Աղոթք առ Աստված հրաշագործ Ս. Հաճկատար վանքում թեմի հավատավոր զավակների համար

Հունիսի 23-25-ը Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց
թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը
հովվական այցով մեկնեց Սուչավա: Սրբազանին ուղեկցում էին Սուչավայի
հայոց ծուխի հոգևոր հովիվ արժ. Տ. Թորգոմ քհն. Մանդալյանը և Բուխարեստի
հայոց ծուխի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քհն. Խաչատրյանը:

Հունիսի 24-ին Ռումին Ուղղափառ Եկեղեցին տոնախմբում է Հովհաննես
Մկրտչի ծննդյան տոնը: Այդ առիթով հավատացելոց երկրպագության համար
հանվում է Ս. Հովհաննես Նորի մասունքը, որը համարվում է Սուչավայի
հովանավոր Սուրբը: Այդ առիթով բազում ուխտավորներ ու տեղացիներ
այցելում են Սուչավայի մի քանի նշանավոր վանքեր, այդ թվում նաև Ս.
Հաճկատար հրաշագործ հայկական վանք, ուր ստանում են Տաթև Սրբազանի
օրհնությունն ու բարեմաղթությունները:

Այցի ընթացքում Տաթև Սրբազանն այցելեց Սուչավայի բոլոր հայկական
վանքերն ու եկեղեցիները, կալվածքները, տեղում ծանոթացավ համավարակի
պատճառով ստեղծված իրավիճակին ու ծուխի կողմից իրականացված
աշխատանքներին: Սրբազանը եղավ Զամկայի հայոց վանքում, Ս. Սիմեոն և Ս.
Խաչ եկեղեցիներում, Ս. Հաճկատար վանքում: Ս. Խաչում թեմակալ առաջնորդը
տեղում ծանոթացավ Սուչավայի քաղաքապետարանի ֆինանսական
աջակցությամբ եկեղեցում կատարված ներքին ու արտաքին նորոգության
աշխատանքներին:

Մասնավոր աղոթք կատարվեց Ս. Հաճկատար հրաշագործ վանքում
համավարակի հաղթահարման, աշխարհի խաղաղության և բարի ընթացքի
համար: Թեմակալ առաջնորդը աղոթեց ռումանիոյ և բուլղարիոյ բոլոր
հավատացելոց հոգևոր և մարմնավոր առողջության, հավատքի
անսասանության և զորացման համար, ռումին և բուլղար պետությունների,
ինչպես նաև ՀՀ, ԱՀ և համայն հայության համար՝ դիմելով Ս. Աստվածամոր
բարեխոսությանը:
Հունիսի 25-ի երեկոյան Սրբազանը վերադարձավ Բուխարեստ:

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան