Ռումինիայում Հայաստանի դեսպան Հ. Գասպարյանի խոսքը Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը


Սիրելի բարեկամներ,

 

Խոսքս ուզում եմ սկսել շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այսօր մեզ հետ հարգում են հիշատակը մեր նահատակների, այստեղ`Ռումինիայում, թե ամբողջ աշխարհում: Շնորհակալություն եմ հայտնում բարեկամ բոլոր ժողովուրդներին եւ երկրներին, ովքեր 1915թ. աղետի օրերին գթասրտորեն ապաստան տվեցին փրկվածներին, ինչի շնորհիվ նաեւ հայոց կյանքն այսօր հարատեւում է: Մենք հավերժ երախտապարտ ենք նրանց: Շնորհակալություն եմ հայտնում բարեկամ բոլոր ժողովուրդներին եւ երկրներին, քաղաքական գործիչներին եւ մտավորականներին, ովքեր այսօր մեզ հետ միասին իրենց բողոքի ձայնն են բարձրացնում`դատապարտելով մարդկության դեմ գործված այդ ոճիրը եւ պահանջելով արդարություն:

 

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր միլիոնավոր նահատակների հիշատակի առջեւ, նրանց մեջ` նաեւ հազարավոր հույների, ասորիների, արաբների ու քրդերի, ովքեր այդ դաժան օրերին հալածվեցին եւ նահատակվեցին մեզ հետ միասին: Գլուխ ենք խոնարհում մեր տատիկների եւ պապիկների, հայրերի եւ մայրերի հիշատակի առջեւ, ովքեր իրենց արդար աշխատանքով պահում էին մեր երկիրը, երիտասարդների, ովքեր նոր-նոր էին մտնում կյանք, պատանիների եւ անմեղ մանուկների, որոնց աչքերը դեռեւս լի էին երազանքներով: Գլուխ ենք խոնարհում մեր մեծերի հիշատակի առջեւ, գրականության, արվեստի, գիտության, քաղաքականության, ազգային եւ հոգեւոր կյանքի առաջնորդների, ովքեր դեռեւս պետք է զարգացնեին հայոց կյանքը, առաջ տանեին մեր ժողովրդին դեպի ազգային իղձերի իրականացում, դեպի ավելի լավ ապագա:

Միլիոնավոր մարդկանց կորուստը սոսկալի հարված էր հայ ժողովրդին, ժողովրդագրական վիթխարի աղետ, որի հետեւանքները մինչեւ այսօր զգացվում են: Սակայն աղետը մարդկային կորստով չավարտվեց: Հետեւանքների առումով այն կործանարար եղավ հայ ժողովրդի ապագայի համար: Կորստյան մատնվեց ոչ միայն միլիոնավոր մարդկային կյանքեր, այլ որ ավելի անուղղելի ու անվերականգնելի  է, քանդվեց ու ցաքուցրիվ արվեց հայ հասարակությունն իսկ, որպես ազգային հավաք գոյության ու զարգացման բնական պայման, գրեթե լիովին ոչնչացվեց սեփական տարածքների վրա հազարամյակներով ստեղծված հայկական քաղաքակրթությունը, երկրի երեսից առհավետ ջնջվեցին հազարավոր բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ: Ցեղասպանությանը հաջորդած տասնամյակների ընթացքում հայկական պատմական տարածքների վրա հետեւողականորեն ջնջվեց հայոց հետքն իսկ, կարծես երբեւէ այնտեղ հայերը չէին ապրել: Այսպիսով, ոչնչացվեց ոչ միայն հայ ժողովրդի անցյալն ու ներկան, այլեւ մեծապես վտանգվեց ապագան: Հիրավի, ավելի «կատարյալ» ցեղասպանական ծրագիր դժվար էր հնարել եւ իրագործել:

