, կենտրոնում Ա․ Պարոնյանն է, աջից առաջինը՝ ՀՀ ապագա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

-Զարմանալի չէ, որ նախագահ դառնալուց հետո Տեր-Պետրոսյանը հրավիրեց Ձեզ նախագահական գրադարան հիմնելու։

-Այո, Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ ցանկություն ուներ նախագահական գրադարան ստեղծել, բայց ասում էր՝ «առայժմ չենք կարող, որովհետև ունենք պատերազմի ու հացի խնդիր, դրա ժամանակը չէ»։ 1993թ. ամերիկահայ Հ. Զադոյանը նախագահին գրքերի մի հավաքածու նվիրեց, որը վերջապես գրադարան ստեղծելու առիթ դարձավ։ Սակայն հավաքածու ունենալը դեռ չի նշանակում գրադարան ունենալ. այս մասին բազմիցս տարբեր առիթներով եմ ասել։ Այն պետք է մասնագիտական մշակման ենթարկվի, որպեսզի կոչվի գրադարան։ Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը հրավիրեց ինձ զբաղվել նախագահական գրադարանի ստեղծմամբ։ Երկար տարիների համատեղ աշխատանքի բերումով նախագահն ինձ լավ ճանաչում էր և գիտեր, թե ինչպես եմ աշխատում։ Անշուշտ, Մատենադարանից դուրս գալու մասին խոսք անգամ լինել չէր կարող, և արդյունքում աշխատանքս կազմակերպվեց երկու տեղում։ Սկզբում ինձ համար մի փոքր դժվար էր, քանի որ մի բան է՝ գրադարանում աշխատել, գրքեր մշակել, և մեկ այլ բան՝ գրադարան կազմակերպել։ Այդ առումով հաջողակ գտնվեցի, քանի որ կարճ ժամանակ անց այցելեցի Ռումինիայի նախագահական գրադարան և մոտիկից ուսումնասիրեցի այն։ Այդ ժամանակ Տիգրան Զարգարյանը գրքերի թվայնացման շատ հաջողված ծրագիր կազմեց, և մենք Հայաստանում դարձանք առաջիններից մեկը, որ օգտագործեցինք այն։ 1998թ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից կարճ ժամանակ անց որոշվեց արդեն իսկ բավականին արժեքավոր գրադարանը տեղափոխել հարևան շենք, որի արդյունքում, ցավոք սրտի, դրա կարևորությունն ընկավ և հետզհետե այն վերացավ։ Մինչև Ռումինիա տեղափոխվելս մոտ 3 տարի ես, այնուամենայնիվ, շարունակեցի զբաղվել այդ գրադարանով, բայց այդ դրվագը տխուր հետք թողեց իմ կյանքում։

Վիլյամ Սարոյանի հետ, Մատենադարանի առջև

Հնատիպ գրքերի կամ ձեռագրերի հետ կապված ի՞նչ հետաքրքիր հիշողություններ ունեք։

-Հետաքրքիր դրվագները շատ են, բայց կառանձնացնեմ դրանցից մեկը. 70-ականների երկրորդ կեսին Մատենադարանում լուր տարածվեց, որ «Մշո ճառընտիրից» երկու էջ է գտնվել Մոսկվայի Լենինի անվան գրադարանում։ Մեր գիտնականները շտապ գնացին այնտեղ ու հաստատեցին դա։ Մատենադարանում հանդիսավոր միջոցառում կազմակերպվեց, և բոլոր աշխատակիցների ներկայությամբ այդ երկու էջը պաշտոնապես հանձնեցին մեզ։ Այդ դրվագն ինձ վրա ցնցող տպավորություն թողեց, կարծես ականատես էի մի պատմական իրադարձության։ Անշուշտ, ձեռագրերի հետ կարող ես աշխատել տարբեր վայրերում, բայց Մատենադարանը մի ուրիշ մագնիսական ուժ ունի։
Երբեք չեմ մոռանա բոլոր այն մատենադարանյան բազմաթիվ էքսկուրսիաները, որոնք վերածվում էին գիտարշավների հայտնի ձեռագրագետ Արտաշես Մաթևոսյանի՝ յուրաքանչյուր կոթողի վերաբերյալ համով-հոտով բացատրությունների շնորհիվ։
Ի դեպ, մինչև անգամ Արցախյան շարժման կրակն ինչ-որ առումով կապված էր Մատենադարանի հետ, քանի որ առաջին շարքերում էին բազմաթիվ մտավորականներ, ակադեմիայի գիտաշխատողներ, պատմաբաններ, բանասերներ և այլն։ Այդ շրջանի իրադարձություններն անմոռանալի են։

Լուսանկարը՝ Անդրեա Տընասե

-Ինչպե՞ս ստացվեց Ռումինիա տեղափոխվելը։

-Ռումինիան անծանոթ վայր չէր ինձ համար։ Յոթ տարեկան էի, երբ առաջին անգամ եկա այստեղ, սակայն երկրին ավելի մանրամասն ծանոթացա 18-19 տարեկանում, երբ հայրենադարձված 5 ընտանիքով այցելեցինք Ռումինիայի բազմաթիվ տեսարժան վայրեր։ 2001թ. հոկտեմբերին ընտանիքով տեղափոխվեցինք Բուխարեստ։ Բնականաբար, առաջին հերթին Մատենադարանի հետ ինձ այնքան կապող բան կար, որ շատ դժվարությամբ համաձայնեցի թողնել այն։ Ի դեպ, այնտեղ աշխատելիս Ռումինիայի մասին հաճախ էի խոսում ռումինահայ պատմաբան Սուրեն Քոլանջյանի հետ, որը մեր հիմնական ընթերցողներից էր։ Նա ինձ շատ էր պատմել Բուխարեստի «Դուդյան» թանգարան-գրադարանի և այլ հայկական մշակութային ժառանգությունների մասին։

-Փաստորեն, Բուխարեստում նույնպես աշխատանքի անցաք Ձեզ հոգեհարազատ միջավայրում՝ գրքերով շրջապատված, ու արդեն նաև թանգարանային նմուշներով։

– Չնայած մտածում էի, որ այլևս առիթ չեմ ունենա աշխատել գրքերի հետ, տեղափոխվելուցս անմիջապես հետո առաջարկ ստացա աշխատել «Դուդյան» թանգարանում։ Առաջին անգամ այնտեղ ոտք դնելիս մի աներևակայելի զգացում ունեցա. աչքիս առաջ եկավ Մատենադարանը. մետաղե դուռը, դեպի ցուցասրահ տանող քարե գորգածածկ աստիճանները, միաժամանակ կողքդ հին գրքեր, ձեռագրեր, գորգեր, խորանի տպավորիչ վարագույրներ ու այլ արժեքավոր նմուշներ տեսնելը և, ի վերջո, ներսի հոտն ամբողջովին ինձ տարան Մատենադարան։ Կարծես կորցրած մի բան էի գտել, ինչ-որ հույսից էի կառչում, որ ամեն ինչ չի վերջացել, կապերն այնտեղի հետ չեն կտրվել։ Առաջին ձեռագիրը, որի մշակմամբ զբաղվեցի, թանգարանի ամենաարժեքավոր նմուշն է՝ 1351թ. Ղրիմի Ավետարանը, որը մինչև Բուխարեստ հասնելը երկար ժամանակ պահվել է Յաշի հայկական եկեղեցում։ Հենց սկզբում կարևորագույն գործս եղավ թանգարանային նմուշների ցուցակագրումը՝ համարակալմամբ և մանրամասն նկարագրությամբ։ Այդ ընթացքում համագործակցության նպատակով կապ հաստատեցի ռումինական մի քանի թանգարանի հետ։ Թանգարանային նմուշների նկարագրությունը ենթադրում էր համագործակցություն նեղ մասնագիտական այլ շրջանակների հետ, օրինակ, մետաղների մասնագետ Դան Իլիեսկուի հետ, որից ես ինքս շատ բան սովորեցի, կամ Պատմության թանգարանից գորգերի մասնագետներ Իլեանա Կրեցուի և Միհայ Լուպուի հետ, որոնք մեզ տրամադրում էին նեղ մասնագիտական մանրամասն նկարագրությունը։ Այդ ժամանակ սկսվեց նաև հնատիպ գրքերի վերանորոգման գործընթացը համապատասխան մասնագետների կողմից, որի արդյունքում երկրորդ կյանք ստացավ շուրջ 60 հնատիպ գիրք։ Միայն թանգարանում գրանցեցի ավելի քան 600 նմուշ, բայց չմոռանանք, որ ցանկացած նմուշի նկարագրության վրա չափազանց շատ ժամանակ է ծախսվում։ Խոստովանեմ, որ թանգարանային բոլոր նմուշներն իմ պատկերացրած ձևով ցուցակագրելու համար շատ ավելի ժամանակ և այլ մասնագետներ էին պահանջվելու։
Շատ կարևոր էր, որ թանգարանի մասնագետների կատարելագործման երկու կարևոր դասընթացի մասնակցեցի, քանի որ, ի վերջո, ես գրքերի մասնագետ էի, ոչ թե թանգարանային նմուշների։ Հատկապես երկրորդ դասընթացը՝ թանգարանագետ Պույու Կոստոյուի ղեկավարությամբ, ինձ շատ բան տվեց, ընդ որում՝ 5 քննություն հանձնեցի, մոտ 100 էջանոց ավարտական աշխատանք գրեցի ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ «Հին հայկական ձեռագրերի պատմությունն ու ճակատագիրը» խորագրով, որի համար հանձնաժողովի նախագահ, ռումինացի ամենահայտնի թանգարանագետներից Յոան Օպրիշի կողմից ստացա 10 թվանշանը, ընդ որում՝ միայն երեք մասնակից էր առավելագույն թվանշան ստացել։ Հպարտությամբ եմ հիշում, որ դրանից հետո Յ. Օպրիշն իր մասնագետներին բերեց մեզ մոտ և որպես օրինակ նրանց ցույց տվեց իմ նկարագրած գրքերը։ Հիշում եմ նաև, որ դասընթացների ընթացքում, նկատելով, որ մեր թանգարանի մասին քչերն են լսել, ղեկավարի հետ կազմակերպեցինք բոլոր մասնակիցների այցը «Դուդյան» մշակույթի տան թանգարան և գրադարան։ Արդյունքներից ոգևորված՝ հաջորդ տարվա մասնակիցների պրակտիկան կազմակերպվեց մեզ մոտ։
2006 թվականից ես պետք է զբաղվեի նաև «Դուդյանի» գրադարանով, քանի որ տիկին Սիրան Նավրուզյանի հեռանալուց հետո այդ տեղը թափուր էր մնացել։ Չնայած մինչ այդ արված աշխատանքին՝ այնտեղ նույնպես շատ անելիքներ կային։ Հետաքրքիր էր, որ նկուղում գտնվող ընդհանուր ֆոնդում, ի թիվս ավելի քան 1200 հնատիպ գրքի, հայտնաբերեցի նաև շուրջ 40 ձեռագիր։ Բացի այդ, ավելի ուշ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանը տարբեր քաղաքներից մոտ 250-300 հնատիպ գիրք տեղափոխեց Բուխարեստ։

Շառլ Ազնավուրի հետ, Բուխարեստի «Դուդյան» թանգարանում

Գրքերի մշակման հարցում Մատենադարանի Ձեր փորձը անգնահատելի պիտի լիներ։

-Անկախ իմ կամքից, բնականաբար, այդ հարցում ես առաջնորդվում էի Մատենադարանում իմ սովորած խիստ չափորոշիչներով։ Ի՞նչ է նշանակում մասնագիտական մշակում. հնատիպ գրքերը, հատկապես սկզբնական շրջանի գրքերը, իրենց տեսքով և ձևավորմամբ շատ նման են ձեռագրերին։  Հնատիպ գրքերի լիարժեք նկարագրման համար անհրաժեշտ է տիտղոսաթերթի և հիշատակարանի առկայությունը։ Ցավոք սրտի, դեռևս չմշակված այդ գրքերի մեծ մասը ոչ մեկը ունեին, ոչ մյուսը։ Այս դեպքում գրքի տվյալները վերականգնելու համար ինչ-որ չափով որոշիչ դեր ունեն թղթի տեսակը, տառատեսակը, գրքի ձևավորումը և այլն։ Գրքի հրատարակման մոտավոր ժամանակահատվածը որոշելուց հետո անցնում ես հաջորդ փուլին։ Մատենադարանում այս գործն ավելի հեշտ է, քանի որ համեմատելու համար ունես բազմաթիվ օրինակներ։ Ես երբեմն զանգում էի Մատենադարանի իմ նախկին գործընկերներին, և քննարկման արդյունքում գտնում էինք որևէ գրքի տվյալները։ Գրքերի նույնականացման հարցում ինձ շատ օգնեցին հնատիպ գրքերի կատալոգները, որոնց հեղինակներն են Նինել Ոսկանյանը՝ մինչև 1800թ. գրքերի համար, և Հայկ Դավթյանը՝ 1801 – 1850թթ. գրքերի համար։ Ընդգծեմ առանց չափազանցելու, որ դեպք է եղել՝ ամիսներ շարունակ աշխատել եմ մի գրքի նույնականացման և մշակման համար, քանի որ մինչև հարյուր տոկոսով վստահ չլինեի, չէի գրանցի այն։ Լինում են դեպքեր, երբ նույն հրատարակության գրքերի մեջ ենք գտնում տարբերություններ՝ թվականը, վայրը, ամեն ինչ նույնն է, և հանկարծ նկատում ես, որ երկու տեղում այլ փորագիր պատկեր են դրել. գիրքը կազմելիս այդպես են որոշել, դժվար է ասել, թե ինչու։ Դրանք կարող է տեսնել միայն այն մասնագետը, որը նկարագրում է այդ գիրքը։
Ինչպես նշեցի, գրադարանը վերջնական տեսք ունի այն դեպքում, երբ յուրաքանչյուր գիրք հստակ և լիարժեք նկարագրված է, և եթե որևէ ընթերցող ցանկանում է, պետք է հեշտությամբ գտնի այն։ Իմիջիայլոց, շատ հաճելի փաստ էր, որ Բուխարեստի Մետրոպոլիտան գրադարանը հանձն առավ մեր ձեռագրերի և հնատիպ գրքերի թվայնացման գործընթացը, որոնց կցվում էր նաև դրանցից յուրաքանչյուրի՝ հայերենից ռումիներեն թարգմանված նկարագրությունը, որով անձամբ ես էի զբաղվում։ Ի դեպ, իմ ողջ աշխատանքի ընթացքում հաճելիորեն տպավորել է այն փաստը, որ ռումինական թանգարաններն ու գրադարանները բացառիկ հետաքրքրություն են ցուցաբերում մեր մշակութային արժեքների նկատմամբ։ Մեզնից ուղղակի պահանջվում է պատշաճ ներկայացնել դրանք։       
«Դուդյանում» աշխատեցի մինչև 2012թ., և երբ հերթական անգամ կարծեցի, որ գրքերի հետ աշխատանքներս ավարտված են, ֆրանսահայ հայագետ Կլոդ Մութաֆյանից և այդ ժամանակ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանից առաջարկ ստացա միանալ ռումինահայ ժառանգության վերաբերյալ ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին։

-Հիշում եմ, որ Կլոդ Մութաֆյանի հետ բավականին արդյունավետ համագործակցություն ունեցաք։

-Այո, այդ համագործակցությունը կյանքիս հրաշալի հատվածներից էր։ Մի շարք քաղաքներով շրջեցինք, ուսումնասիրություններ կատարեցինք, և այսօր արդեն շատ լավ գիտեմ, թե որ քաղաքի որ թանգարանում կամ եկեղեցում ինչ նմուշներ ունենք։ Ձեռագրերի մասնագետ, Հայաստանից ժամանած Լուսինե Սարգսյանը հսկայական աշխատանք կատարեց և ի մի բերեց Ռումինիայում գտնվող հայկական ձեռագրերը։ Հիշում եմ, որ ինձ հիացրին Կլուժ-Նապոկայի պետական արխիվներում գտնվող ձեռագրերի պահպանման արտակարգ պայմանները, նույնը նաև Պլոյեշտում և այլուր։ Հիշում եմ, որ միայն Գեորգենի հայկական եկեղեցում Լուսինեի հետ մեկ օրում հարյուրավոր գրքեր և ձեռագրեր գրանցեցինք։

Կլոդ Մութաֆյանի և Լուսինե Սարգսյանի հետ

-Ռումինիայի հայախոս և ռումինախոս ընթերցողների համար տասնյակ հոդվածներ եք գրել Մատենադարանի և «Դուդյան» թանգարան-գրադարանի վերաբերյալ։

-Իրականում մեր համայնքում քչերը գիտեին, թե ինչ արժեքավոր ձեռագրեր են պահվում Մատենադարանում։ 2002-2004թթ. հրապարակեցի «Երևակայական ճանապարհորդություն դեպի Մատենադարան» հոդվածը, որին հետևեցին մի շարք գիտահանրամատչելի հոդվածներ ձեռագրերի վերաբերյալ, որոնցում կարելի է գտնել հայկական ձեռագրերի հետ կապված բոլոր կարևոր տեղեկությունները։ Նշեմ նաև «Արարատ» ամսագրի՝ իմ պատրաստած երկու հավելվածների մասին՝ «Առաջին հայերեն Աստվածաշնչի տպագրությունը» և «Բուխարեստի «Հովսեփ և Վիկտորյա Դուդյան» մշակույթի տան գրադարանի հայ հնատիպ գրքերի հավաքածուն»։ «Դուդյանում» պահվող գրքերը, ձեռագրերն ու թանգարանային այլ նմուշներն իսկապես բացառիկ արժեք ունեն։

-Ներկայում Ձեր գործունեությունը հիմնականում կապված է Բուխարեստի հայկական կիրակնօրյա դպրոցի հետ։ Ինչպե՞ս են դասերն անցնում։

-2007թ. ուշադրությունս գրավեց այն փաստը, որ նույնիսկ ընտանիքներում հայերեն խոսող երեխաների մեծ մասը հայերեն գրել-կարդալ չգիտի։ Արդյունքում մոտ 18 երեխա հավաքվեց, և արևելահայերենի դասընթացներ սկսեցինք։ Դպրոցը պաշտոնապես գրանցված է, իսկ աշակերտներն իմ տված գնահատականները ներկայացնում են իրենց դպրոցներ և ավելացնում իրենց ընդհանուր գնահատականներին։ Առաջին խմբի հետ մի փոքր դժվար էր, քանի որ մեկ խումբ էր՝ 2-9-րդ դասարանների աշակերտներով։ Հետզհետե որակը բարելավվեց, և երեխաները ոչ միայն գրել-կարդալ էին սովորում, այլև հայ քաղաքակրթություն, պատմություն՝ իմ կազմած տեքստերով։ Իմ այսօրվա աշակերտները, օրինակ, հայկական ձեռագրերի, մանրանկարչության կամ մագաղաթների մշակման մասին ավելի շատ բան գիտեն, քան մեծահասակները։ Չեմ կարող նկարագրել իմ գոհունակությունն ամեն անգամ, երբ աշակերտներիս մոտ առաջընթաց եմ նկատում։ Այսօր աշակերտների երեք խումբ կա՝ ըստ մակարդակների, և հուսով եմ, որ տարեցտարի նրանց թիվը կաճի։ Այս տարի առաջին անգամ հավաքելու եմ երեխաների մի խումբ, որոնք հայերեն խոսել ընդհանրապես չգիտեն։ Հայոց լեզվի և տառաճանաչության դերն ազգային ինքնության պահպանման հարցում անգնահատելի է։

Լուսանկարը՝ Անդրեա Տընասե

-Եվ վերջում՝ հակիրճ ինչպե՞ս կբնութագրեք Ձեր անցած աշխատանքային ուղին։

– Մատենադարանյան շրջանը կյանքիս ամենաերջանիկ ժամանակահատվածն էր, որի ընթացքում ձեռք բերեցի մասնագիտությունս։ Նախագահի աշխատակազմում կարողացա գործի դնել գրադարանն ու արդարացնել նախագահի վստահությունը։ «Դուդյան» թանգարան-գրադարանում իմ լուման ունեցա հատկապես հայ հնատիպ գրքի մշակման առումով, իսկ աշակերտներիս՝ պարտաճանաչ դասերին մասնակցելն ու նկատելի առաջընթացն իմ ամենամեծ վարձատրությունն են։

Արսեն Արզումանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *