MStepan

Հարցազրույց «Իմ սև սիրտը» ֆիլմի ռեժիսոր Գարուշ Ղազարյանի հետ

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Ողջույն, Գարուշ: Մենք հանդիպեցինք Իսմայիլիայի կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի բացման ընթրիքին: 2022թ. մարտի 17-23-ը տեղի ունեցած փառատոնի մրցութային ծրագրում էր նաև Ձեր կարճամետրաժ ֆիլմը:

Ողջույն, Ալիս ջան: Այո, մենք հանդիպեցինք ընթրիքի ժամանակ, որի համար ես շատ ուրախ եմ:

Ձեր մասին ես միայն գիտեմ, որ սա Ձեր 3-րդ ֆիլմն է, և որ դուք սովորել եք հայ կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի արվեստանոցում։ Ինչպե՞ս է նա ազդել Ձեր գեղարվեստական ընկալումների վրա։

Այո, «Իմ սև սիրտը» իմ 3-րդ կարճամետրաժ ֆիլմն է: Չորս տարի սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, կինոռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյանի արվեստանոցում, որի հետ մեծ ճանապարհ եմ անցել և շատ շնորհակալ եմ նրան: Նրա շնորհիվ ես կարողացել եմ գտնել իմ կինո ոճը, ինչը շատ կարևոր է ցանկացած ռեժիսորի համար։

Որտե՞ղ է տեղի ունեցել Ձեր կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան և ինչպե՞ս է Ձեր ֆիլմը հրավիրվել Իսմայիլիա:

«Իմ սև սիրտը» կարճամետրաժ ֆիլմի առաջին միջազգային ցուցադրությունը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերին` Ղրղզստանում Բիշքեկի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում: Ես ինքս եմ որոշում իմ ֆիլմի հետագա ճակատագիրը՝ առանց դիմելու որևէ կազմակերպությունների, որոնք զբաղվում են փառատոններով: Ինձ շատ հետաքրքիր է եղել եգիպտական մշակույթը, որին ծանոթացել եմ դեռ դպրոցական դասագրքերից: Իմ հետաքրքրությունների, փնտրտուքների արդյունքում գտա Իսմայիլիայի փառատոնը և ուսումնասիրելուց հետո հասկացա, որ պետք է ուղարկեմ ֆիլմս: Հետաքրքիրն այն է, որ 1 օր էր մնացել հայտերի ընդունմանը: Ես հասցրի ուղարկել փառատոնին և օրեր անց փառատոնի տնօրենից ստացա պատասխանը:

Ի՞նչը ձեզ դուր եկավ Իսմայիլիայի կինոփառատոնում:

Շատ դժվար է առանձնացնել միայն մեկ բան: Ամեն ինչ դուր եկավ, բայց ամենից շատ հավանեցի փառատոնի ֆիլմեր ընտրող հանձնաժողովին: Բոլոր ֆիլմերի ցուցադրությունների ընթացքում ես հասկանում էի, որ նրանք ճաշակով են, կարողացել են ընտրել ֆիլմեր, որոնք մեկը մյուսից լավն են, հատկապես լիամետրաժ վավերագրական ֆիլմերը: Ամեն ինչ պարզապես հիասքանչ էր:

Շա՞տ նոր ընկերներ եք ձեռք բերել:

Տարբեր միջազգային կինոփառատոնների մասնակցելով՝ ես հանդիպում, ծանոթանում և մտերմանում եմ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ: Սա շատ կարևոր է, երբ տարբեր մշակույթներից դուրս եկած կինոգործիչները սկսում են ընդհանրություններ գտնել, կիսվել միմյանց հետ իրենց փորձով: Շփումը շատ կարևոր է փառատոնի շրջանակներում: Պետք է առանձնացնեմ Ջուլիենին Լիբանանից և Դեյվիդին Իտալիայից: Նրանց հետ շփումը շատ հաճելի էր, որը մինչ այժմ շարունակվում է:

Ինձ շատ տպավորեցին բացման արարողությանը Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի հետ համատեղ ցուցադրված կարճամետրաժ ֆիլմերը, հատկապես «Քույրերը»: Ո՞ր ֆիլմերն են ձեզ տպավորել:

Այո, իսկապես շատ հետաքրքիր էր փառատոնի բացումը: Բացման ֆիլմերը լավն էին, ես էլ կառանձնացնեմ «Քույրերը» ֆիլմը: Ինձ նույնպես հետաքրքրեց այդ ֆիլմը․ այն հաջողված էր, զգում էիր այդ քույրերի մեջ տիրող ջերմությունը, միասնությունը, քույրերի բոլոր խնդիրները, հաջողությունները, ուրախությունները թաքնված էին այդ պարի շարժումներում: Այս ֆիլմում հետաքրքիր էին աշխատել և՛ բեմադրող օպերատորը, և՛ նկարիչը, բայց պետք է առանձնացնեմ դերասանական և ռեժիսորական աշխատանքը: Իսկապես, այս ֆիլմը դիտելով շատ հարցեր են առաջանում քո ներսում, ու երբ ուզում ես այդ հարցերի պատասխանները գտնել, փորձում ես գտնել պարի շարժումներում, սկսում ես կատարել 1-2 շարժում: Այդ 3 քույրերը, երբ նույնիսկ ֆիզիկապես  առանձնանում էին ինչ-որ պահերի, մեկ է՝ դու նրանց առանձին չէիր ընկալում։

Որո՞նք են «Ոսկե ծիրանի» հետ ընդհանրությունները և տարբերությունները:

Ցավոք սրտի, տարբերություններ և ընդհանրություններ չեմ կարող ասել, դա ավելի խորը ուսումնասիրություն է պահանջում:

Ի՞նչ է նշանակում ձեր ֆիլմի «Իմ սև սիրտը» վերնագիրը:

Բացատրեմ, թե ինչու է այն կոչվում «Իմ սև սիրտը»: Հայերն ունեն այսպիսի արտահայտություն. «Իմ սև սիրտը, քո վարդագույն վարտիքը»: Երբ ինչ-որ մեկի կյանքում ողբերգություն է տեղի ունենում, նա  կորցնում է իրեն, դժբախտություն է տեղի ունեցել, իսկ ուրիշների կյանքում կա արև, երջանկություն: Տխուրը ու դժբախտը սովորաբար ասում է՝ «Իմ սև սիրտը, քո վարդագույն վարտիքը»:

Ո՞րն է Ձեր ֆիլմի սյուժեն:

Այս պատմությունը երևանաբնակ, 50-ամյա Պողոսի մասին է, որն, ունենալով բազմաթիվ  ֆինանսական խնդիրներ, երկար ժամանակ սպասում է, որ լրանա իր հոր՝ Վաչագան պապի 100-ամյակը, և այդ առիթով պետությունից ստանա «Նիվա» մակնիշի ավտոմեքենա և այն վաճառելով կարողանա փակել վարկերի մի մասը։ Սակայն ամեն ինչ հեշտ չի ընթանում։ Հենց ծննդյան օրը մահանում է Վաչագան պապը, և գործողությունների ընթացքը կտրուկ փոխվում է:

Ընտանիքի անդամները որոշում են թաքցնել այդ լուրը և խաբեության միջոցով նախարարությունից վերցնել մեքենան։ Վաչագան պապին հագցնում են տոնական հագուստը, ննջասենյակից տեղափոխում հյուրասենյակ, շպարում են և նստեցնում սեղանի շուրջ ու սպասում նախարարի գալուն։ Գալիս է նախարարը և մեքենայի բանալիները հանձնելու ժամանակ ներս են մտնում Պողոսի հարևանները, որոնք, տեղյակ լինելով Վաչագան պապի մահվան մասին, եկել էին նրա հոգեհանգստին։ Ամեն ինչ բացահայտվում է, սակայն նախարարը, լինելով գթասիրտ, Պողոսին է հանձնում մեքենայի բանալիները, ասելով, որ մահը գրանցեն մի քանի օրից։ Սակայն, չարը պետք է պատժվի։ Հաջորդ օրը Վաչագան պապի հոգեհանգստի ժամանակ գալիս են իրավաբանները և Պողոսին ասում, որ, ըստ Վաչագան պապի կտակի, մեքենան պատկանում է Պողոսի քրոջ որդուն։ Պողոսը՝ կյանքից հոգնած, դատարկ ձեռքերով նստում է աթոռին։

Ինչպե՞ս եք այն ֆինանսավորել:

Ֆիլմի համար ոչ մի ֆինանսական աջակցության չեմ դիմել։ Շատ էի ուզում նկարել այն, այդ իսկ պատճառով չէի ուզում դիմել ինչ-որ մեկին, որ երկար սպասեմ: Ֆիլմն ամբողջությամբ նկարահանավել է իմ ֆինանսական միջոցներով:

Ինչպե՞ս ընդունվեց Իսմայիլիայում:

Հանդիպելով Իսմայիլիայում հանձնաժողովի անդամների հետ, որոնք դիտել և ընտրել էին ֆիլմը, հասկացա, որ շատ են հավանել: Ինձ հետաքրքիր էր լսել նրանց կարծիքը, նրանց մեկնաբանությունները: Մի մասը ասում էր, ինչպես կարող էր այդ կենդանին նման ձև վարվեր հոր հետ, չէ՞ որ նրա որդին է: Ես էլ պարզաբանեցի, որ սա հիմնված է իրական պատմության վրա ու պետք չէ ծանր ընդունել, հատկապես այն դեպքում, երբ ֆիլմի ժանրը տրագիկոմեդիան է: Հիշում եմ այն գիշերը, երբ ինձ նամակ ուղարկեց Իսմայիլիայի փառատոնի տնօրենը՝ Սաադ Հանդավին, ասելով, որ Ձեր ֆիլմը ընտրվել է և Ձեզ հրավիրում ենք Եգիպտոս: Հետաքրքիր զգացողություններ կար, քանի որ ֆիլմը առաջին անգամ էր ցուցադրվելու Եգիպտոսում:

Ի՞նչ պլաններ ունեք ապագայում:

Շատ պլաններ ունեմ ապագայում: Նոր կարճամետրաժ խաղարկային ֆիլմի գաղափար ունեմ, որը զարգացման փուլում է: Այս անգամ Ֆիլմում փորձելու եմ պաշտպանել կանանց իրավունքները, այս պահին հավելյալ բաներ չեմ կարող ասել: Ունեմ 2 կարճամետրաժ վավերագրական ֆիլմի գաղափարներ, որոնց մեջ խճճվել եմ, չգիտեմ որից սկսեմ, ուզում եմ բոլորը միանգամից նկարել, սակայն կա ժամանակի խնդիր, պետք է սպասել, համբերել… Ես կարծում եմ՝ մենք կրկին կհանդիպենք Եգիպտոսում այլ տարբեր փառատոների շրջանակներում իմ նոր ֆիլմերով: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ:

Ալիս ԿԱՆՏԵՐՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *