«Մեր հյուրանոցում «չէ» բառը չկա»,- ասում է Սինայա քաղաքի «Նոյյան Տապան» հյուրանոցի սեփականատեր Մարինե Հովակիմյանը
1992թ․ Մարինեն ընտանիքով տեղափոխվում է Ռումինիա, որտեղից 1946թ. հայրենադարձվել էին իր պապն ու տատը։ Տարիներ անց Ռումինիայի հանրահայտ Սինայա քաղաքում հիմք է դնում «Նոյյան Տապան» (ռումիներեն՝ «Արկա լույ Նոե») անունը կրող հյուրանոցի կառուցմանը, որն այսօր բավականին հայտնի է։
– Սիրելի Մարինե, ինչպե՞ս ընտրությունը կանգ առավ հենց Սինայա քաղաքում հյուրանոց կառուցելու վրա և ո՞ր թվականին այն բացվեց։
– Ընտրությունը հիմնականում կապված էր այն փաստի հետ, որ զբոսաշրջային առումով Սինայան Բուխարեստին ամենամոտ քաղաքներից է և բավականին հայտնի է եվրոպական երկրների զբոսաշրջիկների շրջանում։ Բացի այդ՝ այնտեղ է գտնվում հանրահայտ Պելեշի դղյակը, որը կառուցվել էր որպես Ռումինիայի թագավորական ամառանոցը։ Միայն վերջին երեք տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհից միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելել այդ դղյակը։
Հյուրանոցը կառուցեցինք 2006-2009 թվականների ընթացքում։ Այն բավականին մոտ է գտնվում Սինայայի վանքին, որից մի փոքր դեպի վեր Պելեշի դղյակն է, այսինքն՝ հյուրանոցի դիրքը շատ լավն է, և բացի այդ՝ բացարձակ անաղմուկ վայրում է, ինչը հանգիստը վայելելու կարևոր նախապայմաններից է։ Կցանկանայի ընդգծել, որ կառուցման ընթացքում օգտագործված տրավերտին քարի տեսակը բերվել է ուղիղ Հայաստանից, ինչի շնորհիվ հեռվից նայելիս հյուրանոցն անմիջապես աչքի է ընկնում։
– Ինչու՞ հենց «Նոյյան Տապան»։
– Մտածում էինք, որ անվանումը պիտի որևէ կերպ կապ ունենա հայերի հետ, և, ի վերջո, ընտրեցինք «Նոյյան տապանը»՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ շատերը Աստվածաշնչից գիտեն, թե ինչպես Նոյի տապանը կանգ առավ հայկական Արարատ լեռան վրա, և Նոյն իր ընտանիքով, թռչուններով և կենդանիներով փրկվեց ջրհեղեղից։ Մեր հյուրանոց ժամանող զբոսաշրջիկներից շատերին տպավորում է այն, որ սա մի հայկական անկյուն է, որտեղ ոչ միայն հյուրանոցի տերերն են հայ, այլև մթնոլորտն է հայկական։ Անմիջապես հյուրանոցի ընդունարանում բավականին մեծ մի նկար կա, որում պատկերված է Տապանում գտնված մարդկանց և կենդանիների իջնելը Արարատ լեռից։
– Մեր զբոսաշրջիկ ընթերցողներին կհետաքրքրի, թե հյուրանոցի ռեստորանի ճաշացուցակում հայկական ի՞նչ ուտեստներ կան։
– Կարող եմ նշել, օրինակ, հայկական խորովածը, որն, ի տարբերություն ռումինականի, պատրաստվում է ոչ թե ցանցի վրա, այլ հատուկ շշերի վրա շարված, բացի այդ՝ մենք բազմաթիվ համեմունքներ ենք օգտագործում խորոված պատրաստելիս, ինչպես ծիտրոն, ուրց, կարմիր պղպեղ, ռեհան և այլն։ Կարտոֆիլը նույնպես տարբեր համեմունքներով է, մատուցում ենք հայկական բաստուրմա և սուջուխ, հայկական տոլմա, բազմաթիվ աղցաններ՝ տապակած բադրջանով և այլն։ Մեր առանձնահատկությունն այն է, որ սա Ռումինիայի միակ հյուրանոցն է հայկական ուտեստներ մատուցող իր ռեստորանով։ Ես ինքս շատ հաճախ «մոռանում եմ» իմ պաշտոնը և մեր խոհարարներին զուգահեռ ուտեստներ եմ պատրաստում, մեր մատուցողների հետ անձամբ սպասարկում եմ մեր ռեստորանի հաճախորդներին։
Նշեմ նաև, որ տարիներ առաջ Հայաստանից մեզ նվիրեցին մի մեծ նկար, որտեղ պատկերված է հայկական խոհանոցը՝ հայկական տարազով տղաներն ու աղջիկները լավաշ են թխում, խորոված են պատրաստում և այլն։ Այդ նկարն այսօր էլ գտնվում է հյուրանոցի ռեստորանում, որի ձևավորումը հայկական մոտիվներով է։
Բացի այդ՝ մեր հաճախորդների համար հաճախ կազմակերպում ենք հայկական երեկոներ, որոնց ընթացքում շվեդական սեղանի ոճով մատուցում ենք նաև այլ ճաշատեսակներ՝ մանտի, ականջապուր, խինկալի և այլն, և այդ ամենը ջութակի կամ այլ երաժշտական գործիքի հայկական ելևէջների ներքո։
– Գնային համակարգն ինչպե՞ս է։
– Ռումինիայի մյուս չորս աստղանի հյուրանոցների համեմատ միջին գներ ունենք, գները հարմարեցրել ենք ժողովրդի վճարողունակությանը, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ կարողանան օգտվել մեր ծառայություններից։ Գները, բնականաբար, փոփոխական են՝ կախված աշխատանքային կամ հանգստյան օրերից։ Քանի որ գինը ներառում է նաև նախաճաշը, ընդգծեմ, որ բավականին հարուստ տեսականի ունենք՝ սաղմոնից մինչև պանրի տարբեր տեսակներ, տաք և սառը ուտեստներ։
Նշեմ նաև, որ հյուրանոցի սենյակների թիվը շուտով 26-ից կհասնի 30-ի։ Հյուրանոցի հետ կապված տարբեր տվյալներ կարող եք գտնել հյուրանոցի կայքում (http://www.hotelarcaluinoe.ro/), www.booking.com կայքում կամ կարող եք կապվել մեզ հետ։
– Ռումինացի կամ այլազգի զբոսաշրջիկը ինչու՞ պետք է ընտրի հենց «Նոյյան Տապանը»։
– Ցանկացած զբոսաշրջիկ կարող է ընտրել մեր հյուրանոցը մի քանի պատճառով։ Նախ՝ մեր հյուրանոցի ներսում կա լողավազան, սաունա և ջակուզի, որոնք, փաստորեն, կլոր տարի գործում են։ Դա մեզ մեծ առավելություն է տալիս և հատկապես հարմար է այն մարդկանց համար, որոնք երեխաների հետ են գալիս հանգիստը վայելելու։ Ինձ շատերն են ասել, որ հատկապես ձմռանը հաճելի է դրսում զբոսնելուց կամ սարերում դահուկ քշելուց հետո գալ հյուրանոց և անմիջապես գնալ լողավազան։ Շատ ուրախ եմ, որ հաճախորդները հաճախ նշում են, որ հյուրանոցում իրենց զգում են, ինչպես տանը։
Տարվա բոլոր եղանակներին «Նոյյան Տապան» գալիս են շատ հաճախորդներ, որոնք արդեն, այսպես ասենք, մեր մեծ ընտանիքի մաս են կազմում։ Զբոսաշրջիկներ են գալիս Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և մյուս եվրոպական երկրներից, Հայաստանից շատ եկան հատկապես 2019 թվականին, երբ գործում էր Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթը։ Հայաստանն ու Ռումինիան հրաշալի զբոսաշրջային վայրեր ունեն, որոնք պետք է բացահայտվեն երկու ժողովուրդների կողմից։ Իհարկե, անցած տարի կորոնավիրուսային համաճարակի պատճառով դժվար տարի ստացվեց, շուրջ երեք ամիս ընդհանրապես չաշխատեցինք, բայց այդ ժամանակն օգտագործեցինք վերանորոգման աշխատանքների համար։
Ընդգծեմ, որ հյուրանոցի հարևանությամբ ունենք ևս մեկ տարածք, որտեղ կառուցում ենք ֆիզիոթերապիայի բժշկական կենտրոն։ Բացի այդ՝ ունենք նաև 80 հոգու համար նախատեսված կոնֆերանս-սրահ։ Մեր հաճախորդներին հատկապես գրավում է հյուրանոցի պարտեզն իր մի քանի տաղավարներով։
Զբոսաշրջային խմբերի համար կարող ենք կազմակերպել տուրեր, ինչպես իրենք են ցանկանում։ Կարճ ասած՝ մեր հյուրանոցում «չէ» բառը չկա։ Ինչպես Ռումինիայի, այնպես էլ այլ երկրների տարբեր հյուրանոցներում երբեմն հանդիպել եմ «չէ, դա չենք կարող անել», «հնարավոր չէ» և այլն, և միշտ իրենց ասել եմ, որ եթե ուզում եք, որ այդ հաճախորդն էլի գա ձեզ մոտ, ձեր բառապաշարում «չէ» բառը չպետք է լինի։ Մեզ հետ երբեմն պատահել է, որ նույնիսկ այդ պահին չունենալով հաճախորդի ցանկացածը՝ չենք մերժել նրան և կարճ ժամանակում լուծել ենք այդ հարցը։
– Վերջին կես տարում երկու անգամ այցելեցիք Հայաստան։ Պատմեք ձեր այցելություններից։
– Սեպտեմբեր ամսին եղա Հայաստանում և իմ մեջ ցանկություն առաջացավ այցելել Արցախի բազմաթիվ տեսարժան վայրեր, այդ թվում՝ հնադարյա եկեղեցիներն ու վանքերը, վայելել Արցախի սարերն ու ձորերը։ Հրաշալի ժամանակ անցկացրի Արցախում սեպտեմբերի 17-26-ը, որից հետո վերադարձանք Երևան, և արդեն հաջորդ օրը պատերազմը սկսվեց։
Այդ ժամանակ ես Հայաստանում մնացի մինչև հոկտեմբերի կեսեր։ Համաձայն էի նույնիսկ ինքս գնալ Արցախ որպես բուժքույր և շատ հարցերում օգտակար լինել տեղում, սակայն ավելի շատ Հայաստանում իմ կարիքը եղավ։ Անընդհատ լուր էինք ստանում, թե ինչեր են անհրաժեշտ զինվորներին՝ հագուստեղենից մինչև սնունդ և այլ պարագաներ, և մենք հիմնականում զբաղվում էինք դրանք Արցախ ուղարկելու կազմակերպչական գործերով։ Արդեն այս տարում ևս մեկ անգամ այցելեցի և հնարավորինս օգտակար եղա մեր վիրավոր զինվորներին։
– Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը Ձեզ պարգևատրեց «Փառապանծ մարտիկ» մեդալով։
– Ինձ նախորոք տեղյակ չէին պահել, որ նման մտադրություն ունեն, ինչը հաճելի անակնկալ եղավ ինձ համար։ Դա երախտագիտության նշան էր պատերազմի ընթացքում և դրանից հետո իմ ցուցաբերած օգնության համար, որի համար շնորհակալ եմ անձամբ Միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանին, որն ինձ հրավիրեց իրենց գրասենյակ և հանձնեց այդ շքանշանը։ Կարծում եմ՝ Սփյուռքում ապրող բոլոր հայերի պարտքն է լինել Մայր հայրենիքի կողքին ինչպես լավ, այնպես էլ հատկապես դժվար ժամանակներում։
Արսեն Արզումանյան