Հայ շախմատիստները քննադատել են ՖԻԴԵ-ին

Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստները սոցիալական ցանցերում քննադատել են ՖԻԴԵ-ի ղեկավարությանը՝ կապված օնլայն Օլիմպիադայում Հայաստանի հավաքականի բողոքարկումը մերժելու հետ:
Լևոն Արոնյանը թվիթերում գրառում է արել, որում համեմատականներ է արել Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիական վեպի հետ:
Հայաստանի հավաքականի մեկ այլ շախմատիստ՝ Գաբրիել Սարգսյանն էլ մեղադրել է ՖԻԴԵ-ի նախագահին բարոյական սկզբունքների բացակայության մեջ. «Ինչպիսի խայտառակություն. Արկադի Դվորկովիչ և Էմիլ Սուտովսկի դուք ձախողվեցիք, և ցույց տվեցիք ամբողջ շախմատային աշխարհին, որ բարոյական սկզբունքներ չունեք»,-գրել է Սարգսյանը ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ շախմատի համաշխարհային Օլիմպիադայի քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հնդկաստանի էր: Դիմակայության առաջին փուլում Հայաստանի թիմը պարտություն կրեց, սակայն մեր պատվիրակությունը բողոքարկեց Հայկ Մարտիրոսյանի պարտիան, քանի որ օնլայն ծրագրի հետ կապված խնդիր էր եղել, ինչի պատճառով հայ շախմատիստը չէր արել իր քայլը:
Բողոքարկումը չընդունելուց հետո Հայաստանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Օլիմպիադային:
armsport.am