Բակըու քաղաքում տեղի ունեցավ եռօրյա «Հայաստան» փառատոնը

Սեպտեմբերի 13-15-ը արդեն 6-րդ անգամ Բակըուի կենտրոնական Եռագույնի հրապարակը երեք օր լցված էր հայկական ոգով. Ռումինիայի Հայոց Միության Բակըուի մասնաճյուղը (նախագահ՝ Վասիլե Հակոբ) Բակըուի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ կազմակերպել էր «Հայաստան» եռօրյա փառատոնը, որը նվիրված էր Ռումինիայի Հայոց Միության 100-ամյակին։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը և Վասիլե Հակոբը։
Փառատոնին մասնակցեցին Բուխարեստի «Վարդավառ», Կոնստանցայի «Նաիրի» և Տուլչայի «Բազմազան» հայկական պարախմբերը, ինչպես նաև այլ փոքրամասնությունների պարախմբեր՝ «Բաքստալո», «Ռինգերլեյն», «Արետի», «Ամալա», «Մասկարադ» բալետի անսամբլը։
Համերգային հարուստ ծրագրերով ելույթ ունեցան ռումինահայ ջազմեն Գաբրիել Դեդեյանի, ռումինացի դուդուկահար Կոսմին Ռաֆայել Բըլեանի, մեկ այլ ռումինահայ ջազմեն Հարրի Տավիտյանի և Չերեյ Չոբոյի խմբերը, Օդեսայից ժամանած երգիչ Ժան Սմբատյանը։
Ռումինիայի Գրողների Միության անդամ Միրչա Բոստանը հանդիսատեսներին ներկայացրեց այս տարվա ապրիլին լույս տեսած «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» գիրք-հավաքածուն, որի հեղինակ Արսեն Արզումանյանի հետ ներկայացրին ռումինացիների շրջանում չափազանց մեծ տարածում գտած Ռադիո Երևանի մի շարք անեկդոտներ։
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ փառատոնից անմասն չէին կարող մնալ մի շարք ֆիլմեր ինչպես հայկական, այնպես էլ ռումինական և այլ թեմաներով։ Այս տարի ներկայացված բոլոր ֆիլմերի ռեժիսորները ռումինահայեր էին՝ Ֆլորին Գևորգյան («Գիշերվա սեր»), Արմինե Ոսկանյան («Լիլիթ», «Շնորհավոր»), Անդրեյ Լևոն Ինիզյան («Ապրիլ, երազ»), Անդրեյ Տեոդորեսկու («Ճանապարհ դեպի հաջողություն»)։
Փառատոնի երեք օրերի ընթացքում Եռագույնի հրապարակում կազմակերպվել էր մեծ տոնավաճառ, որտեղ վաճառվում էին բազմաթիվ ձեռագործ աշխատանքներ, հայկական տարբեր թեմաներով գրքեր, հայկական արտադրանք՝ կոնյակ, նռան ու սերկևիլի գինի և այլն։ Փառատոնի ռումինացի հազարավոր այցելուների համար կազմակերպվել էր Ռումինիայի և աշխարհի հայտնի հայերին վերաբերող ցուցահանդես, որը բաց էր փառատոնի ողջ ընթացքում։






