Մարզիչ Հայկ Հովհաննիսյան․ «Ներդաշնակությունը հավասարակշռելու համար կինը բերել է ոգեշնչման աղբյուրները»
2022 թվականն է, արդեն «ժամանակակից» կյանքով ենք ապրում: Տեխնոլոգիապես մարդկությունը թռիչքաձև վեր է բարձրացել, բայց… միաժամանակ վար է սլանում արժեհամակարգային սանդղակում: «Ժամանակ չկա՛» սիրելի արտահայտությամբ ուշի-ուշով հետևում ենք կամ/և ականատեսը դառնում մեկ վայրկյանում ոչնչացնող պատերազմներին, հարազատներ կորցնում, բայց վերքերը փակելով՝ փորձում առաջ շարժվել: Մյուս կողմից, փորձում ենք կցկտուր հիշել, որ կենսառոբոտի վերածվելու գործընթացը դանդաղեցնելու համար դեռ ինչ-որ տեղ պահածոյացված սիրելու հատկություն ունի մարդը, անկախ գենդերային տարբերություններից, առաջ քաշած օրագարգերից և մասնագիտական կարողություններից: Ֆուտբոլը բացառություն չէ: Այն սիրելուց բացի ենթադրում է կարգուկանոն, սկզբունքներ և… հեռուստադիտողների աչքերից հեռու կոկիկ պահված գաղտնիքներից:
«Արարատ» ամսագիրը ներկայացնում է ՈՒԵՖԱ Պրո արտոնագրի մարզիչ, 1-ին լիգայի արծաթե մեդալակիր Հայկ Հովհաննիսյանի հետ հարցազրույցը, որն աշխատում է Երևանի Արարատի մարզչական շտաբում, իսկ մեզ հետ զրույցում նկարագրում է այսօրվա ֆուտբոլի և մարդու հարաբերակցությունը:
– Հայկ, ի՞նչ է ֆուտբոլը:
– Պատմության փուլերից կախված` այն ունեցել է տարբեր նշանակություն: Սկզբում ֆուտբոլն ընկալվել է որպես խաղ, հետո մարդկանց համար այն դարձել է տարբեր մշակույթների արտահայտչամիջոց: Բայց մարդու հավակնությունները ֆուտբոլ են բերել խելահեղ մրցակցություն, որը հետո, ի վերջո, դուրս եկավ խաղադաշտի սահմաններից: Այժմ «բոլորը բոլորի դեմ» քաոսային պայքար է ընթանում այն հարցում, թե ում բաժին կհասնի ամենամեծ եկամուտը: Այսինքն, այն նույն շրջապտույտն է, ինչը կասեցրել է հասարակական կյանքի բոլոր ուղղությունների զարգացումը:
– Երբ խոսքը հասնում է փողին, սկսում են ներքին ընդվզումները: Բացի այդ իրականությունից, ինչո՞ւ են շատերը, մասնավորապես արական սեռի ներկայացուցիչները, խենթանում կամ, ինչպես իրենք են արտահայտում՝ կիրք ապրում ֆուտբոլ դիտելիս:
– Նույն այդ խելահեղ մրցակցությունն է հիմնական պատճառներից մեկը: Բայց թե ինչու և ինչպես այն ձևավորվեց հենց ֆուտբոլում, կարող եմ միայն ենթադրել: Համենայն դեպս, ֆուտբոլի` ամենից զանգվածային մարզաձև դառնալուց հետո շատերը ցանկացան ուժեղագույնին պարզել հենց ֆուտբոլային հարթակում: Բնական յուրահատկությամբ պայմանավորված` տղամարդն է միշտ մղվել խելահեղության: Եվ բնության մեջ ներդաշնակությունը հավասարակշռելու համար կինը բերել է հեզության, լռության ու հոգևոր ոգեշնչման մյուս աղբյուրները:
– Կարելի՞է ֆուտբոլը համեմատել կնոջ կամ կնոջ հանդեպ սիրո հետ:
– Ներողություն, ոչ մի կերպ:
– Հ՜մմ… լավ, եթե չընտրեիք մարզչի մասնագիտությունը, ի՞նչ կընտրեիք: Եվ ինչո՞ւ:
– Այնպես է ստացվել, որ կյանքում մի քանի այլ ուղղություն էլ ունեմ: Ժամանակագրական առումով առաջինը մասնագիտացել եմ իրավագիտության մեջ, ինչի համար մեծ ջանքեր պահանջվեցին դասախոսներիս կողմից:
– Ինչպիսի՞ն է այսօր հայաստանյան ֆուտբոլը, ֆուտբոլիստների որակը, եկամուտները և այլն:
– Ինքներդ էլ տեսնում եք, որ անչափելի անկայունությունից չենք կարողանում ձերբազատվել: Հիմքը արհամարհված է. արժեքներն ու գիտությունը «պարտություն են կրում», բայց մենք սովոր ենք տեսնել միայն ջրի երես եկած հետևանքները ու տարակուսել, հետո նորից լցվել հպարտությամբ ու առաջ շարժվել:
– Այստեղ ստիպված եմ համաձայնել, քանի որ շատերս ձևի և «Ես»-ի բավարարման հետևից ընկնելով՝ երկրորդ պլան ենք մղում բովանդակությունն ու արժեքները, որոնք Հոմո սափիենսին փորձում են մարդ դարձնել: Այսօր մեծամասնությունը կյանքի արագ ռիթմի հետ համընթաց քայլ գցելու համար չեն հասցնում խորասուզվել «այսբերգից» ներքև: Ամեն պարագայում, որո՞նք են սխալները, բացթողումները: Եվ ի՞նչ անել կամ ինչպե՞ս շտկել մեզ, նաև ֆուտբոլային ասպարեզը:
– Հարկավոր է մեկընդմիշտ վերջ տալ նախապաշարմունքներին, պայմանականություններին, կարծրատիպերին:
– Կարծրատիպեր… Հաճախ սիրում ենք դրանց մասին մեջբերումներ անել, հրապարակավ խոսել, բայց երբեմն կարող ենք չնկատելով հենց դրանց ներքո էլ ապրել ու աշխատել:
– Ամեն դեպքում, աշխատանքում պետք է փորձել դադարել առաջնորդվել կարծիքներով, այլ միայն գիտելիքն ու ավանդույթը դնել հիմքում: Եվ ի վերջո, անհրաժեշտ է ինքներս մեզ համար սահմանենք, թե հայերը ինչ ունեն անելու ֆուտբոլում և որն է հարատև միասնական փարոսը բոլորիս համար:
– Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ամսագրի ընթերցողներին:
– Լրացրեք ու վերախմբագրեք շարադրվածը, խնդրում եմ, որ միասին կազմենք մեր տեսլականը: Դա մեր փոխարեն ուրիշը չի անելու:
– Իսկ հայ կանա՞նց:
– Հայուհիներին ապրիլյան գեղեցիկ օրեր եմ մաղթում, և որ միայն վերելք ապրենք:
– Շնորհակալություն ձեր ժամանակի համար:
Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