Այն հոգեկան խորը հարված էր վերապրողների համար, ովքեր կորցրել էին իրենց հարազատներին` հայր, մայր, եղբայր, քույր, զավակներ, հատկապես հարյուր հազարավոր որբերի համար, ովքեր չճանաչեցին ծնողական սեր եւ գուրգուրանք, ովքեր կորցրեցին իրենց արմատները, մոռացան մայրենի լեզուն, սեփական անունն անգամ եւ որոնց մի մասը թուրքացվեցին կամ քրդացվեցին վերապրելու համար:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ամենածանր կորուստը կրեց հայ ժողովուրդը, ինչը, ցավոք, մինչեւ այսօր աշխարհաքաղաքական եւ գաղափարաբանական զանազան պատճառներով եւ պատրվակներով պատշաճ կերպով չի արձանագրվել համաշխարհային քաղաքագիտության եւ պատմագիտության կողմից: Դրա խոսուն վկայությունն են միջազգային քաղաքական շրջանակներում այդ հարցի շուրջ դեռեւս պահպանվող տաբուն, գիտակցված լռությունը, ինչպես նաեւ պատմության դասագրքերում այդ ահավոր ողբերգության շրջանցումը: Առաջին համաշխարհային պատերազմում ժողովուրդների մարդկային կորուստների մասին բերվում են թվեր, որտեղ հայերիս վերաբերյալ ոչինչ չկա, կարծես այդ մեկուկես միլիոն մարդիկ գոյություն չեն ունեցել կամ այդ ամենը տեղի է ունեցել ինչ-որ մի անհայտ տեղ, ժամանակային եւ տարածական մութ հեռուներում: Հարցրեք ցանկացած դպրոցականի, թե նա ինչ գիտի այդ դեպքերի մասին, եւ կհամոզվեք դրանում:

Մինչդեռ կտրվել էր համաշխարհային պատմության եւ քաղաքակրթության շղթայի կարեւոր օղակներից մեկը. այդ տարածքների վրա հնուց ի վեր ձեւավորվել էր պետություն, զարգացել տնտեսություն, արհեստներ, արվեստներ, մշակույթ ու գիտություն, որոնք հարստացրել են համաշխարհային ժառանգության գանձարանը, ազդվել դրանից եւ ազդել դրա վրա: Ուստի դա ոչ միայն հայ ժողովրդի կորուստն է, այլեւ մարդկության: Հետեւաբար Ցեղասպանության հարցը ոչ միայն հայերի հարցն է, այլ համայն մարդկության:

Երբեմն, անգամ մեր բարեկամները, մեզ հորդորում են մոռանալ անցյալը եւ նայել ապագային: Առաջին հայացքից կարծես թե ճիշտ միտք է, եթե չունի քաղաքական ենթատեքստ: Իհարկե, հոգեբանական տեսակետից երեւի թե առողջարար է ազատվել ծանր հիշողություններից: Բայց միթե դրանք միայն հիշողություններ են, որոնցից ձերբազատվելը հոգեբանի կամ հոգեբույժի գործն է:

Ցավոք, այսօրվա իրականությունն  այդքան պարզունակ չէ: Աշխարհով մեկ սփռված զոհերի ժառանգները բախվել եւ բախվում են ոչ միայն ընտանեկան եւ ազգային հիշողության հետ: Կորցրած ամեն ինչ հայրենիքում` տուն, ունեցվածք, կարողություն, աքսորի ճանապարհին վերջնականապես թալանված եւ անլուր կտտանքների ենթարկված այդ թշվառ մարդկանց համար տասնամյակներ շարունակ մեծ խնդիր էր հոգեկան հավասարակշռության վերականգնելը, օտար երկրներում տեղական հասարակությունների մեջ ներգրավվելը, քաղաքացիական, աշխատանքային եւ սոցիալական հավասար իրավունքներ ձեռք բերելը: Հիշեք, որ Ցեղասպանությունից դեռեւս կես դար հետո տարբեր երկրներում ապաստանած հայերից շատերը` ձեր պապերը եւ ծնողները, համարվում էին ապադրիդ, կրում էին նանսենյան անձնագրեր, հետեւաբար զուրկ էին հավասար իրավունքներից: Սեփական հավատը, լեզուն, մշակույթը եւ ավանդույթները պահպանելու համար, որոնք մարդկային ամենատարրական իրավունքներն են, նրանք աներեւակայելի ջանքեր են թափել եւ թափում, առանց պետական օգնության, սեփական աղքատ գրպանից: Նրանք օրհասական կռիվ են տալիս ուծացման դեմ, որն այսօր հայկական ինքնության ամենազորեղ թշնամին է: Անգամ այնպիսի բարենպաստ երկրում, ինչպիսին Ռումինիան է, ուր առկա է հայերի հետ համակեցության դարավոր ավանդույթներ եւ ուր պետությունը զգալի միջոցներ է հատկացնում ազգային ինքնության պահպանման համար, ուծացումը ամեն օր հայերի շարքերը նոսրացնում է: Հարցրեք այստեղ հավաքված երիտասարդներին, եւ ոչ միայն նրանց, քանիսը հայերեն գիտեն:

Արեւմտահայերեն լեզուն, որը հնդեւվրոպական ընտանիքի ամենահին եւ հարուստ լեզուներից է, հետեւաբար քաղաքակրթական եւ գիտական մեծ հետաքրքրություն ներկայացնող, որով ստեղծվել է գրական վիթխարի ժառանգություն, զրկված լինելով իր բնական զարգացման միջավայրից, ստնտու ավիշից, այսօր կանգնած է կորստյան առջեւ:

Սակայն հայերի համար նույնիսկ տեղական հասարակությունների մեջ ինտեգրումը ամբողջական երաշխիք չէ: Պատմական դառը փորձի բերումով հայերը զգայուն են ցանկացած սպառնալիքի առջեւ եւ իրենց բնակած երկրներում ցանկացած անհանգստացնող առիթ նրանց մղում է հերթական անգամ գաղթի ճամփան բռնել`դրան հատուկ բոլոր նեղություններով եւ խնդիրներով: Հիշենք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այստեղ`Ռումինիայում, հարեւան Բուլղարիայում եւ եվրոպական այլ երկրներում ստեղծված վիճակը, երբ տասնյակ հազարավոր հայեր կրկին գաղթեցին այս անգամ ավելի հեռավոր երկրներ: Հիշենք արաբ-իսրայելական պատերազմը, Իրան-իրաքյան պատերազմը, Իրաքի վերջին դեպքերը, որից դարձյալ թուլացան եւ նոսրացան տեղի հայ համայնքները:

Սփյուռքում ապրելը եւ հայ մնալը ամենօրյա կռիվ է, պայքար` նույնիսկ ամենադեմոկրատական երկրներում: Նայեք, թե ինչ միջոցներ եւ եռանդ են ծախսում հենց մենակ Ամերիկայի եւ Ֆրանսիայի հայերը, եւ երբեմն ինչ դժվարությունների հանդիպում:

Այս ամենին միայն հիշողություն անվանել իսկապես շատ պարզունակ է, թեեւ հիշողության իրավունքն ինքնին, լինի դա կոլեկտիվ թե անհատական, մարդկային անքակտելի իրավունք է, հատուկ բոլոր ժողովուրդներին, հասարակություններին եւ առհասարակ ողջ մարդկությանը:

Ցեղասպանությունը ճակատագրական հարված հասցրեց նաեւ Հայաստանի մյուս մասին` Ռուսաստանի վարչական ենթակայության տակ գտնվող Արեւելյան Հայաստանին, հետագայում Հայաստանի Հանրապետությանը: Այդ տարածքները նույնպես ներգրավված էին Առաջին համաշխարհային պատերազմի ռազմական գործողություններում, որոնց բնակչությունը կրեց պատերազմի ողջ ծանրությունը եւ իր հերթին ենթարկվեց տեղահանության եւ կոտորածների: Իսկ Հայաստանի առաջին Հանրապետությունը 1918-1920 թվականներին քեմալականների կողմից ուղղակի ենթարկվեց ռազմական ագրեսիայի եւ թուրք-բոլշեւիկյան խայտառակ պակտի հետեւանքով կորցրեց զգալի տարածքներ: Այսօրվա բոլոր խնդիրները, որ ունենք հարեւանների հետ, հետեւանք են Ցեղասպանության, քեմալական ագրեսիայի եւ թուրք-բոլշեւիկյան անարդարացի պակտի:

Ժամանակակից Հայաստանի բնակչության զգալի մասը ժառանգներն են ցեղասպանության զոհերի, հետեւաբար չափազանց զգայուն, ինչ վերաբերում է պատմական արդարությանը եւ մեր ժողովրդի ոտնահարված իրավունքներին: Մեր ծնողներից շատերը հոգին ավանդեցին` վիզները ծուռ դեպի Արարատից անդին, ուր թողել էին տունուտեղ եւ հայրենի հիշատակներ, առանց երբեւէ իրավունք ունենալու վերադառնալու այնտեղ: Հայաստանում սերունդներ հերթափոխվեցին, որոնց հոգին լեցուն էր դառնությամբ եւ ահավոր կորստի վշտով: Ինչպես այստեղ էիք շշուկով խոսում մեծ պատուհասի մասին, այնքան հրաշալիորեն նկարագրված Վարուժան Ոսկանյան գործի մեջ, Հայաստանում երկար տասնամյակներ իրավունք չունեինք այդ մասին նույնիսկ մտածելու. իսկույն Սիբիր էին քշում: Եւ քանի-քանիսը գուլագներում ու բանտերում փտեցին, նույնիսկ մինչեւ 80-ական թվականները:

Այսօր սահմանները փակ են: Դա ոչ միայն ֆիզիկական փակվածություն է, դա փակվածություն է մեր անցյալի, մեր արժեքների, մեր հիշատակների առջեւ: Ամենապարզ բանը. հայ դպրոցականը սեփական ժողովրդի պատմությունն ուսանելիս չի կարող այցելել այն վայրերը, ուր ընթացել են պատմական իրադարձությունները, տեսնել այն հուշարձանները, որ թողել են իր նախնիները, հաղորդակցվել այդ արժեքներին լիարժեք զարգանալու, լիակատար անհատականություն դառնալու համար:

Այսօր մենք կիսաշշուկով ենք խոսում, ավելի հաճախ „շրջահայացորեն” լռում այդ տարրական իրավունքների մասին, որովհետեւ դրանք սղոցում են ոմանց ականջները եւ միջազգային լսարանները: Իսկ մյուս կողմից մեկ-երկու թատերականացված միջոցառում, կամ, օ ողորմություն, էթնիկ մի հայի պետական պաշտոնի առաջարկություն, մատուցվում է որպես բարյացկամության եւ հանդուրժողականության գերագույն դրսեւորում:

Սակայն հարցը միայն այդ հարթության վրա չէ: Այսօր արդեն քսան տարի պետական ծրագրված քաղաքականություն է տարվում Հայաստանի Հանրապետության դեմ, ինչը դրսեւորվում է Հայաստանը շրջափակելու միջոցով, տնտեսապես մեկուսացնելով, միջազգային կազմակերպություններում վարկաբեկման ենթարկելով ճնշում բանեցնել մեր ժողովրդի կամքի վրա`հրաժարվելու իր իրավունքների պաշտպանությունից: Ամենավտանգավորը հայատյաց քարոզչության բորբոքումն ու ծավալումն է, պատմության եւ իրողության խեղաթյուրումը, նեգացիոնիզմը, ինչը, հաշվի առնելով այդ պետության ահռելի հնարավորությունները, ինչպես նաեւ ներկա հասարակությունների անտեղյակությունը իրականության մասին, պատկերացնում եք, թե ինչ ավերածություններ է գործում եւ ինչպիսի սպառնալիքներ ներկայացնում մեր ժողովրդի անվտանգության, մեր իսկ գոյության, մեր երկրի կենսունակության համար:

Այդ սպառնալիքը թեեւ անմիջականորեն մեզ է ուղղված, սակայն այն վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի եւ աշխարհի համար: Քանզի ժամանակակից աշխարհում ուժի դիրքերից  թելադրված քաղաքականությունը, ինչը մշտապես վարվել եւ վարվում է մեր դեմ, անտեսելով եւ ոտնահարելով  հայ ժողովրդի իրավունքները, չի կարող ոչ միայն լուծել մեր միջեւ եղած հակասությունները, այլեւ ապահովություն խոստանալ որեւէ մեկին:

