Հռիփսիմե Մարգարյան. «Ստեղծագործական ընթացքը զգալը տալիս է ցանկալի արդյունք»

Մի քանի օր առաջ Բուխարեստում էր գտնվում հայ նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանը, որի աշխատանքները հասցրել են գերել մի շարք երկրների արվեստասեր մարդկանց։ Հ․ Մարգարյանը ծնվել է 1975թ․, ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան (1998թ․), 1999 թվականից Նկարիչների Միության անդամ է։ 2017 թվականից մասնակցում է Europe’s Art ընկերության կողմից կազմակերպված «Կանայք արվեստում՝ հանուն խաղաղության» խորագրով նախագծին, որի ընթացքում իր աշխատանքները ցուցադրվել են Բահրեյնում, Ստրասբուրգում և Բրյուսելում։ Ընկերության հաջորդ կանգառը Բուխարեստն էր, սակայն Ռումինիայի խորհրդարանում նախատեսված միջոցառումը հետաձգվեց մի քանի ամսով, իսկ Հ․ Մարգարյանի նկարների ցուցահանդեսը կազմակերպվեց Ռումինիայում ՀՀ դեսպանությունում։ Հ․ Մարգարյանին հյուրընկալեցինք «Արարատի» խմբագրությունում։
– Ո՞րն է Ձեր գործունեության հիմնական ոլորտը։
– Իմ ոլորտը նկարչությունն է ու դիզայնը: Հավասարապես եմ սիրում և վերաբերվում դրանց, այս երկու ոլորտներում էլ ես ինձ լիարժեք ազատ եմ զգում: Անչափ հաճելի է ստեղծագործական ընթացքը զգալը, ինչն էլ տալիս է ցանկալի արդյունք:
– Ո՞ր երկրներում եք ներկայացրել Ձեր աշխատանքները։
– Աշխատանքներս ցուցադրվում են հիմնականում հայրիկիս՝ ժողովրդական նկարիչ Վալմարի հետ: Բազմաթիվ ցուցահանդեսներ ենք ունեցել եվրոպական մի շարք երկրներում, Հեռավոր և Միջին Արևելքում, նաև՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում: Այս պահին իմ գրաֆիկաներից ցուցադրվում է Կալիֆորնիայի Լա Կանադիա քաղաքի «Ստեֆանի» ցուցասրահում: Արդեն երկու տարի է ինչ մասնակցում եմ «ԵվրոպաԱրտ» ընկերության կողմից կազմակերպված «Կանայք հանուն խաղաղության» խորագրով նախագծին, և այդ շրջիկ ցուցահանդեսները տեղի են ունեցել Բահրեյնում, Ստրասբուրգում, Բրյուսելում ու դեռ շարունակելի են:
– Արդյո՞ք արվեստի այս ճյուղն այսօր զարգանում է Հայաստանում։
– Գեղանկարչությունը Հայաստանում միշտ եղել է բարձր հարթության վրա, արվեստի հանդեպ սերն ու հետաքրքրությունը եղել է ու դեռ շարունակում է մնալ: Հայ գեղանկարչությունը բազմաբնույթ է իր դասական և ժամանակակից մոտեցումներով: Պարբերաբար բացվում են ինչպես հեղինակային, այնպես էլ խմբային նոր ցուցահանդեսներ:
– Ի՞նչ տպավորություններ ունեք Բուխարեստից, ցուցահանդեսից և հայկական համայնքից։
– Առաջին անգամ եմ Բուխարեստում և շատ տպավորված եմ: Քաղաքն ինքնին աչքի է ընկնում իր գեղեցիկ ճարտարապետությամբ և մասշտաբայնությամբ: Անկեղծ ասած՝ ինձ համար նախընտրելի էր պատմական «հին քաղաքը» իր բազմաշերտ մթնոլորտով: Ռումինիայի Հայոց Միությունը, Հայաստանի դեսպանությունն ու եկեղեցին ինձ շատ ջերմ և սրտաբաց ընդունեցին։ Դեսպանատանը կազմակերպվեց իմ անհատական ցուցահանդեսը, որի համար շնորհակալ եմ պարոն դեսպանին և իր տիկնոջը։ Սա լավ առիթ էր, որ ծանոթանամ հայ համայնքի հետ, որի անդամների հետ ունեցա մտերմիկ ու հետաքրքիր զրույցներ: Նշեմ նաև, որ Արսեն Արզումանյանի շնորհիվ և նրա ուղեկցությամբ ոչ միայն բացահայտեցինք Բուխարեստը, այլ նաև իմացանք, թե իր գործունեությամբ ինչպիսի դեր ու նշանակություն է ունեցել հայ համայնքը Ռումինիայի քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում:
Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքներից․





«Արարատ» խմբ․