Գեորգենում տեղի ունեցավ Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկումը

Սեպտեմբերի 6-8-ը Տրանսիլվանիայի շրջանի Գեորգեն քաղաքում, որի զարգացման վրա տեղի հայերը մեծ ազդեցություն են ունեցել, տեղի ունեցավ Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկումը, որը կազմակերպել էին Գեորգենի հայ-կաթոլիկ ասոցիացիան և Տրանսիլվանիայի հունգարահայերի ասոցիացիան։ Փառատոնի բացմանը ծաղկեպսակներ դրվեցին քաղաքի հայ կաթոլիկ եկեղեցու հարևանությամբ կանգնեցված խաչքարի մոտ։ Համայնքային տանը կազմակերպվել էին Գոպչա Պաուլայի (Բուդապեշտ) նկարների, Լազըր Իմոլայի էլեկտրոնային հասցեների, Կոմիտասի 150 ամյակին և Գեորգենի հայերի կյանքին ու ժառանգությանը նվիրված ցուցահանդեսներ։ Առաջին օրվա ավարտին Ատիլա Կոստյակը եկեղեցում հանդես եկավ սիմֆոնիկ համերգով։

Երկրորդ օրը Հայկական եկեղեցի փողոցի վրա կազմակերպվել էր տոնավաճառ, ինչպես նաև շրջայց քաղաքի հայկական հետքերով, որը վարում էր Տրանսիլվանիայի հունգարահայերի ասոցիացիայի նախագահ Ատիլա Պուշկաշը։ Բեմում հայկական պարերով փառատոնը լցրեց Ռումինահայոց Միության «Վարդավառ» պարախումբը (պարուսույց՝ Բելա Մարտիկյան)։ Պարային ելույթներով հանդես եկան նաև գնչուների (Գեորգեն), սաքսոնների (Ռեգին) և այլ պարախմբեր։ Համայնքային տանը տեղի ունեցան գրքի շնորհանդես, հատկապես տրանսիլվանահայերի շրջանում հայտնի հուռութի (այդ շրջանում հայտնի հայկական «ականջապուր» ճաշատեսակը պատրաստում են թթվեցված հուռութից) փառատոն, հայկական բանաստեղծությունների ներկայացում և այլն։


Երրորդ օրը եկեղեցում մի քանի հարյուր հավատացյալների ներկայությամբ մատուցվեց Սբ. Պատարագ, որին հաջորդեց պաշտոնական ճաշկերույթը։



Փառատոնի համակարգողը Տրանսիլվանիայի հունգարահայերի ասոցիացիայի փոխնախագահ, հին հայկական ընտանիքի անդամ Լասլո Կուլչարն է։
Արսեն Արզումանյան