Տուրիզմը Հայաստանում․ «Համաճարակը մեզ ստիպեց ավելի լավ ճանաչել Հայաստանը»
Լեռնային հեծանվավարություն, ձիավարություն, կտավագործ բնության գրկում զարմանահրաշ ճանապարհորդություններ… Այո՛, այս ամենը հնարավոր է իրագործել Հայաստանում: Բայց ավելի լավ է զբոսաշրջության մասին այլ հետաքրքիր մանրամասներ իմանալ հայաստանյան շուկայում այս ոլորտի լավագույն գործակալություններից մեկի՝ One Way ընկերության տնօրեն Մաթևոս Բարսեղյանից:
– Ներգնա և արտագնա տուր փաթեթներ, ինչպես նաև անհատական և ամենօրյա ճանապարհորդություններ դեպի Հայաստանի տարբեր անկյուններ՝ Գյումրի, Տաթև, Ստեփանակերտ, Գառնի, Գեղարդ և այլն: One Way պրոֆեսիոնալ թիմը զբոսաշրջիկներին ուղեկցում է այնտեղ, որտեղ կա հայկական ինքնատիպ գեղեցկություն և պատմություն: Արդյո՞ք ամեն անգամ նույն զբոսաշրջային վայրերն եք առաջարկում, թե՞ լինում են նաև նոր ուղղություններ:
– Մեզ մոտ կան պարբերաբար կրկնվող մոտ 12-15 ուղղություններ, որոնք կազմակերպվում են գրեթե ամեն շաբաթ: Իսկ յուրաքանչյուր շաբաթ-կիրակի ունենում ենք նոր ուղղություններ դեպի նոր վայրեր, որոնց ժամանակ հաշվի ենք առնում մեր հաճախորդների նախասիրություններն ու պահանջները: Ունենում ենք նաև մեկ բացառիկ տուր, որը, կարելի է ասել, ամբողջ տարվա ընթացքում կարող է չկրկնվել:
– 2020 թվականի անակնկալ համաճարակը ձեզ նույնպե՞ս հարվածի բաժին հասցրեց իր ֆինանսական բոլոր հետևանքներով, թե՞, այնուամենայնիվ, կարողացաք ինչ-որ կերպ շրջանցել այն:
– Այո: Այս տարվա մարտից համաճարակը մեծ հարված հասցրեց հատկապես տուրիստական ընկերություններին և, առհասարակ, տուրիզմի ոլորտին:
– Այդ դեպքում ինչպե՞ս կարողացաք դիմակայել:
– Բավականին երկար ժամանակ չաշխատեցինք, բայց մայիսի վերջից արդեն Պարետի թույլտվությամբ վերսկսեցինք մեր աշխատանքները: Որպեսզի կարողանանք դիմագրավել մարտահրավերին, որոշեցինք նոր ու հետաքրքիր ուղղություններ ներմուծել՝ Հայաստանը բացահայտելով նորովի, ինչը, կարծում եմ, մեզ մոտ ստացվեց, և արդեն ունենք ավելի քան 30 նոր ուղղություն:
Իրականում Covid-ը նպաստեց, որպեսզի մենք ավելի խորապես բացահայտենք և ճանաչենք մեր երկիրն իր գողտրիկ անկյուններով: Ինչ վերաբերում է ներգնա տուրերին, ապա մեր հաճախորդների համար, որոնք կցանկանան մասնակցել այդօրինակ ճամփորդություններին, նախատեսել ենք էլ ավելի հետաքրքիր տեսարժան վայրերով մեծ տուրերի ցանկ:
– Հնարավո՞ր է միայն Հայաստանի զբոսաշրջիկների մասնակցությամբ ընկերության բնականոն գործունեությունը պահպանել, նաև զարգացնել:
– Եթե ոլորտը սահմանափակվի Հայաստանի տարածքով և տուրերին մասնակցեն միայն ներքին զբոսաշրջիկները, ապա ինչ-որ կերպ հնարավոր է կազմակերպությունը պահել: Բայց եթե որպես բիզնես դիտարկենք, մենք բավականին հետ կընկնենք, որովհետև հիմնականում վճարունակ մարդիկ տուրիստներն են, որոնք գալիս են դրսից Հայաստանը տեսնելու և ուսումնասիրելու: Ինչպես ասում են՝ Աստված չանի, որ սահմանները երկար ժամանակ փակ մնան:
– Կան ընկերություններ, որոնք խուսափում են դժգոհող կամ քննադատող հաճախորդներից՝ խնդիրն ուղղելով իրենցից այլ կողմ: Դուք ինչպե՞ս եք վարվում այդօրինակ իրավիճակներում:
– Մեր ընկերությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում հաճախորդների կարծիքներին: Մեզ մոտ կա մոտեցում, երբ ունենք 100 գոհ հաճախորդ և ընդամենը մեկ դժգոհ հաճախորդ, մեր ամբողջ ուժերը կենտրոնացնում ենք դժգոհ հաճախորդի վրա, կատարում ենք զանգեր, կապ ենք հաստատում նրա հետ, փորձում ենք հասկանալ առաջացած խնդիրներն ու լուծել դրանք: Նաև որոշակիորեն կոմպենսացնում ենք կամ անվճար տուր ենք առաջարկում: Ամեն դեպքում, դժգոհությունները նպաստում են մեր սպասարկման որակի կատարելագործմանը, իսկ առանց դժգոհությունների՝ մենք ուղղակի կգնանք լճացման:
– Իսկ ի՞նչը կարող է հրապուրել ներքին զբոսաշրջիկներին ճանապարհորդել Հայաստանում:
– Լինելով ոլորտում առաջատար ընկերություն՝ մշտապես կրում ենք պատասխանատվություն զարգացնելու ներգնա տուրիզմը Հայաստանում: Այն իրականացնելու համար մեծ աշխատանք ենք տանում՝ ներկայացնելով և բացահայտելով Հայաստանի պատմամշակութային արժեք ներկայացնող վայրերը հատկապես տեղացիներին: Այդ նպատակով իրականացնում ենք մի շարք տեսանախագծեր, որոնք ներառում ենք մեր երթուղիներում և աշխատանք տանում PR-ի առաջխաղացման ուղղությամբ:
– Ձեր խորհուրդը զբոսաշրջության ոլորտի սիրահարներին և զբոսաշրջային ընկերություններ ստեղծել ցանկացողներին:
– Միակ խորհուրդս այն երիտասարդներին, որոնք կցանկանան զբաղվել տուրիզմով, առաջինը՝ շատ սիրեն Հայաստանը, և երկրորդը՝ փորձեն առաջարկել նոր հետաքրքիր ուղղություններ, որոնք կլինեն իրենց հաջողության գրավականը:
Ելենա Չոբանյան