Ararat

Կյանքից հեռացավ մեր գործընկեր Էդուարդ Անտոնյանը

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Ռումինիայի Հայոց Միությունը և «Արարատի» խմբագրակազմը ցավով հայտնում են մեր գործընկերոջ և ընկերոջ Էդուարդ Անտոնյանի մահվան մասին:

1997թ․ Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտ Էդուարդ Անտոնյանը միացավ «Արարատի» խմբագրակազմին և միևնույն ժամանակ, որպես երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ, նպաստեց Ռումինիայի Հայոց Միության գործունեությանը: Նա շարունակաբար մասնակցում էր Ռումինիայում անցկացվող սեմինարներին և սիմպոզիումներին, որոնք տեղի էին ունենում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, որտեղ խոսում էր Ռումինիայի հայ համայնքի պատմության մասին: Նա պաշտպանեց իր դիպլոմային աշխատանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, այնուհետև հրապարակեց մի շարք հոդվածներ այս թեմայով: Միհայ Ստեփան Կազազյանի և Ռումինական հեռուստատեսության թիմի հետ համագործակցությամբ պատրաստեց «Էմանուել՝ երազանքը միայն երազանք» վավերագրական ֆիլմը Մանուկ բեյի կյանքի մասին, իսկ վերջին տարիներին համագործակցում էր «Այլ փոքրամասնությունների» խմբագրության հետ` հայ համայնքի վերաբերյալ հարցազրույցներ և ռեպորտաժներ պատրաստելով։ Նա մասնակցեց Երևանում անցկացվող միջազգային սիմպոզիումին, որը նվիրված էր Մանուկ բեյ Միրզայանին, այնուհետև ուղևորվեց դեպի Արցախ, որտեղ ռեպորտաժ պատրաստեց տեղի հայերի մասին: «Արարատ» ամսագրում լույս տեսած հոդվածները բազմազան էին. հայազգի հայտնի մարդկանց հետ հարցազրույցներից մինչև հայ համայնքի պատմության վերաբերյալ հոդվածներ, իսկ վերջին տարիներին նա մի մշտական ​​սյունակ ուներ՝ «Անցյալի Արարատը» խորագրով, որում նա ներկայացնում էր քաղվածքներ համայնքային կյանքի կարևոր պահերի վերաբերյալ հոդվածներից, որոնք տպագրվել էին «Արարատ» ամսագրում միջպատերազմյա շրջանում: Նա ընդունվել էր Կլուժի Բաբեշ-Բոյայի համալսարանի պատմության ֆակուլտետի դոկտորատ… որը, ցավոք, չհասցրեց ավարտել:

Նա սիրում էր Հայաստանը, Գեռլայի հայերին, նրա լավագույն ընկերը հանգուցյալ Միրչա Տիվադարն էր, սիրում էր լսել «Iron Maiden» խմբի կատարումները։ Մնացածն արդեն պատմություն է․․․

Աստված հոգին լուսավորի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *