Arsen Arzumanyan

Բուխարեստում տեղի ունեցավ «Հայկական փողոց» փառատոնի 6-րդ թողարկումը

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Օգոստոսի 2-4-ը Բուխարեստի Հայկական թաղամասում տեղի ունեցավ «Հայկական փողոց» եռօրյա փառատոնի 6-րդ թողարկումը, որն արդեն դարձել է Ռումինիայի մայրաքաղաքի կարևոր իրադարձություններից մեկը։ Փառատոնի երեք օրերի ընթացքում ելույթ ունեցան «Կարին» ավանդական երգի-պարի խումբը (գեղ. ղեկավար՝ Գագիկ Գինոսյան), Բուխարեստի «Վարդավառ», «Miko & Crew» և Գեռլայի «Հայաքաղաք» պարախմբերը, ռումինական հայտնի «The Motans» և «Moonlight Breakfast»  խմբերը, երգչուհի Վալերիա Ստոյկան և այլն։ Փառատոնին մասնակցեցին նաև այլ ազգային փոքրամասնություններ՝ հունական «Կիմատա» և «Աստերիա» անսամբլները, «The Greek Diamond» (Անտոնիա Կոժոկարու) և «Acropolis Band» խմբերը, իտալացիներ սոպրանո Իրինա Մոշու-Վելչուն և դաշնակահար Ռոման Մանոլեանուն, հրեական «Bucharest Klezmer Band», «Haverim», «Hora» խմբերը, «Հազամիր» երգչախումբը։

Փառատոնի շրջանակներում Հայաստանի «Տերյան» մշակութային կենտրոնի (տնօրեն՝ Լիլիթ Մելիքյան) նախաձեռնությամբ ձևավորվեցին ձեռագործ ասեղնագործության և փայտի վրա փորագրության եռօրյա արհեստանոցներ, ինչպես նաև ցուցադրվեց հայկական տարազը, որը մեծ արձագանք գտավ ռումինացիների շրջանում: Բացի այդ, համայնքի երիտասարդներն առանձին տաղավարում ռումինացիներին ներկայացնում էին հայերեն տառերը, և յուրաքանչյուր այցելու փառատոնից տանում էր իր անվամբ մի փոքր հուշանվեր։ Նախորդ տարիների համեմատ՝ այս անգամ գեղագրության տաղավարներ ունեին նաև հունական և հրեական փոքրամասնությունները։

Ամբողջապես նոր էր խաչքարի արվեստը յուրահատուկ կերպով ռումինական հանրությանը ներկայացնելու գաղափարը. վանաձորցի քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանը, խաչքարի վրա աշխատանքի մեծ մասը կատարելով Հայաստանում, փառատոնի օրերի ընթացքում բոլորի աչքի առաջ ավարտին հասցրեց այն, ինչի ականատես եղան հազարավոր տեղացիներ։ Խաչքարը կտեղադրվի Բուխարեստի բանուկ հատվածներից մեկում։

Էքսկուրսավարի ուղեկցությամբ կազմակերպվեցին նաև շրջայցեր Հայկական թաղամասով՝ Հայկական եկեղեցի, «Դուդյան» գրադարան-թանգարան, Մելիքի տուն, որը Բուխարեստի ամենահին բնակելի տունն է և այլն։ Հայկական եկեղեցում կրոնական երգեր ներկայացրեց սոպրանո Արմինե Խաչատրյանը, որը նվիրված էր մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։ Փառատոնի ողջ ընթացքում ներկայացվեց երկու ցուցահանդես, որոնցից մեկը նվիրված էր Ռումինիայի Հայոց Միության 100-ամյակին, իսկ երկրորդը բոլոր ժամանակների տարբեր հայ նկարիչների կարևոր աշխատանքներն էին։ Փառատոնից անմասն չմնաց Բուխարեստի «Արարատ» հրատարակչության կազմակերպած «Գրքերի փողոցը», որտեղ ներկայացվեցին հրատարակչությունում տարբեր տարիներին տպված գրքերը և անվճար տրվեցին ցանկացողներին։

Փառատոնի այցելուները հնարավորություն ունեցան վայելել նաև հայկական ճաշատեսակներ, սուրճ, նռան և սերկևիլի գինի, կոնյակ և այլն։ Երեխաների համար ցուցադրվեցին թատերական ներկայացումներ, իսկ փառատոնի զարդերից մեկը հայկական ամենասիրելի տոներից մեկի՝ «Վարդավառի» անցկացումն էր հենց եկեղեցու բակում, ինչն արդեն ավանդույթ է դարձել։

Փառատոնը կազմակերպել է Ռումինիայի Հայոց Միությունը, որը ֆինանսավորել է այն Ռումինիայի պետական Միջէթնիկական հարաբերությունների բաժնի հետ համագործակցությամբ։ Փառատոնի գլխավոր գործընկերներն են Բուխարեստի քաղաքապետարանը և Ռումինիայի Հայոց թեմը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *