ԱՐՏԹԵՐԱՊԻԱՆ ՕԳՆՈՒՄ Է ՍԹՐԵՍՆԵՐՆ ՈՒ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ
Երբ մարդկանց մեծամասնությունը, յուրաքանչյուր օր, մտահոգված փորձում է սոցիալական հարցեր լուծել, իր տեղը գտնել արևի տակ, մեդիադաշտում եզրույթների հասկացության, մանրակրկիտ նշանակության քննարկումներ են բոցկլտում: Բայց այստեղ ամենևին էլ չենք անդրադառնա այդ տերմինների և բառախաղերի տարաձայնություններին, այլ հոգեբանական մի քանի խնդիրների մասին կշարունակենք մեր անկեղծ և անմիջական զրույցը հոգեբան Խոնարհ Հակոբյանի հետ:
«Հաշմանդամություն հասկացությունը ներառում է զանազան հիվանդություններ՝ սկսած մտավոր խնդիրներից մինչև հենաշարժողական խնդիրներ, քաղցկեղ, տեսողության կորուստ և այլն։ Այսինքն` այդ հիվանդությունները բազմազան են իրենց ինտենսիվությամբ և բարդությամբ», – «Արարատ» ամսագրի հետ զրույցում նշեց Հյուսիսային համալսարանի բազային քոլեջի հոգեբանության դասախոս, հոգեբան Խոնարհ Հակոբյանը:
Տագնապային խնդիրները ներկայում շատ տարածված են: Այդ օրինակներից են՝ ընդհանրացված տագնապային խնդիրը («խանգարում» եզրույթը կիրառվում է միայն բժշկության ոլորտում և հակասում է մարդու իրավունքներին), օբսեսիվ կոմպուլսիվ տագնապային խնդիրը, սպեցիֆիկ ֆոբիաները, խուճապային տագնապային խնդիրը, սոցիալական ֆոբիա, Հիպոխոնդրիան, ագորաֆոբիան, դեպրեսիվ տագնապային խնդիրը, հետտրավմատիկ սթրեսային խնդիրը և այլն։
«Հոգեբանի հետ աշխատանքի հետ արդյունքում հնարավոր է ձերբազատվել տագնապային խնդիրներից, բայց չպետք է մոռանալ կրկին, թե ով է այն մարդը, որը դիմել է հոգեբանին, պետք է հաշվի առնել նաև նրա բնավորության առանձնահատկությունները, կյանքի սցենարները, համոզմունքները, կարծրատիպերը, տրավմաները և միջավայրը, որում նա բնակվում է։ Այդ առանձնահատկություններն ուղիղ համեմատական են բուժման արդյունքի հետ։ Օրինակ՝ պատկերացնենք մարդն ունի ընդհանրացված տագնապային խնդիր և բնակվում է Հայաստանում։ Այստեղ ընդհանրացված տագնապային խանգարումն այն է, երբ մարդն անընդհատ ունենում է ոչ ռացիոնալ վախեր, անհանգստություն, տագնապային մտքեր. բա որ հիվանդանամ, բա որ աղքատանամ, բա որ ինձ աշխատանքից հեռացնեն, բա որ պատերազմ սկսվի և այլն։ Նման մտքերը հիմնականում կապված են ապագայի հետ։ Հաճախ մարդն անհանգստանում է, սակայն ինքն էլ չի հասկանում, թե որն է տագնապի պատճառը», – բացատրեց հոգեբանը:
Այժմ ապրում ենք բեկումնային ժամանակաշրջան և թվում է, թե պատերազմն ավարտվել է, բայց վստահ չենք՝ կվերսկսվի այն, թե ոչ: Այսինքն՝ մեր ամբողջ ազգի մոտ արդեն խախտվել է բազային ապահովության զգացումը։ Հիմա պատկերացնենք, որ մարդն արդեն ունի ընդհանրացված տագնապային խնդիր, որը կարող է է՛լ ավելի սրվել ներկա իրականության պայմաններում։ Մեկ այլ օրինակ հետտրավմատիկ սթրեսային խնդիրը, որն իրենից ներկայացնում է վերապրել միևնույն տրավման՝ հիշողությունների, երազների մղձավանջների տեսքով։ Կրկին հիշենք 44-օրյա պատերազմը, որը տրավմա էր մի ամբողջ ազգի համար, հիմա վերադառնանք ներկա, ինչ ունենք այսօր՝ կրկին անհանգիստ վիճակ սահմանում և ցանկացած թշնամու կողմից արված ոտնձգություն, զինվորի մահ կարող է թրիգեր լինել և նպաստել հետթրավմատիկ սթրեսի առաջացմանը։ Այսինքն՝ վերքը դեռ չսպիացած, մարդը կրկին վերապրում է անցած տրավման։
«Հասկանալու համար, թե ինչ հոգեբանական խնդիրներ կարող է ունենալ հաշմանդամություն ունեցող անձը, նախ պետք է հասկանալ, թե ինչ հաշմանդամություն նա ունի։ Չէ՞ որ, օրինակ՝ տեսողության հետ կապված խնդիրները կարող են տարբերվել մտավոր խնդիրներ ունեցող մարդու խնդիրներից։ Սակայն հաշմանդամություն ունեցող անձանց մոտ առավել հաճախ հանդիպող հոգեբանական խնդիրներից են սոցիոֆոբիան, նույն ինքը սոցիալական տագնապային խնդիրը։ Սոցիոֆոբիայի ժամանակ մարդն ուժեղ վախեր է ունենում որ, օրինակ, չի ընդունվի սոցիալական որոշ խմբերի կողմից (ընտանիք, բարեկամներ, ընկերական միջավայր, աշխատավայր, դպրոց), քանի որ կարծում է, որ նա արատավոր է և այնքան հմայիչ, խելացի և գեղեցիկ չէ: Որ մարդիկ կծիծաղեն իր վրա, կմերժեն, լիարժեք չեն ընդունի, կքննադատեն և կխղճան: Այսինքն՝ որպեսզի չզգան իրանց ոչ լիարժեք մարդկանց շրջապատում կխուսափեն հայտնվել հասարակության մեջ», – հավելեց մասնագետը։
Հաճախ նրանց համար շատ դժվար է լինում գտնվել մարդկանց մեջ, քանի որ այդ պարագայում ավելի է սրվում նրանց այն զգացումը, որ նրանք լիարժեք չեն։ Եվ նման հանգամանքն իր հերթին կարող է նպաստել նաև դեպրեսիայի առաջացմանը, որն արտահայտվում է հուսալքության, տխրության, ապաթիայի, մոտիվացիայի կորստի, հետաքրքրությունների կորստի, գերզգայության, քնի հետ կապված խնդիրների և ցածր ինքնագնահատականի տեսքով։ Ներկայում լայն տարածում է գտել ԱՇԴՎ հոգեթերապևտիկ մոտեցումը, որը նշանակում է աչքերի շարժումներով դեսենսիբիլիզացիա և վերամշակում։ Այն օգնում է հաղթահարել հետթրավմատիկ սթրեսային խնդիրը, դեպրեսիվ և տագնապային խնդիրները, քրոնիկ ցավերը։ Այստեղ ցավոտ թրավմատիկ իրողությունը հիշելիս ու միաժամանակ աչքերը շարժելը մեղմացնում է սթրեսը՝ հասցնելով այն նվազագույնի։
«Մեթոդի օգտակարությունը վկայում են բազմաթիվ հետազոտություններ և այն լայն կիրառում ունի աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում։ Հաշմանդամություն ունեցող անձանց հետ անփոխարինելի է կոգնիտիվ վարքաբանական թերապաիան, որն օգնում է մարդուն փոխել և վերանայել իր վնասակար համոզմունքներն ու փոխարինել դրանք ավելի կառուցողական համոզմունքներով։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց անչափ կօգնի ընդունման և պատասխանատվության թերապիան, որը կոգնիտիվ վարքաբանակ ուղղություններից մեկն է: Այն օգնում է ապրել և գնահատել ներկա պահը, ընդունել մեր բացասական հույզերն ու ապրումները։ Իսկ հաշմանդամությունն ինքնին կարող է առաջացնել նման հույզեր։ Այսինքն՝ ոչ թե պետք է ժխտել, փախչել ինքներս մեզանից, մեր ապրումներից, հույզերից, իրականությունից, այլ այն պետք է ուղղակի ընդունել», – նշեց հոգեբանը:
Ըստ մասնագետի՝ չորորդ հոգեթերապևտիկ մոտեցումը արտ թերապիան է, որը շատ լավ արդյունք է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց մոտ։ Դա բուժումն է արվեստի միջոցով։ Արտ թերապիայի մեջ ընդգրկված են նկարչաթերապիան, բիբլիոթերապիան, հեքիաթաթերապիան, խաղաթերապիան, երաժշտաթերապիան, կավաթերապիան։ Արտ թերապիայի վառ օրինակ է, երբ պատերազմում ծանր վիրավորում ստացած զինվորները թիթեռներից գեղեցիկ կոմպոզիցիաներ են ստանում։ Նրանք կոմպոզիցիաների միջոցով թիթեռներին երկրորդ կյանք են տալիս, գեղեցկացնում են նրանց։ Չէ՞ որ այդ աշխատանքը թերապևտիկ է: Այստեղ միտքն այն է, թիթեռներին երկրորդ կյանք նվիրելիս, նրանք ասես իրենք են վերափոխվում, հարմարվում նոր իրականությանը, իրենք են երկրորդ կյանք ստանում, իրենց կարևոր են զգում։ Դա հենց գեղեցիկ թերապևտիկ աշխատանքն է…
Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