Arsen Arzumanyan

ՄԱՅԻՍԻ 28. Չորս հեղինակավոր անձ Հայաստանի Առաջին Հանրապետությունից, որոնց աճյունները հանգչում են Բուխարեստի Հայկական գերեզմանատանը

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page
Բաշ-Ապարանի հերոսամարտի «Վերածնունդ» հուշահամալիր

Հայ ժողովրդի պատմության էջերում բազմաթիվ դրվագներ կան, երբ տարբեր հայ անհատներ կամ մեծ թվով գաղթականներ են հաստատվել Ռումինիայում։ Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից տարիներ անց դրա մի շարք ներկայացուցիչներ հասնում են Բուխարեստ, որոնցից չորսի աճյունները հանգչում են Բուխարեստի Հայկական գերեզմանատանը։

Սարգիս Արարատյան

Սարգիս Արարատյան (1884 կամ 1886 – 1943), քիմիկոս, ֆինանսների նախարար (5 օգոստոս, 1919 – 5 մայիս, 1920), հետագայում պարենավորման, հասարակական օգնության, ապա նաև ներքին գործերի նախարար։ Հայաստանի խորհրդայնացումից հետո մեկնել է Կ. Պոլիս, Փարիզ, Լոնդոն և ի վերջո հաստատվել Բուխարեստում, որտեղ հիմնականում զբաղվել է մասնագիտությամբ։ Հայտնի է, որ 1940-1941թթ. Բուխարեստում նրան այցելում էր Գարեգին Նժդեհը։ Ս. Արարատյանի դերն անգնահատելի է 20-րդ դարասկզբի բազմաթիվ ինքնապաշտպանական մարտերի կազմակերպման գործում։

Արսեն Տեր-Պողոսյան (1875 – 1938), 1918թ. մայիսի 22-29-ի Բաշ-Ապարանի հերոսամարտի կազմակերպիչ – աշխարհազորի հրամանատար։ Մայիսի 22-23-ին, անմիջականորեն ղեկավարելով Ապարանի պաշտպանական առաջին մարտերը, աշխարհազորայինների միջոցով փակել է Երևան արշավող թուրքերի ճանապարհը՝ մինչև կառավարական ուժերը Դրոյի գլխավորությամբ հասել են Ապարանի ճակատ։ Նա գնդապետ Սամսոն Տեր-Պողոսյանի որդին էր, որը Րաֆֆու «Խենթը» վեպի հերոսի նախատիպն էր (գիրքը 2004թ. հրատարակվել է նաև ռումիներենով Բուխարեստի «Արարատ» հրատարակչության կողմից)։ 1921-1927թթ. Ա. Տեր-Պողոսյանը բնակվել է այն ժամանակ Ռումինիայի մաս կազմող Բեսարաբիայում (այսօրվա Մոլդովայի Հանրապետությունը), ապա տեղափոխվել Բուխարեստ, որտեղ աշխատել է Մելիք անունով մի հարուստ հայի մոտ, որպես նրա կալվածքի կառավարիչ։ Մշտապես մտածել է Հայաստան վերադառնալու մասին, սակայն 1938 թվականին ծանր վիրահատության է ենթարկվել, որից էլ մահացել է:

Կուռո Թարխանյան

Կուռ (Կուռո) Թարխանյան (1896 – 1944), Հայաստանի զինված ուժերի սպա, Դրոյի օգնականներից (ի դեպ, Դրոն նույնպես ապրել է Ռումինիայում՝ Պլոյեշտ և Բուխարեստ քաղաքներում, մոտավորապես 15 տարի)։ Թարխանյանը եղել է հայ ազգային ազատագրական շարժման ակտիվ գործիչ, մասնակցել բազմաթիվ ճակատամարտերի, այդ թվում՝ Բաշ-Ապարանի հերոսամարտին։ Մահացել է 48 տարեկան հասակում ծանր հիվանդությունից։

Հարություն Խնդիրյան

Հարություն Խնդիրյան (1870-1959), գրող, հայերեն պարբերականների հիմնադիր, Հայաստանի Առաջին Հանրապետության գլխավոր հյուպատոսը Ռումինիայում։ Խնդիրյանը կանգնած է Առաջին աշխարհամարտից հետո Բուխարեստում Ռումինիայի Հայոց Միության հիմնադրման ակունքներում, որի առաջին նախագահն էր։ Այս պաշտոնում եղած ժամանակ, ունենալով տեղի իշխանությունների աջակցությունը, Խնդիրյանը Միության անունից հայ գաղթականներին տրամադրում է ազգությունը հաստատող պաշտոնական փաստաթղթեր, որոնք չափազանց կարևոր էին Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի համար։

Արսեն Արզումանյան
(նկարները՝ hy.wikipedia.org)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *