Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամով 00:00-ից: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։
Ակնայի (Աղդամի) շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը:
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը (1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա)։
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը ծավալվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։
Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը[Ն 1] Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի (Լաչինի) շրջանը: Լաչինի միջանցքը (մոտ 5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, բայց միաժամանակ շրջանցելու է Շուշիին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով ավտոմոբիլային երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո:
Իրականացվում է ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակում:
Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: