ՀՀ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
![](http://www.araratonline.com/arm/wp-content/uploads/2020/07/15946407939562.jpeg)
02 հոկտեմբերի, 2020
Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը:
Հայաստանը շարունակաբար մերժել և դատապարտել Է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը և Թուրքիայի անմիջական ներգրավումը Հայաստանի և Արցախի դեմ մարտական գործողություններում: Ադրբեջանի և Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը՝ նշանակալիորեն բարձրացնելով լայնածավալ պատերազմի վտանգը: Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի:
Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ: