Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին 2 մլն դոլար կտրամադրի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար. կառավարությունը հավանություն տվեց դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Դրամաշնորհի գումարը կազմում է 2 միլիոն դոլար:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվող դրամաշնորհի միջոցները նախարարությունը կնպատակաուղղի նոր կորոնավիրուսային վարակի շրջանակներում համապատասխան բժշկական պարագաների և սարքերի ձեռքբերմանը` կորոնավիրուսի դեմ պայքարում բնակչության բուժօգնությունն ու սպասարկումը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Նա ընդգծեց, որ սա Ասիական զարգացման բանկի առաջին օգնությունը չէ, և մինչ օրս եղել է բազմակողմանի օգնություն՝ նաև բուժական սարքերի տեսքով:
Tert.am