Հայերեն լեզվի դասավանդումը Բուխարեստում
Ինչպես արդեն գիտենք, 2006թ.-ից Հայոց միության շենքում անցկացվում են արևելահայերենի դասընթացներ։ Դասընթացներն անցկացնում է ուսուցչուհի Արշալույս Պարոնյանը, որը երկար տարիներ աշխատել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ իր համար հոգեհարազատ մի միջավայրում, երբ շուրջ բոլորը միայն դարերի պատմություն ունեցող հինավուրց գրքեր էին, պատմության մասունքներ։
Շատ մոտիկից ճանաչելով նրան՝ որոշեցի ներկա գտնվել ուսուցչուհու կիրակնօրյա դասերին։ Առաջին դասը բացառապես ռումինախոս երեխաների հետ հանդիպումն էր, երբ ուսուցչուհին ջերմությամբ յուրաքանչյուրին ընդունեց իր դասարանում։ Քիչ անց նա ստուգեց, թե որքանով են փոքրիկները հիշում նախորդ դասը։ Ապա Ա. Պարոնյանը գրատախտակի մոտ հրավիրեց երեխաներից յուրաքանչյուրին և ստուգեց արդեն սովորած հայերեն տառերը՝ ստուգելով միաժամանակ նաև նրանց ճիշտ արտասանությունը։ Տեսնելով, որ երեխաները լավ են պատրաստվել դասին ջերմ տոնով խրախուսում էր նրանց։ Ուսուցչուհին երեխաներին իրենց սովորած տառերով նոր բառեր էր թելադրում, իսկ նրանք թե՛ իրենց տետրերում և թե՛ գրատախտակին գրում էին այդ բառերը ու փորձում նաև վանկերի բաժանել և ճիշտ արտասանել։
Այնուհետև ուսուցչուհին անցած բառերով թելադրություն տվեց, որպեսզի ամրապնդեն և միաժամանակ կրկնեն անցած բառերը։ Ապա Ա. Պարոնյանը երեխաներին հիշեցրեց անցած տարբեր թեմաներ, ինչպես օրինակ՝ խանութում, գրախանութում, շուկայում, բժշկի մոտ, ուսուցչուհին փորձում էր նաև հարց ու պատասխանի միջոցով հետաքրքիր երկխոսություն կազմակերպել՝ ի՞նչ արժե, ի՞նչ ես ուզում գնել…։
2-րդ խումբը առաջին և երկրորդ դասարանցիներ են, որոնք խոսում են հայերեն և երկրորդ տարին է, որ հաճախում են դպրոց։ Այս դասարանում է սովորում ռումինահայ համայնքին քաջածանոթ, բոլորի կողմից շատ սիրված Դավիթ Քարամյանը, որ յուրաքանչյուր հանդեսի ներկայանում է հայրենասիրական իր խրոխտ բանաստեղծություններով։ Երեխաներին, որպես տնային աշխատանք հանձնարարված էր «Գարուն» թեմայով մի շարադրություն։ Պարզեցի, որ երեխաները առաջին անգամ էին շարադրություն գրում։ Հետո երեխաները կարդացին իրենց հանձնարարված դասը՝ հայկական հեքիաթներ վերնագրով, իսկ ուսուցչուհին հարցրեց, թե ի՞նչ են սովորեցնում մեզ հեքիաթները։ Դավիթը բացատրեց, որ հեքիաթներն ունեն դաստիարակչական նշանակություն, հեքիաթները սովորեցնում են լինել բարի, ընկերասեր, հնարամիտ, օգնել կարիքի մեջ ընկածին։ Հայկական հեքիաթներում միշտ հաղթում է բարին և ճշմարիտը։ Հետո երեխաները կատարեցին քերականական վարժություններ և թելադրություն գրեցին։ Այնուհետև ուսուցչուհին պատմեց Տաթևի վանքի ժայռափոր գաղտնարանների մասին, որտեղ թաքցնում էին ձեռագրերը, որպեսզի դրանք չանցնեն թշնամու ձեռքը և չհրկիզվեն։ Դավիթը այդ պահին ուսուցչուհուն հարցրեց, թե ինչու՞ են այրում ձեռագրերը։ Ա. Պարոնյանը բացատրեց, որ այրելով ձեռագրերը, ավերելով մշակութային կոթողները նրանք վերացնում են նաև տվյալ ազգի պատմությունը, որ այն չհասնի ապագա սերունդներին։ Այնուհետև ուսուցչուհին տնային աշխատանք հանձնարարեց աշակերտներին։
3-րդ խմբի տղաները, որ այսօր 10-րդ դասարանում են, դասընթացներին սկսել են հաճախել դեռևս 2-րդ դասարանից։ Նրանք կարդացին ու հակիրճ պատմեցին ուսուցչուհու պատրաստած՝ Մեսրոպ Մաշտոցի մասին նյութը, իսկ նախկին դասին ուսուցչուհին պատմել էր Մովսես Խորենացու, հայ ոսկեդարի մասին, որի կարկառուն դեմքերն էին Մեսրոպ Մաշտոցն ու Մովսես Խորենացին։ Այնուհետև ուսուցչուհին պատմեց հայ առասպելաբանության մասին, թելադրեց Հայկի և Բելի առասպելը՝ ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքի։ Յուրաքանչյուր դասի ուսուցչուհին պատմության և քաղաքակրթության, մշակույթի հետ կապված թեմաներ է թելադրում (մոտ 2-3 էջ) ու պահանջում պատմել։ Այսպիսով լինում է թե՛ հայոց լեզվի դաս, թե՛ պատմության։
Աշակերտների այս խմբում են սովորում նաև Կապլանյան Հարութն ու Հովակիմյան Արտակը, որոնց մենք ամեն կիրակի տեսնում ենք կիրակնօրյա պատարագին խորանի վրա։ Նրանք միաժամանակ նաև «Վարդավառ» պարախմբի ակտիվ մասնակիցներ են։
Կիրակնօրյա բոլոր 3 խմբերի դասերին ներկա լինելով հասկացա, որ ուսուցչուհի Ա. Պարոնյանի բոլոր դասերն էլ անցնում են շատ հետաքրքիր, և երեխաները մեծ ուշադրությամբ հետևում են իրենց սիրելի ուսուցչուհու ասածներին։ 2-րդ և 3-րդ խմբի երեխաները, լինելով տարիքով ավելի հասուն աշակերտներ, հաճախ հետաքրքիր հարցեր էին ուղղում ուսուցչուհուն և ստանում իրենց համար լիարժեք պատասխաններ։ Ամբողջ դասը երեխաների համար անցնում էր չափազանց հետաքրքիր ու դասի ավարտին կարծես երեխաներից ոչ-ոք չէր ուզում հեռանալ դասարանից։ Ես նույնպես հասկացա, որ իսկապես ուսուցչ. Պարոնյանը հենց այն կատարյալ ուսուցչուհին է, որին կցանկանար ունենալ դասարանի յուրաքանչյուր աշակերտ և, ինչու՞ չէ, նաև յուրաքանչյուր ծնող։
Դասերից հետո որոշ հարցեր ուղղեցի ուսուցչուհուն.
Շատ լավ ճանաչելով ձեզ, նաև որպես ուսուցչուհու, կխնդրեի մի քանի խոսքով պատմել, թե ինչպե՞ս որոշեցիք կազմակերպել արևելահայերենի դասընթացներ։
Երբ մշտական բնակություն հաստատեցի Ռումինիայում, մի քանի տարի շարունակ «Նոր Կյանք» թերթում մի շարք հոդվածներ ներկայացրի հատկապես հին ձեռագրերի ստեղծման ու դրանց պատմության մասին։ Շուտով հասկացա, որ լեզվին չտիրապետելու պատճառով ընթերցողներ չունենք։ Նկատեցի նաև, որ այնուամենայնիվ Հայաստանից գաղթած ընտանիքների երեխաները խոսում են հայերեն, բայց գրել կարդալ ոչ ոք չգիտի ու որոշեցի այդ գործը վերցնել ինձ վրա։ 2006թ.-ին հավաքեցի առաջին խումբը։ Հետագայում ձևավորվեց երեք խումբ ու մինչ այսօր այդպես էլ աշխատում ենք։ Իսկ 2022թ.-ին առաջին անգամ կարողացա հավաքել 7-12 տարեկան երեխաների մի խումբ, որոնք բացարձակ չէին խոսում հայերեն, դրանք խառն ամուսնություններից սերված երեխաներն էին։ Առաջին տարին աշխատեցինք զուտ բառապաշարը զարգացնելու վրա։ Քանի որ համապատասխան գրքեր չկային, տարբեր թեմաներով փոքրիկ տեքստեր էի կազմում ու բոլորի մասնակցությամբ երկխոսություններով դրանք սովորեցնում։ Այս տարի անցել ենք տառաճանաչությանը (այսինքն այբբենարանին)։ Նրանք արդեն սովորել են 12-13 տառ, բավականաչափ բառեր ու նույնիսկ կարողանում են փոքրիկ թելադրություններ գրել։
Դասավանդելու համար ի՞նչ ձեռնարկներից, նյութերից եք օգտվում:
Դասագրքերը ստանում ենք Հայաստանից, սակայն դրանք միշտ չէ, որ կարող են բավարարել մեր պահանջները, քանի որ Հայաստանում ու արտերկրում ծնված ու ապրող երեխաների լեզվական կարողությունները շատ տարբեր են։ Հաճախ ինքս եմ պատրաստում նյութը և հատկապես հայոց պատմության, քաղաքակրթության, պատմության կամ մշակույթի վերաբերյալ՝ հաշվի առնելով երեխաների լեզվական ու իմացական կարողությունները։
Հատկապես ի՞նչ թեմաներ են առավել հետաքրքրում աշակերտներին:
Թե՛ մեծերին և թե՛ փոքրերին միանշանակ հետաքրքրում են տեղեկություններ Հայաստանի մասին՝ լինի դա պատմություն, մշակույթ, ավանդություններ։ Այս նյութերը պատրաստելիս աշխատում եմ, որ դրանք չլինեն զուտ պատմական թվերի վրա հիմնված տվյալներ, այլ դրանց հետ կապված նաև հետաքրքիր պատմություններ։ Նման նյութերը ավելի գրավիչ են իրենց համար, երբեմն նույնիսկ իրենք են հուշում կամ հետաքրքրվում այս կամ այլ թեմայով։
Երկար տարիների ընթացքում ուսուցչուհին իր աշակերտներին շատ հետաքրքիր տեղեկություններ է փոխանցել տարբեր դարաշրջանների հայոց պատմության, մշակույթի ու քաղաքակրթության պատմության վերաբերյալ թեմաներով՝ սկսած հեթանոսական դարաշրջանից, Ուրարտու հին հայկական պետության պատմությունից։ Անդրադարձել է մի շարք հայտնի հին մայրաքաղաքների պատմությանը՝ Էրեբունի, Անի, Վան, Տիգրանակերտ, Դվին, ինչպես նաև որոշ հայ արքաների կյանքին վերաբերող նյութերի՝ օրինակ Տիգրան Մեծ արքայից արքայի պատմությանը։ Մեծ տեղ է հատկացվել հայ գրերի գյուտի ստեղծման ու դրա հետ կապված ձեռագրերի պատմությանը, գրչության կենտրոնների, մանրանկարիչների ու գրիչների մասին` ձեռագրերի ճակատագրի հետ կապված հետաքրքիր տեղեկություններով։ Ծանոթացրել է ոսկեդարի ու միջնադարյան մտածողներին՝ Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Ագաթանգեղոս…
Ուսուցչուհու աչքից չեն վրիպել նաև հայտնի ճարտարապետական կոթողների հետ կապված թեմաները՝ Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք, Տաթևի համալիրը իր օրորվող սյունով, Էջմիածնի մայր տաճարը, Խոր վիրապ և այլն։
Ա. Պարոնյանը կարողանում է սիրով ու ջանասիրությամբ իր հարուստ գիտելիքներն ու խոհերը փոխանցել իր սիրելի սաներին։ Երեխաները մշտապես սպասում են հանդիպելու իրենց սիրելի ուսուցչուհուն ու նրանից լսելու նոր, գեղեցիկ պատմություններ հայոց լեզվի և գրականության մասին, որն էլ խթանում է երեխաների ու ուսուցչուհու միջև եղած ջերմ հարաբերությունները, որից շահում է թե՛ ուսուցիչը և թե՛ աշակերտը։
Ինչպես արդեն նշել եմ, Ա. Պարոնյանը շուրջ 30 տարի աշխատել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ 90-ական թվականներին կազմակերպել և ղեկավարել է Հայաստանի հանրապետության նախագահական գրադարանը։ 2002թ.-ին Ռումինիա տեղափոխվելուց հետո, շուրջ 10 տարի աշխատել է Վիկտորիա և Հովսեփ Դուդյան թանգարանում և գրադարանում։ Այստեղ շարունակելով իր հիմնական մասնագիտությունը, նա իր պատկառելի լուման ներդրեց հատկապես հայ հնատիպ գրքի հավաքածուի գրանցման ու մանրակրկիտ նկարագրության գործում։ Ա. Պարոնյանը մեր հանրությանը ներկայացրել է նաև մի շարք հոդվածներ ձեռագրերի, հնատիպ գրքերի ու դրանց պատմության վերաբերյալ, որոնք հրատարակվել են «Նոր կյանք» և «Ararat» ամսագրերում։
Մադլեն ՏԵՐ-ՂՈՒԿԱՍՅԱՆ