Bedros Horasangian

ԱՐԽԻՎ-2018․ Հայաստանը՝ դեպի ու՞ր

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

   Գրված 05․05․2018

Ապրիլ ամսին Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող խմորումները հանգեցրել են իրավիճակի անսպասելի զարգացումների: Ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքացիական անհնազանդության շարժումը՝ «Քայլ արա՝ մերժիր Սերժին» կարգախոսի տակ հասել է իր նախնական նպատակին. ապրիլի 23-ին, սոսկ վեց օր առաջ՝ ապրիլի 17-ին Ազգային Ժողովի կողմից վարչապետ ընտրված նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և հեռացավ վարչապետի պաշտոնից: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո արդեն համաժողովրդական դարձած շարժումն իր առաջ դրեց էլ ավելի հեռանկարային նպատակ՝ գործադիր իշխանությունն այլևս չթողնել համատարած կաշառակերության մեջ մեղադրվող Հանրապետական կուսակցության ձեռքին և վարչապետի աթոռին նստեցնել «ժողովրդի թեկնածուին»՝ Նիկոլ Փաշինյանին: Սակայն Ազգային Ժողովի մայիսի 1-ի նիստի արդյունքում Փաշինյանը չընտրվեց վարչապետ՝ բախվելով խորհրդարանական մեծամասնություն ունեցող հանրապետականների ընդդիմությանը: Երկրի վարչապետ ընտրելու նպատակով խորհրդարանի հաջորդ նիստը գումարվելու է մայիսի 8-ին:

Ամբողջ աշխարհը տեղյակ է Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Ցեղասպանության ճանաչման պահանջը չէ, որ միջազգային լրատվական գործակալությունների ուշադրության կենտրոնում է, այլ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում ընթացող բողոքի ցույցերը, որոնք գլխավորում է մարդու իրավունքների համար և կաշառակերության դեմ պայքարող մի եռանդուն քաղաքական գործիչ: Հայաստանը կանգնած է շրջադարձային կետում: Ազգային Ժողովի պատգամավոր և իր ձայնը միշտ լսելի դարձնող ընդդիմադիր «Ելք» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կարողացավ ստիպել նորանշանակ վարչապետ՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ իր վարչապետության սոսկ 6-րդ օրը: Դա ընդդիմության իրական հաղթանակ էր՝ հատկապես հետխորհրդային երկրում, և միաժամանակ քաղաքական հայացքները և հասարակական դժգոհությունը փողոցում արտահայտելու ազատության հաղթանակ: Հաշվի չառնելով ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումները (վարչակարգի հակազդեցությունը բավական զուսպ է եղել), հաշվի չառնելով որոշ ընտրությունների արդարությունը: Այնուամենայնիվ, բոլորս գիտենք, թե տարիներ առաջ ինչ է տեղի ունեցել Տյանանմեն հրապարակում կամ Կահիրեի Թահրիր հրապարակում, գիտենք, թե ինչի է հանգեցրել արաբական գարունը և մի շարք երկրներում ինքնակալ ղեկավարների իշխանությունից հեռացումը, գիտենք, թե ինչ է կատարվել Իրաքում կամ Լիբիայում՝ ինքնակալ և կաշառակեր առաջնորդների պատմության բեմից հեռացնելուց հետո: Ոչ ժողովրդավարությունը, այլ քաոսն է հաղթող դուրս եկել: Հայաստանում ներքաղաքական իրավիճակը տարբեր է: Սակայն նախկին նախագահի նման հին և փորձառու քաղաքական գործչի խաղից հանելը ինքնըստինքյան չի նշանակում, որ Հայաստանում ժողովրդավարությունն ու արդարությունը հաղթել են կաշառակերության դեմ պայքարում և այսուհետև հայ ժողովրդի առաջ կբացվի անկաշկանդ հնարավորություն: Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգըսյանը, ով արևմտյան դիվանագիտական և քաղաքական շրջանակներում մեծ հարգանք և հեղինակություն վայելող անձնավորություն է, այժմ պարտավոր է հոգ տանել երկրի ապագայի մասին: Ազգային Ժողովի 105 աթոռներից 58-ը զբաղեցնող իշխող Հանրապետական կուսակցությանը չի կարելի փողոցային շարժումներով դուրս մղել քաղաքական խաղից: Ընդդիմության՝ փողոցային շարժման առաջնորդի վարչապետի պաշտոնում ընտրության առաջին փորձը տապալվեց. ինը ժամ տևած քննարկումներից հետո Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մերժվել է ձայների 45 կողմ և 56 դեմ հարաբերակցությամբ: Վարչապետ չընտրվելու արդյունքում, Նիկոլ Փաշինյանը սպառնացել է դիմել նոր բողոքի ցույցերի, ստիպելու համար հանրապետական պատգամավորներին քվեարկել հօգուտ իրեն: Դա ռիսկային խաղ է: Այստեղ են ծագում հարցերը և անորոշությունները, որոնք արդեն հնչեցվել են քաղաքական որոշ վերլուծաբանների և մեկնաբանների կողմից՝ թե՛ հայաստանցի և թե՛ արտասահմանցի: Արդյոք ի՞նչ են ուզում Փաշինյանն ու նրա ջատագովները: Նա ինչո՞վ կարող է բարելավել ոչ վարդագույն կյանք ապրող իր երկրի ու ժողովրդի վիճակը: Ասվում է, թե կգան արտերկրացի ներդրողներ՝ Արևմուտքից մեծահարուստ հայեր, ովքեր նոր թափ կհաղորդեն Հայաստանի տնտեսության զարգացմանը, թե կյանքը ավելի բարեկեցիկ կլինի: Շատ բարի: Բայց ինչպե՞ս: Դեռ հայտնի չէ: Այժմ կարիք ունենք հանդարտության ու համերաշխության: Մեր պապերը գիտեին, թե ինչ է նշանակում ընտանիք պահելը: Կամ ինչ է նշանակում բիզնես վարելը: Ոչ ոք իր դրամը չի դնում այնտեղ, որտեղ չկա քաղաքական, տնտեսական և ֆինանսական կայունություն: Կաշառակերության դեմ պայքարը պետք է ներդաշնակեցնել Հայաստանի մյուս առաջնահերթությունների հետ: Եվ կարևորագույն հարցն է՝ ինչպե՞ս ապահովել Հայաստանի անվտանգությունը: Հայաստանի ապագայի համար կենսական նշանակություն ունեցող ժողովրդավարության համար և կաշառակերության դեմ պայքարը պիտի ներդաշնակեցնել երկրի ռազմական անվտանգության, պետական ինքնիշխանության և անկախության ապահովման հետ: Արդյոք ունի՞ Նիկոլ Փաշինյանը հստակ տեղեկություններ երևանյան իշխանափոխական խմորումների նկատմամբ Մոսկվայի, բայց նաև Վաշինգտոնի հնարավոր արձագանքի մասին: Առկա են բազում անորոշություններ և մտահոգություններ, որոնց հետ հայաստանյան քաղաքական շրջանակները պետք է հաշվի նստեն և շատ ուշադիր՝ խոհեմ ու շրջահայաց կշռադատեն, ամենալավ որոշումները կայացնելու համար: Փողոցները հեղեղած մարդկանց խանդավառությունը պետք է ուղեկցվի նաև իրատեսական լուծումների հանգեցնող սառը դատողությամբ և կշռադատումներով: Պատմության գալարումները մեզ հայերիս՝ հայաստանցի, թե սփյուռքահայ, պարտադրում են մնալ համերաշխ և անսասան ճակատագրի մարտահրավերների առաջ: Հուսանք, որ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի իմաստությունը և քաղաքական կամքը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի բարի մտադրություններն ու ոգևորությունը կհանգեցնեն հայ ժողովրդի համար ամենաբարենպաստ լուծմանը: Այլընտրանք չկա: Միակ ճանապարհը դա աշխարհասփյուռ հայ ժողովրդի միասնության և համերաշխության ճանապարհն է:

Պետրոս ԽՈՐԱՍԱՆՃՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *