Ռումինիայի Հայոց Միության և Ռումինիայի Հայոց Թեմի համատեղ հայտարարությունը Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
![](http://www.araratonline.com/arm/wp-content/uploads/2020/10/declaratie-1.png)
Ս.թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային հարձակում սկսեցին Արցախի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով, որն իր ծավալներով և համակարգման ձևով մատնանշում էր դրա մանրակրկիտ նախապատրաստությունը և խաղաղ բնակավայրերի, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտի, թիրախավորումը։
Ադրբեջանական կողմի այս ագրեսիան, ի հակադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած բանակցային գործընթացի, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Ռումինիայի Հայոց Միությունը և Ռումինիայի Հայոց Թեմը խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների գործողությունները, պահանջում են անհապաղ դադարեցնել Ադրբեջանի կողմից նախաձեռնված զինված հակամարտությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:
Մեզ առավել մտահոգում է այն, որ Ադրբեջանի այս գործողություններին բացահայտորեն աջակցում է Թուրքիան, որը ոչ միայն ապահովում է դիվանագիտական, քաղաքական, տեխնիկական-ռազմական աջակցություն և խորհրդատվություն ադրբեջանական բանակին, այլև, ըստ լրատվամիջոցների, նպաստում է Մերձավոր Արևելքից իսլամական վարձկանների տեղափոխմանը: Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի դեմ և բացահայտ ռազմական աջակցությունը Ադրբեջանին ակնհայտորեն հիշեցնում է այն մթնոլորտը, որը նախորդում էր 1915 թ. Հայոց ցեղասպանությանը: Քաղաքակիրթ աշխարհը պարտավոր է կանխել մարդկության պատմության ամենասև էջերից մեկի կրկնությունը:
Ռումինիայի Հայոց Միությունը և Ռումինիայի Հայոց Թեմը գտնում են, որ Ռումինիան, որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խթանող, պետք է քայլեր ձեռնարկի իրավիճակը մեղմելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խաղաղ գործընթացում հաստատված դրական փորձերին վերադառնալու համար: Մեր համերաշխությունն ենք հայտնում վերջին տասնամյակների ընթացքում այդքան փորձության ենթարկված Արցախի հայ ժողովրդին, վստահությունը իրենց կյանքի գնով իրենց հայրենիքը պաշտպանող հայ զինվորների քաջությանն ու նվիրվածությանը, ինչպես նաև խոր կարեկցանքը՝ հակամարտության զոհերին:
Որպես Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ, որպես Հայաստանի Հանրապետության հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ և որպես Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբի ղեկավար՝ մենք ցանկանում ենք ահազանգ հնչեցնել և կոչ անել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված գործողությունները։
Տաթև եպս. Հակոբյան
Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ
Բուլղարիայի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ
Վարուժան Ոսկանյան
Ռումինիայի Հայոց Միության նախագահ
Վարուժան Փամբուկչան
Ռումինիայի Հայոց Միության փոխնախագահ