19-րդ դարավերջից սկսած հայկական կոտորածները մինչեւ 1915թ. ցեղասպանությունը, որ ձեռնարկեցին սուլթան Աբդուլ Համիդն ու երիտթուրքերը, նպատակ էին հետապնդում զրկել հայ ժողովրդին իր տարածքների վրա ազատ ապրելու եւ կառավարվելու իրավունքներից, 1918-1920 թվականներին քեմալականների ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ նպատակ էր հետապնդում վիժեցնել հայկական պետության ստեղծումը եւ հայերի վերադարձն իրենց պատմական հայրենիք, որ Սեւրի պայմանագրով հատկացվել էր նրանց: 1921թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Հայաստանի անդամահատումը, 1923թ. եւ 1927թ. Թուրքական Հանրապետության ընդունած օրենքները տեղահանված հայերի ունեցվածքի բռնագրավման, հայերի վերադարձի արգելքի ու նրանց քաղաքացիությունից զրկելու մասին, հետագա տասնամյակներին հայկական պատմական տարածքների վրա հայկական հետքերի հետեւողական վերացումը, եւ մինչեւ օրս վարվող նեգացիոնիզմի քաղաքականությունը նպատակ են հետապնդում առհավետ փակել հայկական հարցը` զրկելով հայերին ապագայում որեւէ օրինական պահանջատիրությունից:

Այս է թուրքական իրարահաջորդ պետությունների եւ կառավարությունների քաղաքականության տխուր արդյունքը: Ըստ էության, ինչպես տեսնում եք, այդ քաղաքականությունը չի փոխվել այսօր: Թուրքիան ժխտում է իր անցյալը, հայ ժողովրդի դեմ գործված ոճիրը, միջազգային մակարդակով սանձազերծում հակահայ արշավ, տնտեսական ու քաղաքական ճնշումներ բանեցնում Հայաստանի Հանրապետության դեմ` արգելակելով նրա զարգացումը եւ սպառնալով նրա անվտանգությանը, այսինքն` պետության գոյությանն իսկ:

Որն է ելքը: Համաշխարհային հանրության կարծիքով, Թուրքիայի կողմից իր անցյալի վերանայումն ու հայերի հետ հաշտությունն է, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման միջոցով: Սակայն նույնիսկ նվազագույն այս քայլը, որը կարող էր ճանապարհ բացել հետագա հաշտության եւ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար, պայմանավորվածությանը եւ նույնիսկ փաստաթղթի տակ իր իսկ դրած ստորագրությանը հակառակ, չի կատարվում:

Ավելին, ի տես համաշխարհային կարծիքի, խեղաթյուրվում է պայմանավորվածությունների տառն ու ոգին, մեջտեղ բերվում անընդունելի եւ անիրականալի նախապայմաններ, որոնք ավելի են բարդացնում դրությունը եւ փակում համաձայնության դռները:

Մյուս կողմից Անկարան ճնշումներ ու շանտաժներ է բանեցնում բոլոր այն պետությունների դեմ, որոնք ճանաչում եւ դատապարտում են  Հայոց ցեղասպանությունը: Եւ այստեղ չի խորշում հետեւյալ հնարքը բանեցնելուց. իբր թե այդ ճանաչումները խանգարում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Իրականում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրանք ստեղծելով` Անկարան թոզ է փչում միջազգային հանրության աչքերին: Խորքում նա չի փոխել իր մոտեցումները հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ, պարզապես ժամանակներն են փոխվել եւ, ի պատշաճի, թուրքական քաղաքականության շպարն է նորացվում:

Ուստի միջազգային հանրության պատասխանատու կեցվածքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, դեմոկրատական հասարակությունների եւ մտավորականների բողոքն ու ձայնը այդ անժամանցելի ոճիրի դեմ, թուրքական հասարակության զանազան շերտերի, մտավորականության ու քաղաքական ուժերի օրեցօր դրսեւորվող ընդվզումը եւ պահանջը սեփական իշխանություններից միակ պայմանն է թուրքական կառավարությանն ստիպելու`վերջ տալու այդ անհեռանկար քաղաքականությանը, փակելու այդ ամոթալի էջը եւ փորձելու իր հարեւանի հետ կառուցելու ավելի հուսալի ապագա:

Բուխարեստ, 24 Ապրիլ 2011թ.

 

 

 

 

Posted by on May 1 2011. Filed under News. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response or trackback to this entry

Leave a Reply

Log in | Designed by Gabfire themes