Աստղահոգեբան Տաշա Իգոշինա․ «Մեկ միլիոնատիրոջ համեմատ միշտ կլինեն շատ չունևորներ»
Ժամանակակից գիտության ոլորտում, ինչպես նաև արվեստագետների միության շարքերում, քաղաքականությունում և ամենօրյա կյանքում բախումներ հաճախակի են լինում: Այդ բախումներից հեռու չէին կարող մնալ նաև աստղագետներն ու աստղաբանները, երբ առաջինները ոչ մի կերպ չեն ընդունում վերջինների լրջությունը, չէ՞ որ երբ չես կարողանում որևէ բան ապացուցել, կարող ես ասել այն, ինչ մտքովդ անցնում է: Բայց… գիտությունը ևս գերհզոր չէ: Եվ ուրեմն, ամեն ինչ չէ, որ մարդն ի վիճակի է ապացուցելու, օրինակ՝ ինչպես բացիլները բացիլների ներսում: Ավելորդ չփիլիսոփայելու համար որոշեցինք այդօրինակ հարցերն ուղղել աստղահոգեբան, նումերոլոգ, «Մեկ այլ աշխարհ» հեռուստածրագրի փորձագետ, «Սոտիս» աստղաբանական կենտրոնի վեբինարների առաջատար մասնագետ-դասավանդող, միջազգային աստղագիտական գիտաժողովներում մշտական խոսնակ և 2017թ. «Լավագույն աստղագետ» անվանակարգում «Լոտուս» միջազգային մրցանակի դափնեկիր Տաշա Իգոշինային:
«Աղքատ մարդկանց մեծամասնությունն ալարկոտ է և խուսափում է պատասխանատվությունից, դրա համար էլ չեն հարստանում: Մյուս կողմից, եթե բոլորը լինեն հարուստ, մարդկությունը կդեգրադացվի և Հռոմի պես կկործանվի: Իսկ աստղաբանությունն այդ հարցում ևս պատասխան ունի», – «Արարատ» ամսագրի հետ զրույցում ասում է աստղահոգեբանը:
– Ինչո՞ւ են որոշ աստղագետներ հավաստիացնում, որ աստղաբանությունը գիտություն չէ, և միայն անլուրջ մարդիկ կարող են դիմել աստղաբաններին:
– Աստղագետները սիրում են թերագնահատել աստղաբանների աշխատանքը՝ համարելով մեզ մագեր և շառլատաններ: Եվ այո, աստղաբանությունը գիտությունը չէ, բայց այն կառուցված է մաթեմատիկայի, ֆիզիկայի օրինաչափությունների և տրամաբանության կանոնների հիման վրա: Տարբեր գիտնականներ վաղուց ի վեր փորձել են ժխտել աստղաբանության գոյությունն ու հավաստիությունը, անգամ եթե վաղ ժամանակներում աստղագիտությունն ու աստղբանությունը միասնական են եղել, հետագայում էլ աստղաբանության շարքերը համալրել են բազմաթիվ ճանաչված ֆիզիկոսներ ու մաթեմատիկոսներ:
– Հասկանալի է՝ աստղագետներն ուզում են տեսանելի ու շոշափելի ապացույցներ ունենալ, ինչն էլ գիտության բուն իմաստն է:
– Այդպես է, սակայն աստղաբանության ազդեցությունը ֆիզիկական բնույթի չէ և այն շոշափելի դարձնել հնարավոր չէ: Աստղագիտությունը գիտություն է, որն ուսումնասիրում է տիեզերական մարմինների ու մոլորակների շարժումը, իսկ աստղաբանությունը՝ ունենալով տարբեր ճյուղեր, գիտություն չէ, այլ ուսմունք, որն ուսումնասիրում է մոլորակների ազդեցությունը մարդու հոգեկան, ֆիզիկական առողջության և կյանքի ընթացքի վրա: Մաթեմատիկական հաշվարկներով և ճշգրիտ ծրագրի օգնությամբ կարելի է շատ բան իմանալ մարդու մասին, բայց եթե աստղաբանը հարակից այլ գիտությունների, օրինակ՝ աստղահոգեբանության, աստղափիլիսոփայության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, էքստրասենսորիկայի, ալքիմիայի գիտելիքներ չունենա և չկարողանա կանխատեսել ու վերլուծել, ի վիճակի չի լինի սինթեզել գիտակցությունն ու ենթագիտակցությունը և արդյունքում չի ստանա ճշգրիտ տվյալներ:
– Հնարավո՞ր է փոխել կամ շտկել մարդու ճակատագիրը, այսպես կոչված՝ աստղաբանական ծրագիրը:
– Ամբողջովին փոխել ճակատագիրը հնարավոր չէ, բայց ներդաշնակեցնել և շտկել այն՝ հնարավոր է, նույնիսկ անհրաժեշտ է: Այն շտկելու մի քանի ճանապարհ կա: Առաջինը՝ կարմայի (կանոն՝ բրահմայական, բուդդայական կրոնական պատկերացումներում) մշակումն է, վերականգնումը, քանի որ այն ոչ մեկի մոտ կատարյալ չէ: Օրինակ, երբ, ըստ կարմայի, մարդը ֆինանսական խնդիրներ ունի, այն լուծելու համար նա պետք է տարբերակներ փնտրի և համապատասխան դասեր քաղի: Բայց հարցը լուծելու համար գուշակներին և մոգերին դիմելով կնշանակի՝ մարդը ոչ թե ինքնուրույն է լուծում տվյալ հարցը, այլ պարզապես գնում է այն: Արդյունքում անձն էլ ավելի բարդ խնդիրների է բախվում: Աստղաբանն ընդամենը պետք է հասկանա և բացատրի, թե տվյալ անձի մոտ կոնկրետ ինչ է անհրաժեշտ փոխել կամ անել՝ առանց ամբողջապես խառնվելու նրա կյանքի ծրագրին:
– Իսկ ո՞րն է երկրորդ ճանապարհը։
– Երկրորդ տարբերակն իր հերթին ունի մի քանի ուղի. փոխել վերաբերմունքը սեփական կյանքի նկարտմամբ հավատքի միջոցով (կրոն, էզոթերիկա և այլն), սովորել գիտակցել սեփական կյանքը (փիլիսոփայել, վերլուծել, դիմել յոգայի, նեյրո-լեզվաբանական ծրագրավորման օգնությանը և այլն) կամ օգտվել մասնագետների, օրինակ՝ հոգեբանի օգնությունից: Յուրաքանչյուր մարդ ունի իր ծրագիրը, մատրիցան, որն ամբողջովին փոխել հնարավոր չէ և պետք էլ չէ, քանի որ դա կարող է բացասաբար անդրադառնալ նրա վրա: Աստղաբանի դերն այդտեղ, կրկնում եմ, տվյալ էներգիայի ուղղելն է այնտեղ, որտեղ այն առավել է պահանջված: Օրինակ, եթե երեխան ծնվում է դաժան և մեծանալիս շրջապատող մարդիկ նրան սկսում են նկատողություն անել ու պատժել, տարիներ անց նա նույնը կարող է շարունակել բոլորի աչքից հեռու՝ դառնալով մոլագար կամ մարդասպան: Ինչ է դա՞, … ծրագիր, իսկ դաստիարակությունն ու կրթությունն ընդամենը սոցիալական դիմակներ են: Աստղաբանը պետք է բացատրի՝ ինչպես ուղղել էներգիան այլ կողմ, այսինքն՝ մարդ սպանելու փոխարեն դաժանությունն օգտագործել այնպիսի բնագավառներում, ինչպիսին են՝ մսագործությունը, վիրաբուժությունը, ոստիկանությունը, բանտերը և այլն, որտեղ սառնասրտությունը պարտադիր պայման է, այսինքն՝ վերափոխել բացասական էներգիան դրականի:
– Իսկ ինչպե՞ս հասկանալ՝ աստղաբանը լա՞վ մասնագետ է, թե՞ խաբեբա:
– Նախևառաջ պետք է վստահել սեփական ներքին ձայնին, համոզվել երկու հարյուր տոկոսով: Համացանցում և ԶԼՄ-ներում հայտնի լինելը կամ դիպլոմ ունենալը դեռ որակյալ մասնագետի ապացույց չէ: Լավ մասնագետի նշան կարող է լինել, օրինակ, անձի գրած գրքերը (եթե, իհարկե, նա է գրել), գիտական կոնֆերանսներին նրա բանախոսությունների քանակն ու որակը, կատարած որակյալ աշխատանքներն ու մարդկանց արձագանքը: Բայց, ի վերջո, նույնիսկ լավ մասնագետը չի կարող գնահատված լինել բոլորի կողմից:
– Ճի՞շտ է, որ Հիտլերը փոխել է իր աստղագիտական տվյալները, որպեսզի փոխի իր կյանքի ընթացքը: Ինչպե՞ս է դա հնարավոր:
– Կա Հիտլերի մի քանի աստղաբանական տվյալ, բայց դրանցից ոչ մեկը ապացուցված չէ: Թե ինչպես է նա փոխել իր աստղաբանական տվյալները, այսօր միայն կարելի է ենթադրել: Հայտնի է, որ ֆյուրերն օկուլտ պրակտիկաների է դիմել և շատ աստղաբաններ է ունեցել: Նա չէր էլ կարող չօգտվել նրանց օգնությունից՝ միայն հաշվի առնելով իր կուսակցության տարբերանշանը: Կան տվյալներ, որ շատ աստղաբաններ նույնիսկ տուժել են Հիտլերի պատճառով. ծեծի ենթարկվել և նորից հետ հրավիրվել՝ կանխատեսումներ անելու համար: Բացի դրանից, նա 28 տարի կլինկական մահվան մեջ է եղել, ուրեմն նոր աստղաբանական տվյալի հավանականությունը մեծ է:
Կա ճակատագրի փոփոխության հնարավորություն, այն էլ մի քանի ճանապարհով: Դրանցից մեկը Սոլյարի (արևային) տեխնիկան է, հատուկ ծիսակարգերով, երբ մարդը ծննդյան օրից երկու ամիս առաջ դիմում է աստղաբանին և հնարավոր տարբերակներ է փնտրում իր կյանքը փոփոխելու ուղղությամբ: Երկրորդ ճանապարհը տրիլոկացիայի մեթոդն է, երբ հատուկ հաշվարկի միջոցով փոխվում է անձի ապրելու կամ գտնվելու վայրը, այդպիսով շտկվում է այս կամ այն խնդիրը: Երրորդը՝ նոր հորոսկոպի ակտիվացումն է, այնպես ինչպես Հիտլերի մոտ է եղել:
– Նոր հորոսկո՞պ:
– Այո, օրինակ, նոր տվյալներով նոր անձնագիր ձեռք բերելու ժամանակ (նաև նոր անուն, ազգանուն) կարելի է նոր աստղաբանական տվյալներ, հորոսկոպ ստանալ: Բայց դա շատ պատասխանատու քայլ է և միայն բարդ հաշվարկի օգնությամբ կարելի է դա անել: Չորրորդ տարբերակը՝ անձի ծննդաբանական աղյուսակի մոլորակների աստիճանը, մատրիցան փոխելն է: Հինգերորդը՝ ինգրեսի (մոլորակի մուտքը, ներթափանցումը կենդանակերպի նշան/տուն) աղյուսակի կիրառումն է, երբ մոլորակն անցնում է ասցենդենտի (ծննդյան ժամանակ արևելյան հորիզոնի վերևում աճող կենդանակերպի նշանը) միջով, մեկ ցիկլի անցումը մյուսին՝ ամեն նոր փոփոխության ժամանակ ներթափանցելով համապատասխան էներգիայի մեջ:
– Ինչո՞ւ ոմանք չեն կարողանում հարստանալ, իսկ մյուսները հեշտությամբ դառնում են միլիոնատերեր: Ֆինանսական վիճակը կարելի՞ է բարելավել աստղաբանության միջոցով:
– Հնարավոր է, բայց իրականում ոչ բոլորը կարող են միլիոնատեր դառնալ: Մեկ միլիոնատիրոջ համեմատ միշտ կլինեն շատ չունևորներ՝ այդկերպ պահպանելով տիեզերքի հավասարակշռությունը: Մյուս կողմից, լինել միլիոնատեր դեռ չի նշանակում երջանիկ կյանք ունենալ: Հարստությունը նաև գլխացավանք է, ինչը պահպանելու և ճիշտ բաշխելու համար՝ առանձնահատուկ գիտելիքներ և հատկություններ է պահանջում: Այդուհանդերձ, աստղաբանը կարող է ուղղություն տալ, թե ինչպես լրացնել այդ բացը բարդ ու աշխատատար հաշվարկի օգնությամբ: Սակայն պետք է հիշել. հարստանալով անձը կարող է մեկ այլ բան կորցնել կյանքում:
– Նույնը վերաբերում է նաև սիրո, հարաբերությունների հարցի՞ն:
– Այստեղ խնդիրն ավելի խճճված է, և էլ ավելի բարդ հաշվարկ է պահանջվում: Ամուսնությունը հարաբերությունների միություն է: Այն պատասխանատվություն է և աշխատանք: Վերլուծելով մարդու ծննդաբերական աղյուսակը՝ կարելի է ենթադրել, որ, օրինակ, մի քանի ամուսնության հավանականությունը մեծ է կամ փոքր: Աստղաբանության մեջ ի սկզբանե պաշտոնական ամուսնության հասկացություն գոյություն չի ունեցել, թեպետ այսօր այն աստղաբանական աղյուսակում դրսևորվում է Սատուրնի միջոցով (Յուպիտերի և Սատուրնի անցումը խեցգետնի նշանի միջով): Ուստի, հաշվի առնելով միայն այն, որ յուրաքանչյուր կենդանակերպ տարբեր տեսակի է (oր., խոյերը 36 տեսակի են), կարելի է պատկերացնել, թե աստղաբանության մեջ զուգընկերական հարցը որքան փոխկապակցված և բարդ է:
– Հասկանալի է: Եթե մարդն ունի մի քանի մասնագիտություն և բազմակողմանի զարգացած է, կարո՞ղ է հաջողության հասնել միանգամից մի քանի բնագավառում:
– Եթե մարդը տաղանդավոր է մեկ հարցում, տաղանդավոր է նաև մեկ այլ հարցում: Եվ համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ բոլոր մարդիկ տաղանդավոր են: Դա այդպես չէ: Անձը կարող է զբաղվել մի քանի մասնագիտությամբ, հատկապես եթե դրանք իրար մոտ են: Օրինակ, երբ մարդը զգում է երաժշտության ելևէջները, նա չի կարող չզգալ նկարչության գունային ներդաշնակությունը:
Աստղաբանը, ելնելով անձի ծննդաբերական աղյուսակի տվյալներից, կարող է նկատել ինքնահաստատվելու մի քանի բնագավառ: Օրինակ, եթե Արևն է պատասխանատու մոլորակը, նշանակում է, որ տվյալ անձը պետք է զբաղվի հեղինակային աշխատանքներ ստեղծելով, ինչն էլ հաջողություն կբերի: Կամ մեկ մասնագիտություն կարող է լինել աշխատանք, մյուսը՝ նախասիրություն, կամ հնարավոր է զբաղվել մի քանի հարակից մասնագիտություններով զուգահեռաբար: Այդ ամենը կախված է տվյալ անձի աստղաբանական աղյուսակից: Այնպես, որ պրոգնոստիկայի միջոցով կարելի է հասկանալ՝ որ ժամանակահատվածում ինչ գործունեությամբ կարելի է զբաղվել և որքանով այն բարենպաստ կլինի այս կամ այն մարդու համար:
– Ըստ տիեզերքի և արդարության կանոնի՝ միայն դրական, բարի մարդիկ կարող են հաջողակ կամ հարուստ լինել: Այդ դեպքում ինչո՞ւ ենք հանդիպում մարդկանց, ովքեր հարստանում և հաջողության են հասնում կասկածելի ու կարճ ճանապարհներով:
– Բարի մարդիկ, ըստ էության, գումար չեն կարողանում կուտակել, բայց աստղաբանությունը չի հիմնվում լավ կամ վատ մարդու գաղափարի վրա: Աստղաբանին հետաքրքրում է մարդը՝ անկախ երկրից, պետությունից, տարիքից, սեռից, կրոնից և այլն: Հետևաբար, տիեզերքի համար կառավարություն հասկացություն գոյություն չունի, և քանի որ չկա կառավարութուն, չկա նաև իշխանությունից օգտվող մարդկանց համար նախատեսված պատիժ, որպես ամբողջություն: Եթե նույնը իրագործվում է մեկ անհատի կողմից, ապա նա անհատապես է պատժվում թե՛տիեզերքի, թե՛ հասարակության կողմից: Հուսամ՝ ձեր հարցին կարողացա պատասխանել:
– Տիեզերքի հինգերորդ կանոնի համաձայն, մարդը չի կարող ունենալ ամեն ինչ միաժամանակ: Մյուս կողմից որոշ մասնագետներ պնդում են, որ հաջողության կարելի է հասնել միայն այնտեղ, որտեղ ավելի շատ ուշադրություն է սևեռվում:
– Որտեղ ուշադրություն և ծախսած էներգիա, այնտեղ էլ դրական արդյունք: Երբ մարդն ամբողջովին կենտրոնանում է կարիերայի վրա, հաջողում է միայն աշխատանքում: Եթե ուշադրության կենտրոնում միայն ընտանիքն է, նա չի կառուցում իր կարիերան: Ուստի, հասնում ենք հաջողության այնտեղ, որտեղ մեր կենտրոնացումն է, նաև կանխորոշված է: Սակայն չենք կարող ունենալ ամեն ինչ միաժամանակ: Կարող ենք հաջողել և՛ հարաբերություններում, և՛ աշխատանքում, բայց առողջության խնդիր ունենալ և այլն:
– Եվ վերջում, ինչպիսի՞ն կլինի Հայաստանը մեկ-երկու տարվա ընթացքում:
– Քանի որ մունդան աստղաբան չեմ, այլ անհատի աստղահոգեբան, այդ պատճառով չեմ կարող պատասխանել ձեր հարցին: Նախևառաջ անհրաժեշտ է կազմել Հայաստանի աստղաբանական քարտեզը, հաշվարկներ կատարել, նոր վստահաբար ասել: Անգամ մեկ անձի հուզող հարցերին պատասխանելու համար մանրակրկիտ մաթեմատիկական և այլ հաշվարկներ եմ անում՝ ճշգրիտ տվյալներ ստանալու և օգտակար խորհուրդ տալու համար: Իսկ որպես մարդ ցանկանում եմ, որ բոլոր պետությունները ծաղկեն և բարգավաճեն:
Ելենա Չոբանյան