Հարցազրույց ջութակահարուհի Ասյա Անիսիմովայի հետ. «Որքան էլ բարդ իրավիճակի մեջ հայտնվես, պետք է առաջ գնաս»

Պատմության ընթացքում Հոմո սափիենսն առերեսվեց տարբեր հանգամանքների, փոփոխությունների, 21-րդ դարում ստեղծված նորանոր տեխնոլոգիաների և դրանցից ձեռք բերած կախվածության, կենդանական ծագման թագավարակի հետ, իսկ հեռավոր կամ մոտալուտ ապագայում նրան կընկերակցի արհեստական բանականությունը, գուցե իրեն հատուկ զգայարաններով, ո՜վ գիտե… որին, հուսանք, ևս դուր կգա դասական երաժշտությունը, ինչը թույլ չի տա մարդուն ոչնչացնել:
Երաժշտության ազդեցության փաստը բազմիցս է ապացուցվել, դասական երաժշտության դրական հետևանքները ևս: «Արարատ» ամսագիրը ներկայացնում է պատանի ջութակահարուհի Ասյա Անիսիմովայի հետ հարցազրույցը:
– Ժամանակից հետ չընկնողները նախընտրում են ծանր ռոք, ջազ, ոմանք էլ կլկլակոկորդ ռաբիսով են համեմում իրենց առօրյան: Դու, ութ տարեկանից ի վեր, չես բաժանվել դասական երաժշտությունից: Զգացե՞լ ես արդյոք դրա բարեփոխող հատկությունը:
– Չեմ կարող գիտական պատասխան տալ այդ հարցին, բայց իմ կյանքը մի օր անգամ չեմ պատկերացնում առանց դասական, բարձր որակի երաժշտության, առավել ևս՝ առանց ջութակի:
– Վերջին երաժշտական մասնակցությունդ այս տարվա ապրիլի 24-ին էր՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում սուրբ նահատակների հիշատակին նվիրված համերգային երեկոյին: Ի՞նչ կատարմամբ հանդես եկար այդ գիշեր:
– Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ծրագրի ղեկավար Արմեն Բաբախանյանին և այն բոլորին, որոնք ջանք չխնայելով կազմակերպեցին այդ գեղարվեստական ծրագիրը, որի ժամանակ միահամուռ ուժերով, երեկոյից մինչ լուսաբաց հարգանքի տուրք մատուցեցինք անմեղ զոհերի հիշատակին: Այդ օրը ժամը 22:00-ին կատարեցի Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայից մեղեդին: Ինձ համար մեծ պատիվ էր այնտեղ գտնվելը… կրակի կողքին, նաև այն պատճառով, որ հենց քո երաժշտական կատարմամբ ես հիշում հայոց պատմության այդ ողբերգական հատվածը:

– Որքա՞ն դժվար և պատասխանատու էր քեզ համար նվագել արհեստավարժ երաժիշտների և նվագախմբերի կողքին, որոնցից նշենք Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, պետական կամերային նվագախմբերի գործիքային անսամբլները և այլն։
– Կատարման ժամանակ հուզմունքս մեծ էր, քանի որ ոգեկոչման երեկոյի մաս կազմելն ինձ համար շատ մեծ պատասխանատվություն էր: Բայցևայնպես, չափից դուրս երջանիկ էի, որովհետև այնտեղ ծանոթացա երկարամյա փորձ ունեցող և տաղանդաշատ երաժիշտների հետ, իսկ այդ բեմում հենց նրանց կողքին գտնվելը ցանկացած երաժշտի համար մեծ նշանակություն ունի:

– Աննշան լարային սխալների պարագայում, եթե եղել են իհարկե, կարողացե՞լ ես դրանք վարպետորեն թաքցնել:
– Ցանկացած երաժշտի մոտ միշտ էլ հուզմունքի հետևանքով փոքրիշատե սխալներ լինում են, նաև ինձ մոտ: Անգամ եթե միշտ փորձում եմ լավ պատրաստված լինել, պատահում են դեպքեր, երբ իսկապես կարողանում եմ վարպետորեն շրջանցել հնարավոր վրիպումները: Անկեղծ ասեմ, հիշատակի գիշերը տեխնիկական սխալներ չեն եղել նաև այն պատճառով, որ հուզմունքի փոխարեն մեծ ուժ էի զգում, քանի որ կարողանում էի ամեն մի նոտան արտահայտել յուրաքանչյուր անմեղ զոհի պատկերով:

– Հունվարին համերգներով մեկնեցիր Իտալիա: Մի փոքր կպատմե՞ս այդ մասին:
– Այս տարվա հունվարի 21-ից մինչև փետրվարի 2-ը երաժշտական ծրագրով մեկնեցի Իտալիա՝ այցելելով տարբեր քաղաքներ՝ Միլան, Թուրին, Աստի, Կրեմոնա: Անչափ հետաքրքիր ու շատ դրական լիցքերով շրջագայություն էր: Միլանում այցելեցինք մի շարք տեսարժան վայրեր, որոնք լի էին մշակութային բարձր արժեքներով և շատ հետաքրքիր պատմություններով: Համերգներ ունեցանք տարբեր դահլիճներում, եղանք նաև Միլանի Հայ տուն ազգային հաստատությունում և, վերջապես, կատարվեց իմ բաղձալի երազանքներից մեկը. այցելեցինք Կրեմոնա քաղաքի Անտոնիո Ստրադիվարիի թանգարան (լարային գործիքների իտալացի վարպետ), որտեղ տեսա նրա ստեղծագործական, պատմական արժեք ունեցող հիասքանչ ջութակները: Իմ մյուս երազանքներից մեկն էլ մի այդպիսի գործիք ունենալն է:
Թանգարանում ինձ մի գիրք նվիրեցին, որտեղ նշվում էին Անտոնիո Ստրադիվարիի հետաքրքիր ստեղծագործություններն ու տարբեր բացատրությունների պատկերները: Իսկ Թուրինում ուղղակի աննկարագրելի էր: Այնտեղ տեսանք այն Սավանը, որով Հիսուսը երեք օր թաղված է եղել: Առհասարակ, Իտալիայում համերգների ընթացքում հուզմունքս աննկարագրելի մեծ էր, որովհետև բավականին լուրջ ստեղծագործություններ էի կատարում, դրանից զատ բեմից նկատելի էին հանդիսատեսի ջերմ վերաբերմունքն ու ծափերը:

– Վերջերս բռնկված պանդեմիայի հետևանքով շատերը իտալացիների՝ հավաքույթների հանդեպ սերն են մատնանշում՝ որպես վարակի արագ տարածման պատճառ: Այդուհանդերձ, ի՞նչն է քեզ Իտալիայում ամենաշատը զարմացրել:
– Հունվարին, երբ այնտեղ էի, Իտալիայում ընդամենը մեկ հոգի էր վարակվել: Մենք ցանկացանք դիմակ գնել պաշտպանվելու համար, բայց, քմծիծաղ տալով մեզ վրա, մեզ դիմակ չտվեցին: Իրենց կարծիքով որևէ լուրջ պատճառ չկար: Անկախ այդ իրավիճակից, համերգի մեկնած մեր կազմով փորձում էինք ինքնապաշտպանվել և խուճապի չմատնվել: Այդպես էլ վերադարձանք Հայաստան, իսկ այն կինը, որը մեզ վրա ծիծաղել էր, երևի հիմա ինքն է հիվանդ:

– Սա տխուր մասն է, իսկ ամենազավեշտալի դեպքերից ո՞րը կհիշես:
– Զավեշտալի դեպքեր շա՜տ են եղել, նույնիսկ ամեն օր: Առաջին օրը, երբ պիցցա էի ուզում ուտել, այն բերելուց հետո իսկապես շատ էի զարմացել: Պիցցան չափազանց մեծ էր և ինձ թվաց, որ մեկ կտորից ավել չեմ կարող ուտել: Այդպես էլ եղավ: Դա այնքան ծիծաղելի էր, որովհետև մի քանի օր հետո արդեն կարողացա իտալական պիցցան ամբողջությամբ վայելել: Իսկապես, այնտեղ ուտելիքները չափսերով ու չափաբաժիններով մեծ են, բայց անկրկնելի համ ունեն:
– Եթե անկեղծ, Հայաստանի պիցցա՞ն է ավելի համեղ, թե՞ Իտալիայինը:
– Դժվար է միանշանակ պատասխանել: Պիցցան ստեղծվել է հենց Իտալիայում և, անշուշտ, այն այլ երկրի պիցցայի հետ չես կարող համեմատել: Հայաստանի պիցցան նույնպես համեղ է, բայց ցանկացած ճաշատեսակի հայրենիքում պատրաստվածը, միևնույնն է, յուրահատուկ համ ունի:

– Ասում են՝ խորհուրդ տալն անշնորհակալ գործ է։ Այնուամենայնիվ, ո՞րը կլիներ քո խորհուրդը ամսագրի ընթերցողներին և, հատկապես, այն երեխաներին, որոնք ցանկանում են ընտրել ջութակահարի մասնագիտությունն ու դիմակայել այս ստեղծագործական ոչ դյուրին ճանապարհին:
– Մինչ խորհրդին անցնելը կցանկանայի շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնք ժամանակ տրամադրեցին ու կարդացին այս հարցազրույցը: Ինչ էլ որ լինի, թող երբեք հետ չկանգնեն իրենց նպատակներին հասնելու ճանապարհից: Նրանք, ովքեր ցանկանում են դառնալ երաժիշտ, ջանասիրություն և նվիրվածություն պետք է ցուցաբերեն: Կլինեն շատ տանջալից օրեր, նույնիսկ հիասթափություններ, անչափ բարդ թվացող ճանապարհ, երբ երբեմն պետք է հրաժարվես սիրելի զբաղմունքներից, բայց միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող ես ինչ-որ հաջողության հասնել: Մարդիկ, որոնք առաջին չստացված քայլից հիասթափվում են, պետք է հիշեն, որ միայն բարդությունները հաղթահարելով են հասնում երազանքին և առանց ջութակի հանդեպ սիրո ոչինչ չի ստացվի: Երբ ժամերով պարապելուց դնչիդ տակ կամ մատներիդ վրա կոշտուկ է հայտնվում, իսկ հուզմունքից այնքան ես քրտնում, որ լարերիդ վրայից ջրհեղեղ է թափվում, երբ բեմում մարդկանց ջերմ ծափերը լսելիս ոտքերդ են դողում կամ երբ հայտնվում ես զանազան բարդ իրավիճակներում, կոչ եմ անում միշտ ինքնավստահ զգալ, քանի որ գալու է մի ժամանակ, երբ այդ ամենը ծիծաղելի հիշողություններ է դառնալու: Իսկ այն, ինչ կուտակվում է քո մեջ, հետագայում միայն ստեղծված երաժշտության ու ամեն նոտայի օգնությամբ է արտահայտվելու՝ աշխարհը լցնելով բարի ու դրական լիցքերով:
Ելենա Չոբանյան
One Response to Հարցազրույց ջութակահարուհի Ասյա Անիսիմովայի հետ. «Որքան էլ բարդ իրավիճակի մեջ հայտնվես, պետք է առաջ գնաս»