ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ / Վերջերս Լոս Անջելեսում մեկնարկեց նոր ռադիոհաղորդում՝ «Let’s Talk, with YElena Chobanyan»
2021 թվականի դեկտեմբերի 29-ից սկսած՝ չորեքշաբթի երեկոյան ժամը 21:00-ին, Լոս Անջելեսի ժամանակով, SoCal հայկական ռադիոն սկսեց նոր հեղինակային ռադիոհաղորդման շարք, որը հեռարձակելու է հասարակությանը հետաքրքրող և օգտակար թեմաներ: Լրագրող Ելենա Չոբանյանը հարցազրույցի միջոցով փորձելու է բացահայտել և վերլուծել տարբեր հարցեր զանազան ոլորտների՝ գիտության, հոգեբանության, քաղաքականության, քաղաքագիտության, մշակույթի, կրթության, զբոսաշրջության, բիզնեսի փորձագետների և հայտնի մարդկանց հետ, որոնք հետևում են կամ տիրապետում են հայկական և համաշխարհային իրադարձությունների այս կամ այն կողմը և բաց են մեկնաբանությունների համար։
SoCal Armenian-ի մասին
SoCal հայկական ռադիոն հեռարձակվում է Լոս Անջելեսում FM 95.5HD3-ով: Այն Radio KIRN 670AM-ի քույր ռադիոն է (սպասարկում է իրանա-ամերիկյան համայնքին և FCC-ի կողմից արտոնագրված միակ պարսկալեզու ռադիոկայանն է ԱՄՆ-ում, որը հեռարձակվում է օրական 24 ժամ՝ նաև podcast-ով): www.socalarmenian.com կայքում հասանելի փոդքասթները հեռարձակում են մշակութային և կարծիքների լայն խառնուրդ՝ առաջնահերթություն տալով հայկական կյանքին, քաղաքականությանը, իրադարձություններին, հայկական սփյուռքի և նրա սահմաններից դուրս սոցիալական, բժշկական, կրթական և գիտական խնդիրներին:
«Անունս Ելենա Չոբանյան է: Լրագրող-հեղինակ եմ (թեպետ այսօր մեծամասնությունը չի սիրում լրագրողներին) և 2013 թվականից ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ եմ պատրաստել Հայաստանի լրատվամիջոցների համար, սակայն հատկապես 2020 թ.-ից կենտրոնացած եմ ոչ լոկալ մեդիային, հիմնականում քանի որ սեփական հայրենիքում մեդիադաշտը անհաղորդ և փակ է իմ առաջարկներին:
Պատրաստել եմ տարբեր թեմաներով ռեպորտաժներ, վերլուծական և բացահայտողական ռադիո-հեռուստածրագրեր՝ միաժամանակ հրատարակելով մի շարք պարբերականներում, երեք լեզուներով (հայերեն, անգլերեն և ռումիներեն)։ 2017 թվականին Լեհաստանում լավագույն պետհամալսարաններից մեկում ձեռք բերելով միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում (MA)՝ կապ եմ հաստատել քաղաքագիտության ոլորտի տարբեր մասնագետների հետ՝ ռադիոհաղորդման շրջանակներում հասկանալու համար, թե ինչ է թաքնված այս կամ այն հիմնահարցի հետևում։
Իհարկե, դեռ չեմ կարողացել իրականացնել այն բոլոր հավակնոտ երազանքները, որոնք պետք է կյանքի կոչեի Արցախյան երկրորդ ահասարսուռ և աննկարագրելի վերքեր թողած պատերազմից, նաև իմ սիրելիների կյանքի կորստից առաջ: Բայց հսկայական պայքարի և համբերության շնորհիվ հուսամ մի օր դա կանեմ: Ամեն դեպքում, կատարվեն երազանքները, թե ոչ, ամենից առաջ կարևոր է հիշել, որ երկարատև հաջողությունը ձեռք է բերվում միայն համագործակցության և միմյանց օգնելու միջոցով»: