Elena Chobanyan

Գևորգ Շատոյան. «Երջանիկ լինելու համար մարդը պետք է բավարարված զգա»

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Մինչ մարդու առողջությանը սպառնացող թագավարակի խնդրի մեղմացնելն ու վարակի տարածման կանգնեցնելը, որոշեցինք ներկայացնել թեթև ու օգտակար թեմա նորաձևության մասին, որն իր կիրառելիության շրջանակները կընդլայնի այս համաշխարհային տնտեսաառողջապահական ճգնաժամը հաղթահարելուց հետո:

«Արարատ» ամսագիրը ներկայացնում է բազմաթիվ հավաքածուների հեղինակ, հալեպահայ մոդելավորող Գևորգ Շատոյանի հետ հարցազրույցը, որն իր հայկական տարազի հագուստներն է ցուցադրում աշխարհի տարբեր երկրներում:

Ձեր աշխատանքները բացառապես տարազներին չեն նվիրված, այլ նաև ժամանակակից՝ կոկտելային և երեկոյան զգեստներին, այդպե՞ս է:
– Ճիշտ այդպես: Երբ առաջին անգամ եկա Հայաստան, 2002 թվականն էր: Այստեղ գալու նպատակս նորաձևության մեջ խորանալն ու այս ծով-ասպարեզում բազմաթիվ նորարություններ բացահայտելն էր, այսինքն՝ երեկոյան ու հարսանյաց զգեստներ պատրաստելու հարցում պրպտումներ անել, հայկական տարազների պատմությունը յուրացնել և զանազան գույների, զարդանախշերի մասին ավելին իմանալ ու դրանք նորաձևության մեջ կիրառել: Տարազներ պատրաստում եմ առիթների ժամանակ, իսկ հավաքածուներս նվիրված են հիմնականում երեկոյան զգեստներին, որոնք սեզոնային են: Պատրաստում եմ նաև այլ պարագաներ, օրինակ՝ պայուսակներ, հացամաններ, բրդի վրա արված շարֆեր և այլն:

Երբ ուսումնասիրեցիք հայաստանյան նորաձևության շուկան, ի՞նչ հասկացաք:
– 2002 թվականին Հայաստանում նորաձևությունը շատ տխուր վիճակում էր: Նույնիսկ աշակերտները ուսումն ավարտելիս ամբողջովին պատրաստ չէին այս բնագավառում աշխատելու համար: Բայց տարիներ անց նորաձևությունը զարգացավ նաև ՀՀ-ում, թեպետ Վրաստանը այդ մրցավազքում մեզանից առաջ է:

– Գուցե խնդիրն այն է, որ կրթությունը չի համապատասխանում շուկայի պահանջարկին:
– Այո, բայց փորձը ցանկացած ոլորտում շատ կարևոր է: Նորաձևությունը բացառություն չէ: Որքան էլ ուսուցիչը տա, միևնույն է՝ պետք է ինքնուրույն կատարելագործվել: Շրջանավարտը պետք է փորձ ձեռք բերի դիզայներների մոտ շատ աշխատելով կամ սեփական միջոցներով՝ այդ կերպ ամբողջացնելով փորձն ու կրթությունը, քանի որ նորաձևության մեջ միշտ սովորելու բան կա:
Հայաստանում շատ բան սովորեցի հատկապես միջազգային տարազների պատմությունից՝ տարազաբանների, պատմաբանների և դասախոսների հետ գավառներում և թանգարաններում հատուկ աշխատանքներ կատարելիս: Մի քանի տարի անց էլ որոշեցի դիպլոմայինս գրել՝ հավաքածուն կոչելով «Հայկական հարսանիքն այսօր», որտեղ տարազները ներկայացված էին ավելի ժամանակակից ոճով:

Ինչո՞ւ հենց տարազներ:
– Բեյրութում միջազգային փառատոն էր կազմակերպված, որտեղ աշակերտները պետք է ցուցադրեին իրենց աշխատանքները: Տնօրենն ինձ հորդորեց մասնակցել որպես սիրիահայ՝ ներկայացնելով սիրիական կամ հայկական տարազը: Բայց այդ ժամանակ գաղափար անգամ չունեի տարազներից: Փորձեցի ներշնչվել տարազին նվիրված մի գրքից և այդկերպ կարողացա ներկայանալ փառատոնին: Այդ օրվանից ինձ խոստացա, որ մի գեղեցիկ օր անպայման այդ ճյուղով կզբաղվեմ, իսկ 2002 թվականին, գալով Հայաստան, սկսեցի այն իրականություն դարձնել:
Ինձ բախտ վիճակվեց փորձ ձեռք բերել անվանի դիզայներների մոտ: Իսկ իմ հագուստներն ու հավաքածուները կրել են տարբեր ոլորտների ճանաչված անձինք, որոնք կիսվել են իրենց սոցիալական էջերում՝ #Armenian Genocide և իմ անվան հաշթագների ներքո, ինչը մեծ պատիվ է ինձ համար:

– Հետաքրքիր է, մոլերում վաճառվող հավաքածուները ճաշակ թելադրո՞ւմ են, թե՞ ոչ:
– Տեսեք, դա ռազմավարական հարց է: Ոմանք արտադրում են հագուստներ, որպեսզի շատ վաճառեն, մյուսներն էլ ստեղծում են քիչ վաճառվող արվեստի գլուխգործոցներ: Բիզնեսի տեսանկյունից առաջին տարբերակն է ճիշտ, իսկ երկրորդն արդարացնում է այն ժամանակ, երբ ուզում ես բրենդդ ասելիք ունենա և հասարակության մեջ մի բան փոխի: Երկու տարբերակն էլ պետք է կիրառել, քանի որ եթե միայն արվեստ ստեղծես, այն կմնա քո ուսերին և, կարծում եմ, դա խելացի չէ: Միայն Հայաստանի համար հագուստներ արտադրելը հեռանկար չունի: Բացի այդ, օտար ապրանքանիշներն այստեղ շատ են, իսկ հայկական շուկան փոքր է:

Բացի ՀՀ-ից, որտե՞ղ եք ներկայացնում Ձեր հավաքածուները:
– Ցուցադրություններ ունեցել եմ տարբեր երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Չինաստանում, Մոսկվայում, Փարիզում և Հայաստանում: Օրինակ, Չինաստանում կազմակերպված հսկա միջոցառման՝ Harbin Fashion Week-ի ժամանակ հրավիրվել եմ երեք անգամ, Լոս Անջելեսում «Ոսկե աշունը Հայաստանում» միջոցառմանը ներկայացրել եմ ոսկեգույն հագուստներով աշխատանքներս, իսկ Սաուդյան Արաբիայի իշխանուհու համար ամուսնական օժիտի պատվերն եմ կատարել:

https://youtu.be/K5908dP67JA

– Հայաստանում հնարավո՞ր է ունենալ այդօրինակ միջոցառումներ:
– Միանշանակ ոչ, քանի որ այդպիսի հսկա ծախսեր այստեղ հնարավոր չէ անել:

– Դեռ առողջապահության ոլորտն ունի բազմաթիվ անելիքներ, ինչը մարդու կյանքի համար առաջնային է:
– Այո, բայց ամեն ինչն էլ կարևոր է:

Եվ վերջում. ի՞նչ է անհրաժեշտ հային երջանիկ լինելու համար:
– Միշտ բավարարված զգա իրեն և գոհ լինի իր արածից: Ամեն օր արթնանալիս՝ երեկվա համար փառք տա Աստծուն և ինքն իրեն ասի, որ նոր օրը սկսվեց ու անելու բան ունի: Այդ ժամանակ երջանիկ կլինի:

Ելենա Չոբանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *